Բնապահպանական տեսչությունը թերացել է ստուգումների հարցում. ՎՊ

Վերահսկիչ պալատն անցած տարի ստուգումներ է իրականացրել ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունում: Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, հողերի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության, վտանգավոր նյութերի, արտադրության ու սպառման թափոնների, բնապահպանական պետական փորձաքննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների, վարչական վիճակագրության վարման ուղղություններով: Տեսչությունն ունի 11 տարածքային ստորաբաժանում` 154 պետական տեսուչներով:

Տեսչության գործունեության արդյունքներով՝ 2011թ. արձանագրվել են թվով՝ 1197, 2012թ.` 872, իսկ 2013թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` 565 խախտումներ, ընդամենը` 560.7 մլն դրամ տուգանքի գումարով, բայց ՀՀ պետական բյուջե մուտք է եղել այդ գումարի միայն մոտ 51 %-ը:

Տեսչության կողմից խախտումների բացահայտումների թվի նվազումը կապված է նախատեսված ստուգումների խիստ թերի իրականացմամբ, մասնավորապես՝ 2011-2013 թթ. նախատեսված 5351 տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների փոխարեն՝ փաստացի ստուգումներն իրականացվել են ընդամենը 407-ում: Ընդ որում, տարեցտարի, նախատեսված ստուգումների ավելացող քանակի հետ, տեսչությունն ավելի քիչ է փաստացի ստուգումներ իրականացրել: Այսինքն՝ տեսուչները կա´մ «թամբալացել» են, կա´մ այստեղ առկա է կոռուպցիոն մեծ ռիսկ:

ՎՊ-ն արձանագրել է, որ այսպիսով ցածր է ստուգումների ծրագրերի կատարողականը, ինչպես նաև՝ ստուգումներով արձանագրված խախտումների համար ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ցուցանիշը:

ՎՊ կողմից հողերի պահպանության ոլորտում արձանագրված խախտումների հիմնական մասը վերաբերել է ավտոտրանսպորտային միջոցներով, առանց համապատասխան թույլտվությունների՝ հողի բերրի շերտի տեղափոխմանը: Խախտում կատարած անձանց նկատմամբ չի ապահովվել բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված պահանջների միատեսակ կիրառումը. առանձին դեպքերում՝ սահմանված կարգի խախտմամբ բերրի շերտի տեղափոխման համար կազմվել են միայն վարչական իրավախախտման արձանագրություններ, այն դեպքում, երբ պետք է կազմվեին նաև վնասի հատուցման արձանագրություններ: Մինչդեռ, օրենքով հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր խորանարդ մետրի համար սահմանված է 10 հազար դրամ վնասի հատուցման գումար:

ՎՊ-ն պարզել է նաև, որ համայնքների մեծ մասում աղբի տեղադրումն իրականացվում է ապօրինի աղբավայրերում, որոնք տեղակայված են բնակավայրերի մերձակա տարածքներում: Մասնավորապես, Մասիս քաղաքի մուտքի ավտոճանապարհի հարևանությամբ` Մարմարաշեն համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ շուրջ 5 հա մակերեսով, ամբողջովին աղտոտված է եղել կենցաղային և շինարարական աղբով: Մարմարաշեն համայնքի կողմից` տարիներ շարունակ, խախտելով ՀՀ բնապահպանական օրենսդրության պահանջները, կատարվել է ապօրինի տեղադրում: Փաստի նկատմամբ ո´չ մարզպետարանի, ո´չ հարևան համայնքի` Մասիսի քաղաքապետարանի, և ո´չ էլ ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից միջոցներ չեն ձեռնարկվել: ՎՊ վերահսկողության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Մարմարաշեն համայնքի աղբավայրում աղբի տեղադրումը դադարեցվել է, վնասված հողամասը՝ վերականգնվել, իսկ համայնքում գոյացած աղբը տեղափոխվում է Մասիս քաղաքի աղբավայր, որի համար կնքվել է համապատասխան պայմանագիր:

Տեսչությունն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորել Արարատի մարզի հանդեպ. այստեղ որևէ համայնք ստուգումների 2011թ., 2012թ. տարեկան ծրագրերում չի ընդգրկվել, իսկ 2013թ. ընդգրկվել է միայն մեկ համայնք, սակայն 01.11.2013թ. դրությամբ ստուգում չի իրականացվել, մինչդեռ համայնքներում առկա են բնապահպանական բազմաթիվ ռիսկեր: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաշվառման տվյալների` Արարատի մարզի տարածքում տարեկան առաջանում և աղբավայրեր տեղափոխվում է շուրջ 21,052 հազար տոննա կենցաղային աղբ: «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով` կենցաղային աղբի յուրաքանչյուր տոննայի համար 1500 դրամ դրույքաչափ կիրառելու դեպքում, Արարատի մարզում աղբի տեղադրման դիմաց բնապահպանական վճարի ընդհանուր գումարը տարեկան կկազմեր 31,578.0 հազար դրամ:

ՎՊ-ն բացահայտել է նաև, որ ԲՆ տեսչությունն ստուգումների տարեկան ծրագրերում ընդգրկել է հիմնականում փոքր և միջին ձեռնարկություններին և «անտեսել» է խոշորներին, որոնց տարեկան շրջանառությունը մինչև 70մլն դրամ է, մինչդեռ նման տնտեսվարողների մոտ` համապատասխան հիմնավորումներով, ստուգումներ կարող են իրականացվել միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ:

ՎՊ-ն առաջարկել է ԲՆ-ին՝ տեսչության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` պարզեցնել և առավել կիրառելի դարձնել հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատումը:

Տեսանյութեր

Լրահոս