«Հարազատ թշնամին» կշարունակվի մինչև 2018 թվականը
Հովիկ Աբրահամյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձևավորված է: Դրան նոր որակում տալը մոտավորապես կլինի նույնը, որ հերթական կեղծված ընտրություններից հետո ձևավորված իշխանությունը համարենք նոր: Այսինքն՝ իրականում կառավարության փոփոխությամբ տեղի ունեցավ ոչ թե կադրերի, քաղաքականության, մոտեցումների, աշխարհայացքի և էլի նման բաների փոփոխություն, թարմացում, այլ ճիշտ հակառակը՝ կատարվեց «վերադարձ՝ ի շրջանս յուր»: Ամբողջ հարցն այն է, թե որոնք են «յուր»-ի շրջանակները, ավելի պարզ ասած՝ նոր կառավարությունը գործող նախագահ Սերժ Սարգսյանի՞ «յուր»-ն է, թե՞ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանինը:
Առաջին՝ մակերեսային տպավորությունները, որ թողնում են նոր նախարարների անունները, վկայում են երկրորդի մասին, իմա՝ որ նոր կառավարությունը կազմվել է առաջին հերթին ու գրեթե ամբողջությամբ երկրորդ նախագահի յուրայիններից: Արդյո՞ք դա այդպես է իրականում:
Բազմաթիվ առիթներ ունեցել ենք արձանագրելու, որ եթե իրականում տեղի է ունեցել այն, ինչը թվում է առաջին հայացքից, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ են մաս կազմել կառավարությանը, նշանակում է՝ Սերժ Սարգսյանի կողմից իշխանության հանձնում, գրեթե կապիտուլյացիոն հանձնում:
Սակայն իշխանության հանձնումը պետք է ունենա նաև այլ ախտանիշեր, դրսևորումներ, որոնք իշխանության ներկայիս համակարգում ամբողջովին բացակայում են. չկա խուճապ, չկա այն, ինչն ընդունված է անվանել առնետավազք, հակառակը՝ իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցույց է տալիս, որ վերջին փոփոխություններով ոչ թե թուլացավ, այլ ավելի ամրապնդվեց: Ցույց է տալիս ոչ թե ցույց տալու ու իրականությունը թաքցնելու համար, այլ, ըստ ամենայնի, արտահայտելով իրականությունը:
Հովիկ Աբրահամյանի կաբինետի անդամների միջև «քոչարյանական-սարգսյանական» ջրբաժան անցկացնելը, մեղմ ասած, սխալ է և նշանակում է՝ տուրք տալ իշխանության (գործող և նախկին) նետած խայծերին ու թեժացնել արհեստական ինտրիգը, որի վարագույրների հետևում իշխանությունը (գործող և նախկին) կատարում է այդ իշխանությունը պահպանելուն ուղղված քայլեր: Երկարաժամկետ քայլեր: Այսինքն՝ իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի կադրն է, և Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի կադրն է:
Իշխանությունը, այն տեսքով, որը հնարավորություն էր տալու գրեթե հավերժացնել այն՝ փոխադարձ «փոխանցումներով», նրանք վերցրել են միասին՝ 1998 թվականին: Ընդ որում, դա տեղի է ունեցել այնպիսի հայտնի պայմաններում, որ պալատական հեղաշրջումը չէր կայանա առանց Սերժ Սարգսյանի մասնակցության, ինչպես որ չէր կայանա, եթե դրան չմասնակցեր Ռոբերտ Քոչարյանը:
Վերջինիս նախագահությունը հնարավոր է եղել 10 տարի պահպանել առավելապես Սերժ Սարգսյանի աջակցությամբ, ինչպես որ Սերժ Սարգսյանն է նախագահ դարձել Ռոբերտ Քոչարյանի առաջադրմամբ ու աջակցությամբ:
Այսինքն՝ Քոչարյանի ու Սարգսյանի միջև կա այնպիսի օրգանական-քաղաքական կապ, որը որևէ կերպ հնարավոր չէ խզել: Եթե շատ ընդհանրացված ներկայացնենք այդ կապի արժեքը նրանց համար, ապա իրար դեմ պայքարի դեպքում նրանք շատ ավելին կկորցնեն, քան կարող են շահել մեկը մյուսին ասպարեզից մեկուսացնելու պարագայում:
Հետևաբար՝ յուրային-ոչ յուրային տարանջատման մեջ, թերևս, մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները հավասարապես մեկը մյուսի կադրն են ու մեկը մյուսի յուրայինը: Ավելի յուրային չի լինում:
Նաև դրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ չնայած անցած վեց տարիներին նրանց ու նրանց շրջապատների կողմից մեկմեկու հասցեին ուղղվող կսմիթներին ու իբրև թե քննադատություններին՝ դրանք գործնականում քաղաքական ու տնտեսական դաշտում որևէ ազդեցություն չունեցան: Նրանց սպասարկող քաղաքական թիմերը լայն իմաստով՝ չկորցրեցին իրենց դիրքերը, բայց, որ ավելի կարևոր է, տեղի չունեցավ սեփականության վերաբաշխում:
Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական համակարգի դոմինանտ սկզբունքը՝ «ամեն ինչ ու առաջին հերթին՝ իշխանությունը հիմնված է փողի վրա», Սարգսյանի ու Քոչարյանի միջև իրական հակասության պարագայում՝ վերջինիս ազդեցությունը տնտեսական դաշտում պետք է զգալիորեն նվազեր, նրա վերահսկողության տակ գտնվող ոլորտները պետք է անցնեին Սարգսյանի մերձավորներին:
Բայց դա տեղի չի ունեցել: Սերժ Սարգսյանի շրջապատը բավարար չափով ազդեցության գոտիներ ձեռք բերել է տնտեսական դաշտում, սակայն, ամենևին ո՛չ Քոչարյանի բիզնես տիրույթների հաշվին:
Ինչո՞ւ, ուրեմն, այս պայմաններում հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը, երբ իրականում այն գլոբալ առումով կատարում էր բոլոր այն ֆունկցիաները, որոնք անհրաժեշտ էին Քոչարյան-Սարգսյան դուետի իշխանությանը:
Կարելի է այս հարցին պատասխանելու տասնյակ վարկածներ առաջ քաշել, որոնց մեջ վստահաբար կլինի ճշմարտության հատիկ: Դրանցից մեկն էլ, թերևս, այն է, որ Տիգրան Սարգսյանը կամ համարձակվեց, կամ նրան դրդեցին համարձակվել (համոզելով, որ դա պետք է իշխանությանը) խախտել 6-ամյա տաբուն՝ քննադատել Ռոբերտ Քոչարյանին:
Ընդ որում, քննադատել նրա համար «հպարտության առարկա» և տասը տարի շարունակ քարոզչական տրաֆարետ հանդիսացած շինարարությունն ու դրա արդյունքում ապահովված երկնիշ տնտեսական աճը:
Ըստ ամենայնի, միմյանց այդչափ քննադատելը չի մտել Քոչարյանի ու Սարգսյանի պայմանավորվածությունների մեջ, և վերջինս ընդամենը հեռացրել է այդ պայմանավորվածությունը խախտող սուբյեկտներին՝ Տիգրան Սարգսյանին ու նրան քոչարյանական քննադատության հարցում ձայնակցած սեփական թիմակից նախարարներին: Նայեք կառավարության կազմը. բոլոր նրանք, ովքեր Տիգրան Սարգսյանի այդ հայտարարությունից հետո պաշտպանեցին իրենց վերադասին, այլևս կառավարությունում չեն:
Այսինքն՝ կառավարության փոփոխությունը, իբրև թե նոր նախարարների նշանակումը պայմանավորված էր ոչ այնքան՝ նախորդի վատ աշխատանքով, երկրի խայտառակ սոցիալ-տնտեսական վիճակով, այլ՝ Քոչարյան-Սարգսյան պայմանավորվածությունների խախտմամբ և դրանք վերականգնելու անհրաժեշտությամբ:
Իհարկե, նոր վարչապետի նշանակումից հետո, ինչպես՝ Քոչարյանի կողմից անձամբ, այնպես էլ՝ նրա շրջապատի ներկայացուցիչների մակարդակով իշխանությանն ուղղված քննադատություն հնչել է, հնչել է նաև պատասխան՝ անձամբ Հովիկ Աբրահամյանի կողմից: Բայց այդ քննադատությունների և պատասխանների ուշադիր ընթերցումն ակնհայտ է դարձնում, որ դրանցով կողմերը վերադարձել են ելման կետին՝ ընդհանուր, գլոբալ քննադատություններով պահպանել հակադրության իմիտացիան, բայց չդիպչել կողմերից որևէ մեկի «թույլ տեղերին»:
Քոչարյանի և Սարգսյանի միջև հակադրության իմիտացիան առաջիկայում կարող է ավելի սուր և դրամատիկ դրսևորումներ ստանալ: Առջևում սահմանադրական փոփոխություններն են, դրանից հետո՝ խորհրդարանական, ապա՝ նախագահական ընտրություններ: Իսկ դրանցում իրական հաղթանակ տանելու՝ 1998 թվականին վերցված իշխանությունը պահպանելու համար պետք է հասարակությանը զբաղեցնել ներկա և նախկին իշխանությունների միջև անհաշտ պայքարի տեսարաններով:
Կյանքը ցույց է տվել, որ հասարակությանը դրանք գրավում են գրեթե այնպես, ինչպես սերիալները: Ի դեպ, հիմա ամենապոպուլյար համարվող սերիալներից մեկի անունն է «Հարազատ թշնամին»: Այստեղ են ասել՝ կյանքում՝ ինչպես քաղաքականության մեջ: Կամ՝ ինչպես սերիալում: Քաղաքական կյանքում այն կարող է «հեռարձակվել» ևս երեք-չորս տարի՝ մինչև 2018 թվականը: