Բորիս Նեմցով. Պուտինի բոլոր հրահանգները ՀՀ ներկայիս ղեկավարությունն իրականացնում է առանց հակաճառելու. 1in.am
«Առաջին լրատվական»-ը Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականության, եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների և հետխորհրդային տարածքում ընթացող զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության շուրջ զրուցել է ՌԴ կառավարության նախկին անդամ, 1997-1998թթ. ՌԴ առաջին փոխվարչապետ, ներկայում ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ընդդիմախոս Բորիս Նեմցովի հետ
–-Հետխորհրդային երկրներում՝ բացառությամբ մի քանիսի, գործում են իշխանիկների ռեժիմներ, որոնք նույնիսկ ընդդիմադիր գործիչների համար քաղաքական դաշտն են դարձնում անհասանելի, որի արդյունքում այսօր Բելառուսում գոյություն չունի ընդդիմություն, Ղազախստանում՝ ևս, Ռուսաստանում այդ գործիչները կարծես ետ են մղված քաղաքական դաշտից: Այս երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մնացել են փոքրաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Միգուցե այս ռեժիմների դեմ պայքարում բոլոր այս երկրների փոքրաթիվ դեմքերը պետք է միավորվեն և միասնակա՞ն պայքարեն:
– Սկզբունքորեն համագործակցությունը և միասնական պայքարը օգտավետ են և միգուցե կառուցողական, բայց պետք է հասկանալ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները դիկտատորական երկրներում վերածվում են դիսիդենտների, այսինքն՝ դիսիդենտները պայքարում էին ազատության համար, նրանք պայքարում էին ժողովրդավարության համար, բայց նրանք որևէ կերպ ազդեցություն չէին ունենում ընթացող քաղաքական գործընթացների վրա: Այս իմաստով քաղբանտարկյալների ազատության համար պայքարը, և ոչ միայն Ռուսաստանում, այլև Բելառուսում, Հայաստանում և այլն, անկասկած, գործ է, որը բոլորին պետք է միավորի: Բայց, բնականաբար, յուրաքանչյուր երկիր իր խնդիրներն ունի, յուրաքանչյուր երկրում մարդիկ պայքարում են իրենց Պուտինի դեմ, յուրաքանչյուրը պայքարում է իր Լուկաշենկոյի դեմ, իր Նազարբաևի դեմ: Ուստի այս դեպքում իրար խորհուրդ տալն ավելորդ է, բոլորն էլ գիտեն՝ ինչպես իրենց դրսևորել: Այլ հարց է, որ կարելի է պայքարել քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
– Հայաստանում հասարակության մի մեծ հատված ու ժողովրդավարական արժեքներին ձգտող գործիչներ ցավով ընդունեցին ՄՄ-ին միանալու որոշումը: Սակայն տեսնելով Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայում՝ շատերը սկսեցին մտածել, որ արդարացված էր այդ որոշումը և նվազագույնն էր, որ Հայաստանը պետք է ու կարող էր անել: Եղավ նաև Հայաստանի քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որը Դուք քննադատեցիք: Ի՞նչ կարող էր անել Հայաստանը, որպեսզի չարժանանար Ուկրաինայի ճակատագրին և պատվով ներկայանար աշխարհին, շարունակեր բանակցությունները ԵՄ-ի հետ:
– Հայաստանը մանևրելու մեծ դաշտ չունի: Հայաստանյան տնտեսությունը կապված է և կախված ռուսական տնտեսությունից, Հայաստանն աշխարհագրորեն կտրված է հզոր երկրների շուկաներից, ուստի, մեծ հաշվով, ընտրության հնարավորությունը մեծ չէ, և կարելի է միայն ցավակցել:
Գիտե՞ք, ինձ համար դժվար է խորհուրդներ տալ, այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ ավտորիտարիզմի ուղին ինքն իրենով որևէ երկրի չի կարող հաջողություն բերել, առավել ևս, երբ ռուսական դիկտատուրան ամենագարշելին է. այստեղ բացառված է իշխանության փոփոխությունը, մի թալանչի խումբը պահում է երկիրն այս վիճակում: Այս ավտորիտարիզմը չի կարող համեմատվել նաև Չինաստանի ավտորիտարիզմի հետ: Այստեղ իշխանություն չի փոխվում, որը զարգացման գրավականներից մեկն է: Պուտինը ընտրել է երկրի կառավարման ամենավատ համակարգը, որն իրեն է հարմար, բայց երկիրը տանում է կործանման:
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Հայաստանն այս իմաստով ընդամենը պուտինիզմի արբանյակն է, որն ընտրության հնարավորություն չունի, ուստի ինձ համար բարդ է խորհուրդներ տալ, թե ինչպես դուրս գալ Պուտինի խնամակալությունից, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է գոյատևել շրջափակման պայմաններում: Հայերն ամեն դեպքում խելացի են, ուստի կարծում եմ, որ իդեալական տարբերակը կլինի հայկական Ֆինլանդիան: Եթե հայերին հաջողվի դա անել, այսինքն՝ ներքին քաղաքականություն վարել, բարեփոխումներ իրականացնել, ժողովրդավարություն զարգացնել և չվիճել Պուտինի հետ: Բայց, իհարկե, դա պետք է լինի հենց հայերի որոշումը: Հիշո՞ւմ եք, նրանք խորհրդային բլոկում էին, բայց միշտ եղել են Եվրոպայի հետ՝ զարգացնելով ժողովրդավարությունը: Զարգացման այս մոդելը կապահովի և ներքին զարգացումը, և կվերացնի արտաքին սպառնալիքները, այսինքն՝ բռնակցումները, ներխուժումները և նման բիրտ գործողությունները Ռուսաստանի կողմից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: