Ինչպես հայհոյել նախկիններին` առանց խախտելու քրեական օրենսգիրքը
Նախկին վարչապետին ու կառավարությանը ճանապարհ դնելով՝ իշխող քաղաքական թիմը հայտարարեց, որ չեն վատաբանելու նրան ու նրա գործունեությունը։ Հակառակը՝ շարունակելու են նրանց սկիզբ դրած բարեփոխումները:
Սակայն արդեն իսկ կատարվել և կատարվում են որոշ քայլեր, որոնք, մեղմ ասած, հայհոյանք են նախկին կառավարության հասցեին։ Հայհոյում են ոչ թե խոսքերով, այլ գործողություններով՝ չեղյալ դարձնելով նախորդ կառավարության նախաձեռնություններն ու իմաստազրկելով այն փաստարկները, որոնք պաշտպանում էր նույն ՀՀԿ-ն։
Եվ այսպես, նոր վարչապետը՝ Հովիկ Աբրահամյանը, սկսեց կուտակայինից։ Ճիշտ է, քչերն են հավատում, որ պարտադիր բաղադրիչը կհանվի, սակայն Հովիկ Աբրահամյանը կասեցրեց վճարումներ չկատարելու դեպքում տուգանքների հաշվարկը։ Այսինքն՝ դե ֆակտո կասեցրեց պարտադիր բաղադրիչը։ Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունը կտրականապես հրաժարվում էր քննարկել օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկը։
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը վերացրեց շքեղության հարկը՝ փոփոխություններ կատարելով ակցիզային հարկի մասին օրենսդրության մեջ։ Այն, հիշեցնենք, արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից։
Սակայն սա դեռ ամենը չէ։
Կառավարությունը հավանության է արժանացրել և Ազգային ժողով ուղարկել «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխությունների մի նախագիծ, որով խոշոր կազմակերպությունների համար հանվում է նրանց ֆինանսական հաշվետվությունները պարտադիր աուդիտի ենթարկելու պահանջը: Այս փոփոխության վերաբերյալ արդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան։ Հարցը քննարկելով աուդիտորական և հաշվապահական ընկերությունների հետ՝ ասոցիացիան եկել է այն եզրակացության, որ նախագծի ընդունմամբ կտրուկ հետընթաց է կատարվում հաշվապահության և աուդիտի ոլորտի պետական քաղաքականության մեջ:
Հաշվապահների և աուդիտորների մտահոգությունը տեղին է, թեպետ ունի կողմնակալության տարրեր։ Այսինքն՝ պարտադիր աուդիտի պահանջը հանելու դեպքում աուդիտորական ընկերություններից շատերը պարզապես կարող են փակվել՝ պահանջարկի բացակայության պատճառով։ Սակայն խնդիրն այս դեպքում այն չէ՝ որքանով է ճիշտ կամ սխալ պարտադիր աուդիտը։
Խնդիրը նախկին և ներկա կառավարությունների գաղափարախոսության տարբերությունն է։ Տնտեսությամբ հետաքրքրվողները հիշում են, թե նախկին կառավարությունը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ինչ ոգևորությամբ էր խոսում այս պահանջի մասին, ինչպես էր հիմնավորում, որ այն խոշոր բիզնեսը կդարձնի ավելի թափանցիկ և հաշվետու։
Հիմա պարզվում է՝ այդ փաստարկները փուչիկ էին։
Ինչպես Տիգրան Սարգսյանն էր նախկին կառավարությանը մեղադրում շինարարական փուչիկ փչելու մեջ, այնպես էլ Հովիկ Աբրահամյանն է Տիգրան Սարգսյանին մեղադրում ֆինանսական փուչիկներ փչելու մեջ։ Ոչ թե բառերով, այլ գործողություններով՝ ֆինանսական ոլորտին վերաբերող նախկին նախաձեռնությունները չեղյալ հայտարարելով։ Այլ կերպ ասած, Հովիկ Աբրահամյանն այժմ ասեղը վերցրել է ձեռքն ու ինտենսիվ ծակում է փուչիկ հիշեցնող ամեն ինչ, որը ստեղծվել է նախկին կառավարության օրոք։ Ամենահետաքրքիրն այն է, որ կողքից փոքր ասեղներով ծափ են տալիս այն մարդիկ, ովքեր նույնպես մասնակցել են այդ «փուչիկների» փչմանը։