Թրամփն ահաբեկչություն է որակել Սպիտակ տան մոտակայքում Ազգային գվարդիականների վրա հարձակումը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտակայքում Ազգային գվարդիայի ներկայացուցիչների դեմ իրականացված հարձակումն անվանել է ահաբեկչական գործողություն։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանից 300 մետր հեռավորության վրա անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է Ազգային գվարդիայի երկու ներկայացուցիչ։ Ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի, ով Աֆղանստանի քաղաքացի է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ դեռևս հայտնի չեն կատարվածի շարժառիթները։
Երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով, որում նշել է․ «Այս սարսափելի հարձակումը չարիքի, ատելության և ահաբեկչական գործողություն էր։ Սա հանցանք էր մեր ամբողջ ժողովրդի, մարդկության դեմ․․․ Որպես ԱՄՆ նախագահ՝ ես վճռական եմ հասնելու նրա, որ նման հանցանք իրականացրած այդ կենդանին ամենամեծ գինը վճարի»։
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ստուգելու են Աֆղանստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր ԱՄՆ են եկել նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում։ Նա ընդգծել է, որ երկրից արտաքսվելու են բոլոր այն օտարերկրացիները, ովքեր չեն սիրում երկիրը կամ չեն գործում ի շահ ԱՄՆ-ի։
Թրամփը Բայդենին անվանել է ԱՄՆ պատմության վատագույն նախագահը՝ նշելով, որ Ազգային գվարդիականների վրա Վաշինգտոնում իրականացված հարձակումը վկայում է, որ անօրինական ներգաղթյալների հոսքը իսկական սպառնալիք է դարձել ազգային անվտանգության համար։
«Նախորդ վարչակազմը երկիր է թողել 20 մլն անօրինական ու չստուգված օտարերկրացիների ամբողջ աշխարհից։ Ոչ մի երկիր չի կարող նման սպառնալիք հանդուրժել»,- ասել է նա։

