Միկոյանի արձանի հայտնվելը Երևանում կնշանակի՝ քաղաքական որևէ հիմնավորմամբ կարելի է կոտորել սեփական ժողովրդին. «ՀԺ»
«ՀԺ»-ն իր այսօրվա խմբագրականում գրում է. «1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո Երևանի քաղաքապետարանում կայացվել է որոշում Երևանի Մաշտոցի պողոտայում Կարեն Դեմիրճյանի արձանը տեղադրելու մասին։
Անցել է 14 տարի, սակայն այդ որոշումն այդպես էլ կյանքի չի կոչվել Երևանի քաղաքապետարանի տարբեր չինովնիկների տարբեր ժամանակներում տրված պատասխաններից դժվար է հասկանալ, թե ինչն է որոշումն իրականության չդարձնելու պատճառը։ Փաստն այն է, որ 14 տարի արձանը չի տեղադրվում, և 14 տարին բավարար ժամկետ էր նմանատիպ մի քանի արձաններ տեղադրելու համար։
Իսկ, որ Կարեն Դեմիրճյանի արձանը պետք է լինի Երևանում, դրանում որևէ կասկած լինել չի կարող, որովհետև Դեմիրճյանն այն մարդկանցից է, ով ուղղակի և հսկայական մասնակցության և ներդրում է ունեցել ժամանակակից Երևանի ոգին ու կոլորիտը ձևավորելու գործում։
Դեմիրճյանը նաև հսկայական անձնական ներդրում է ունեցել 70–60-ականների հայ մշակույթի աննախադեպ վերելքի գործում, որովհետև հայ մտավորականության մեկենասի ու հովանավորի դեր էր կատարում և դա անում էր սիրով ու արդյունավետ։
Թեմային անդրադառնամ ենք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Անաստաս Միկոյանի արձանը Հայաստանի մայրաքաղաքում տեղադրելու Երևանի քաղաքային իշխանությունների որոշման կապակցությամբ։
Այդ որոշումը ընդվզում է առաջացրել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչու պետք է մեր մայրաքաղաքում լինի Ստալինյան մարդասպան համակարգի կարկառուն ներկայացուցչի արձանը, ով տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց գնդակահարելու որոշումներ է կայացրել։ Մարդու, ով պատասխանատու է նաև Չարենցի, Բակունցի, մյուս նահատակների սպանության համար։
Այս պատմությունը, հիրավի, սովորական հարց չէ, այլ արժեհամակարգերի սկզբունքների պայքար։ Կա տեսակետ, որ մենք պետք է հպարտանանք, որ Սանահինցի հայը հասել է պետական բարձրագույն պաշտոնների, Երկիր մոլորակի ճակատագիրը որոշող մարդկանց տասնյակում է եղել։ Բայց մյուս կողմից ինչպե՞ս կարող է ցեղասպանություն տեսած ժողովուրդը հպարտանալ իր մի ներկայացուցիչով, ով, օրինակ, մասնակցել է ավելի քան 20 հազար լեհ սպաների կոտորածին Կատինում. այդ կոտորածի հրամանը ստորագրած չորս անձանցից մեկն է եղել։
Ի վերջո, ինչպե՞ս կարձագանքեինք մենք, եթե թուրքերը որոշեին Թալեաթի արձանը տեղադրեն Անկարայում կամ Ստամբուլում։ Սիկոյանը, իհարկե, Թալեաթի մասշտաբի մարդասպան չէ, բայց նրա արձանը տեղադրելով ի՞նչ պատասխան ենք մենք տալու նրա հրամանով գնդակահարված հազարավոր հայերի, հայաստանցիների, ովքեր Չարենցի նման համարվել են հակասովետական և գնդակահարվել։
Սա արձանի հարց չէ, սա արժեհամակարգի հարց է. կարելի՞ է արդյոք քաղաքական որևէ հիմնավորմամբ կոտորել սեփական ժողովրդին։ Միկոյանի արձանի հայտնվելը Երևանում կնշանակի՝ կարելի է և սա զարմանաք չի լինի չէ՞ որ արձանի տեղադրման որոշումը կայացրել են 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործ իշխանությանը և նրանց քաղաքական ժառանգները»։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։