Բաժիններ՝

«Բոլորս տնակում ենք ապրել, մենք ինչով ենք իրանցից պակաս»

Asparez.am-ը գրում է. Երկրաշարժից անմիջապես հետո, ավերված Քիմիագործների թաղամասում 6000 տնակ տեղադրվեց՝ անօթեւան մնացած վանաձորցիներին տանիքով ապահովելու համար: Հետագայում` հասցեավորելու ընթացքում, պարզվեց, որ 4 տնակային ավան է ձեւավորվել: Հիմա Վանաձորի Քիմշեն տնակային ավանում 96 տնակ է մնացել, որտեղ երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած միայն 1 ընտանիք է ապրում: Մյուս տնակային ավանները ավելի ուշ են ձեւավորվել, սակայն այնտեղ ապրողների թիվը համեմատաբար շատ է:

Սանկտպետերբուրգյան տնակային ավանում՝ 231, Բուլղարական 1 եւ 2 տնակային ավաններում 228 ընտանիք է բնակվում: Հետաքրքիր է, որ նրանք բոլորն իրենց երկրաշարժի պատճառով են անօթեւան համարում:

«Հերթի մեջ էի, երկրաշարժը եղավ, հերթս կորավ»,- ասում է Քիմշեն 1 տնակային ավանի բնակչուհի տիկին Նարինեն:

Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Բուլղարական ավանի բնակիչներին թույլատրել են սեփականաշնորհել տնակները.

«Քանի որ հիմքը բետոնապատված է եւ անշարժ տնակներ են, նաեւ դժվար քայքայվող, նպատակահարմար է առայժմ անօթեւանների մի մասին այդպես ապահովել»,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների եւ բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանը:

Մյուս ավաններում ավելի քիչ թվով տնակներ են մնացել՝ «Հաղթանակ» տնակային ավանում՝ 15, «Բելառուսականում»՝ 10, «Պրոմեթեւսում»՝ 6: Նշված տնակային ավանները դատարկելու եւ քաղաքը տնակներից մաքրելու համար 2003-2007 թվականներին Վանաձորի քաղաքապետարանը 158 ընտանիքի աջակցել է՝ վարձակալությամբ բնակվելու համար, հոգալով առաջին 2 տարվա վարձը:

Վանաձորի քաղաքապետարանը անօթեւանների համար առանձնացված տնակային ավան ընտրել է Սանկտպետերբուրգյանը: Արդյունքում՝ Սանկտպետերբուրգյան տնակային ավանը դուրս է եկել իր սահմաններից, նոր բնակիչներն էլ հարեւաններին «զրկել» են իրենց ապրուստի միջոցը մի կտոր հողով հոգալուց: Նրանք բողոքում են, թե շուրջ 200 ընտանիք միանգամից եկավ, տարիներով մշակած հողում դոմիկ դրեց, ամառվա սեզոնի մի բուռ կարտոֆիլից, լոբուց, կանաչուց զրկեց: Եկածներն էլ զարմանում են, թե իրենց ինչու հենց այդտեղ բերեցին.

«Ես խիմզավոդ եմ հարս եկել, 40 տարի էնտեղ եմ ապրել, հիմա եկել եմ, հասել ըստեղ: Բռնի կերպով անկողնուս մեջից հանել են ու տարել կանգնացրել՝ 4 տղամարդ, 2-ը ոտներիցս բռնած, 2-ը ձեռներիցս, ոչխարի նման բռնած՝ քցին ավտոն, տարան միլիցիա: Ինչի հըմար, որ իմ տան տեղից ինձ հանի»,-ասում է տիկին Սիրուշը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս