Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում. Տնտեսագետը՝ նոր կառավարության մասին
Մայիսի 3-ին լրացավ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետը, երբ ՀՀ վարչապետի նշանակումից հետո պետք է ձևավորվի կառավարությունը: Գործադիրի կազմն արդեն հայտնի է, նաև որոշակի վերակազմավորում տեղի ուենցավ՝ ՊԵԿ-ը միացվեց ֆինանսների նախարարությանը: Տնտեսական հատվածի բոլոր նոր նշանակված նախարարները ծանոթ են հանրությանը, և նախկինում արդեն ղեկավարել են տարբեր գերատեսչություններ:
168.am-ի հետ զրույցում գնահատելով այս վերանշանակումներն ու վերակազմավորումը՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի գործադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանը նշեց, որ նոր կազմից առանձնապես սպասելիքներ չկան, քանի որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:
«Ես չեմ հասկանում, ճիշտն ասած, ո’չ նշանակումների իմաստը, ո’չ որևէ ռազմավարություն եմ տեսնում, դրա համար էլ որևէ սպասելիք չունեմ: Ինձ բնավ դուր չեկավ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միաձուլումը, որովհետև ստացվում է, որ այդ նախարարությունն ինքը և’ հավաքում է հանրային ֆինասները, և’ ծախսում դրանք: Վերահսկողական մեխանիզմներն այդ պարագայում սակավ արդյունավետ են դառնում»,- ասաց Հ.Մանասյանը:
Դիտարկմանը, որ այդ 2 գերատեսչությունների միավորման կողմնակիցների կարծիքով այսուհետ մի ձեռքը կիմանա մյուսն ինչ է անում, ֆինանսների նախարարության համար հասանելի կլինի եկամուտների հավաքագրման ընթացիկ իրավիճակը և այլն, Հ.Մանասյանը պատասխանեց, որ դա նախկինում էլ կարող էին իմանալ, եթե միմյանց հետ գործակցեին: Ըստ նրա՝ կա նաև անձերի խնդիր, ոչ միայն ինստիտուտների: Հ.Մանասյանը հիշեցրեց, որ նախկինում նախարարությունն ու ՊԵԿ-ը միասնական էին, հետո անջատեցին հենց այն տրամաբանությամբ, որ եկամուտները հավաքագրելու համար պատասխանատու կառույցը պատասխանատվություն չկրի ծախսելու համար, և հակառակը, ինչպես նաև մեկը մյուսի առաջ հաշվետվու լինելու խնդիր դրվեց:
Հ.Մանասյանի կարծիքով՝ շատ բան կախված է մարդկանցից. «Այն մարդիկ, որ հիմա նշանակվել են, նրանք տարբեր պաշտոններ են զբաղեցրել ժամանակին և չենք կարող ասել, որ արտառոց արդյունքներ են ցուցադրել: Նոր թիմ չի ձևավորվել, նոր լիդեր չկա, որին քաղաքական դաշտում մինչ այդ չէինք տեսել»:
Հարցին՝ արդյոք այս իրավիճակը նշանակո՞ւմ է, որ կադրերի սղության խնդիր կա Հ.Մանասյանը պատասխանեց. «Այո, կադրերի սղության խնդիր ունենք, եթե մասնագիտական որակների հետ նաև կուսակցական պատկանելության պահանջներ են առաջադրվում: Այլապես կառավարչական բացառիկ հմտություններ ունեցող ոչ քիչ թվով բարձրակարգ մասնագետներ կան, նաև դրսում ուսանած, որ պատրաստակամ են գործելու, եթե հրավեր ստանան»:
Կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ ռացիոնալ տնտեսական քաղաքականություն վարելու համար պարտադիր չէ, որ կառավարության անդամները հարեն կամ անդամակցեն առաջատար քաղաքական կուսակցությանը, ավելին` մեր իրողություններում կառավարության քաղաքականացումը մեծապես սահմանափակում է գործողությունների ազատությունը. «Տնտեսության պետական կարգավորումը պետք է լինի մասնագիտական գործընթաց, արտաքին ազդակներին ու ներքին սոցիալ-տնտեսական ու քաղաքական զարգացումներին հետևող և, իհարկե, հաշվետու, թափանցիկ, որը սերտորեն համագործակցում է օրենսդիր մարմնի՝ ԱԺ-ի հետ: Այդ պարագայում, թերևս, կհաջողվեր ժամանակին բացահայտել ու շտկել դեռևս 2005թ-ից կառավարության կողմից շրջանառության մեջ դրված և 2010 թ-ին ԱԺ-ի կողմից ընդունված կենսաթոշակային բարեփոխումների օրենքի բացերը ու սահմանադրորեն խոցելի լինելը: Հիմա ի՞նչ սպասելիք կարելի է ունենալ այն կառավարությունից, որը կոնցեպցիա դեռ չի հռչակել: Գուցե ինչ-որ սուպերծրագիր կա, որի մասին ես դեռ չեմ լսել, և որը շրջադարձային կդառնար ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար: Շատ կուզենայի, որ այդպես լիներ, քանի որ մեր ժողովուրդն արժանի է շատ ավելի բարեկեցիկ կյանքի»:
Լուսանկարը՝ Մեդիամաքսի