ԲՀԿ-ի ցնցող հայտարարությունը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Ոչ իշխանական քառյակի մաս կազմող Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախօրեի պահվածքը Ազգային ժողովի նախագահի ընտուրություններում երեկ էլ շարունակում էր քննարկման թիվ մեկ թեման մնալ։

Հիշեցնենք, քվեարկության սրահում հերթ կանգնած ԲՀԿ-ականները քվեաթերթիկները քվեատուփերը գցելուց հետո տեսախցիկների առջև հայտարարում էին, որ իրենց ձայնը տվել են իշխանության թեկնածու Գալուստ Սահակյանին, իսկ երբ պաշտոնապես հրապարակվեց, որ ՀՀԿ-ի թեկնածուն ստացել է 101 կողմ, ընդդիմության թեկնածուն՝ 3, ևս 2 քվեաթերթիկ էլ անվավեր են համարվել, ԲՀԿ-ականները շտապում էին ջերմ ողջագուրանքներով ու ձեռքսեղմումներով շնորհավորել Գալուստ Սահակյանին։ Այնինչ, Աժ նախորդ քառօրյայում, երբ Գալուստ Սահակյանը ամբիոնից մեջբերում էր անում Հովհաննես Թումանյանից, ԲՀԿ-ն իր ողջ կազմով լքեց Աժ նիստերի դահլիճը։

ԲՀԿ-ականները երեկ, հասկանալով, թե ինչ անհարմար վիճակի մեջ են հայտնվել Գալուստ Սահակյանին միաձայն Աժ նախագահ ընտրելով, իրավիճակը շտկելու քայլեր էին ձեռնարկում։ Նրանք հայտարարում էին, որ թեև, իրենք ազատ քվեարկության էին հայտարարել, բայց առնվազն տասը ԲՀԿ-ականներ իրենց ձայնը տվել են ոչ թե Գալուստ Սահակյանին, այլ Հրանտ Բագրատյանին։

«Եթե որևէ մեկի հնարամտությունը, ֆանտազիան կարող է թույլ տալ ենթադրել, որ, օրինակ, ես և հատկապես ես և նամանավանդ ես կարող էի երբևէ քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին, ուրեմն խղճում եմ այդ մարդկանց՝ երևակայության և գիտակցության առթիվ։ Նույնիսկ եթե անգիտակից վիճակում էլ լինեի, գիտակցությունս մթագնած լիներ, օրգանապես, ֆիզիկապես, ենթագիտակցաբար, ես չէի կարող քվեարկել նրա օգտին».– մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, ԲՀԿ– ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Ըստ նրա, կոնկրետ ուղղվածության լրատվամիջոցները փորձում են ստվեր նետել իր և իր գործընկերների վրա։

«Ես պնդում եմ, որ 10-12-ից ոչ պակաս ԲՀԿ-ական պատգամավորներ քվեարկել են ոչ իշխանական թեկնածուի օգտին։ Իսկ ինչ վերաբերվում է մնացածին, ուրեմն, թվով 7 պատգամավորներ ՀՀԿ-ից բացել են քվեատուփը, մշակել ու հաշվել են այդ քվեաթերթիկները։ Բոլոր եզրակացություններն ու ենթադրությունները թողնում եմ հանրությանը»,– ասաց Ուրիխանյանը։ Այսինքն, դուք հիմա, փաստորեն, ՀՀԿ-ին մեղադրում եք Աժ նախագահի ընտրությունները կեղծելու մե՞ջ՝ մեր սույն հարցին ԲՀԿ– ական պատգամավորը պատասխանեց.

«Ես մեղադրանք չհնչեցրեցի։ Դուք փոխակերպեցիք, ես շատ ուղղակիորեն բերեցի տեղի ունեցածը»։ Մեր զրույցի շարունակությունն այսպիսին էր։

– Բայց հրապարակվել են կոնկրետ թվեր և իշխանության թեկնածուն ընդամենը 3 «դեմ» ձայն է ստացել, ուրեմն, ի՞նչ է տեղի ունեցել և ինչպես, ըստ ձեզ։

– Հասկացա, ընդունեցի ձեր հարցը, շատ ճիշտ հարց եք տալիս։ Այո, յոթ ՀՀԿ-ական առանց որևէ այլ ներկայացուցչի բացել են, հաշվել են, ինչ են արել, չգիտեմ, և հրապարակել են այդ թվերը։

– Իսկ ինչո՞ւ ԲՀԿ-ն այդ դեպքում չգնաց հանձնաժողով և չմասնակցեց ձայների հաշվարկին, եթե մասնակցելու էր քվեարկությանը, ինչո՞ւ չփորձեց հետևել, թե ինչ են անում իր ձայները։

– Որովհետև ոչ իշխանական բոլոր ուժերը որոշում կայացրեցին բոյկոտել հաշվիչ հանձնաժողովը։

– Այսինքն, կարելի է ասել՝ ԲՀԿ-ն չկարողացավ տեր կանգնել իր ձայներին, այդպե՞ս է։

– Ես չգիտեմ, հարց տվեք ՀՀԿ-ական հանձնաժողովականներին՝ ինչ են արել այդ ձայների հետ, հետո կշարունակենք։

– Դուք տվե՞լ եք այդ հարցը իրենց։

– Այս մեկնաբանությունը այսօր ես հնչեցրել եմ հանձնաժողովի սեղանից 50 սանտիմետր հեռավորության վրա, մոտ 10-15 լրագրողների մոտ, իսկ հանձնաժողովից՝ լռության։

– Չե՞ք կարծում, որ ձեր այս հայտարարությունները լուրջ չեն ընկալվի։ Հիմա, փաստորեն, ԲՀԿ-ն փորձում է արդարանա՞լ։

– ԲՀԿ-ն արդարանալու խնդիր չունի, որովհետև ԲՀԿ-ն որևէ անգամ չի ասել այն, ինչ չի իրականացրել, չի խոստացել այն, ինչ տեղի չի ունեցել։ Ասվել է, որ ազատ քվեարկություն է։ Եվ ես զարմանում եմ, որ որևէ մեկը զարմանում է։ Ինչ վերաբերում է տասնյակից ավելի մարդկանց՝ «դեմ» քվեարկած ձայները չգիտեմ ինչ անելուն, այդ հարցը պետք է անպայման շարունակաբար տալ, հնչեցնել պատասխաններ։

Վրդովմունք է առաջացնում այն, որ կոնկրետ ուղղորդված լրատվամիջոցներ փորձում են ներկայացնել, թե Տիգրան Ուրիխանյանը կարող է Գալուստ Սահակյանի օգտին քվեարկել։

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր ևս՝ Վահե էնֆիաջյանն ասում էր, թե ինքը կոնկրետ «դեմ» է քվեարկել։ «ԲՀԿ-ն ազատ քվեարկության է արել։

Ես՝ կոնկրետ, «դեմ» եմ քվեարկել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ հիմա այս ամենը աժիոտաժ է մտցնում, ներքին ու իրարամերժ մի բան է դառնում, դրա համար նաև իմ գործընկերի կողմից հարցի տակ է դրվել՝ ընտրական հանձնաժողովն ինչ ձևի է աշխատել»,– ասաց Էնֆիջյանը։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ չգնացիք հանձնաժողով՝ ստուգելու՝ ձեր ձայներն ինչ են անում նա պատասխանեց. «Ոչ ոքի մտքով չի անցնի չէ՞, որ կարելի է այդ կարգի բան իրականացնել»։

Զրուցեցինք նաև Աժ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի հետ»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս