Փոքր բիզնեսի 60-70%-ը կվերանա. Տնտեսագետը՝ կառավարության նոր նախաձեռնության մասին
2013թ. Հայաստանում սկսեց գործել շրջանառության հարկը, որի հեղինակները դրա ներդրումը հիմանվորում էին փոքր բիզնեսի համար առավել պարզեցված հաշվառում սահմանելու և փաստաթղթավորման խնդիրը վերացնելու հանգամանքով: Թեև պաշտոնյաները պնդում էին, որ շրջանառության հարկը կթեթևացնի փոքր բիզնեսի կյանքը և ունի բազում մեղմացումներ, սակայն գործարարները հակառակն էին պնդում՝ 3.5% շրջանառության հարկը զգալի ծանրացրեց հարկային բեռը: Օրինակ՝ ամսական 4.4 մլն դրամ (տարեկան 52.8 մլն դրամ) իրացում ունեցող խանութի դեպքում՝ ծախսերի փաստաթղթավորում ունեցող հարկ վճարողը շրջանառության հարկի ներդրման դեպքում 2013թ. վճարեց առնվազն 7 անգամ ավելի շատ հարկ, քան պետք է վճարեր մինչև շրջանառության հարկի ներդրումը:
Այժմ ՀՀ կառավարությունը շրջանառության հարկի նոր փոփոխություններ է մշակել և պնդում է, որ դրանք «էապես» կթեթևացնեն փոքր բիզնեսի հոգսը: Նոր օրինագիծն ուղարկվել է բիզնեսին, հասարական կազմակերպություններին ու նախարարություններին՝ կարծիքների համար: Դրանով առաջարկվում է շրջանառության հարկը սահմանել 1% այն ձեռնարկությունների համար, որոնք պարտադիր կերպով կապահովեն 100%-անոց փաստաթղթավորում: Օրինակ՝ առևտրային կրպակն իր ունեցած յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենա փաստաթուղթ: Այս պայմանն ապահովելու դեպքում մինչև 10 մլն շրջանառություն ուենցողները կազատվեն հարկից: Սակայն միաժամանակ ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն դրամից իջեցվելու է 30 մլն դրամի:
Տնտեսագետ Գևորգ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկվող փոփոխությունները բողոքի շատ մեծ ալիք են բարձրացրել. «Քննարկվող նախագծով կառավարությունը փաստաթղթավորման խնդիրն է փորձում լուծել՝ փոքրի վրա դնելով այդ բեռը, ինչը շատ լուրջ խնդիր է: Բոլորս լավ ծանոթ ենք, որ խոշորը մեծամասամբ ապրանքի հետ փաստաթուղթ չի տալիս: Մինչև 10 մլն շրջանառություն ունեցողին հարկից ազատելու առաջարկը լուրջ քայլ է դառնում պետության կողմից, բայց քանի որ նույն նախագծով սահմանվում է փաստաթղթավորման սկզբունքը, դա դարական ազդեցություն չի ունենա, ամբողջովին բացասական կլինի, որովհետև եթե փաստթղթավորման խախտում գտնեն ձեռնարկություններում, ապա դրանք ԱԱՀ դաշտ կանցնեն, իսկ դա նշանակում է, որ փոքր բիզնեսի 60-70%-ը կվերանա»:
Ըստ նրա՝ խոշոր բիզնեսի վրա այս օրինագիծն առանձնապես չի ազդի և չի նպաստի, որպեսզի խոշորն անհանգստանա իր «փոքր» գործընկերներին կորցնելու սպառնալիքից ու դուրս գա ստվերից, սկսի փաստաթուղթ տրամադրել. «Այսօր խոշորի խնդիրը մատակարարումները չեն, փոքրի վերացման դեպքում կարող է հայտնվել մեկ այլ խոշոր ընկերություն, որը կզբաղվի նաև մատակարարումներով: Խոսքը հիմանականում առաջնային սպառման ապրանքների մասին է, որի սպառումը չի կարող կրճատվել միայն փաստաթղթերի պատճառով: Խոշորն այսօր հնարավորություն ունի ներմուծելու խեղաթյուրված թվերով, խեղաթյուրված ապրանքի անվան տակ, նրան ոչինչ չի անհանգստացնում»:
Գ.Պողոսյանը հայտնեց, որ նախատեսվում է վարչապետի մոտ խորհրդակցություն կազմակերպել, որտեղ լսելի կլինի նաև փոքր բիզնեսի ձայնը, սակայն եթե դա արդյունք չտա և այնուամենայնիվ օրինագիծն արագացված ձևով ընդունեն, ապա արդեն այս տարվա հուլիսի 1-ից կարող է փոփոխություններն ուժի մեջ մտնեն: