Բաժիններ՝

Ակտիվիստներն Աշոտյանին առաջարկել են լինել սոցցանցերի նախարար (տեսանյութ)

«Երեկ ես 2 անգամ իմ նախաձեռնությամբ հրավիրեցի «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցներին կրթության և գիտության նախարարությունում քննարկելու ոչ միայն այն խնդիրը, որ իրենց մտահոգում էր, այլ նաև կրթության ոլորտի մի շարք խնդիրներ: Ես մնում եմ այն կարծիքին, որ փողոցը շատ հարմար տեղ է խնդիրը բարձրաձայնելու համար, բայց հարմար տեղ չէ խնդիրները քննարկելու համար: Հատկապես մանկավարժների հետ հանդիպումները պետք է շատ բովանդակային անցնեն, և այդ բովանդակային հանդիպումների ակնկալիքով կրկին խնդրո առարկայով մտահոգ մանկավարժներին հրավիրում եմ ԿԳՆ՝ ինձ հետ հանդիպման»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով երեկ նախարարության առջև տեղի ունեցած բողոքի ակցիան:

Ըստ նրա՝ բուն խնդիրը, որից ծագել է մտահոգությունը, կարգավորված է: Աշոտյանը նշեց, որ նախարարության աշխատակիցներից ով դիմում գրել է, նրանցից պահումներ չեն արվի:

«Դժվար է մեր նախարարությանը մեղադրել հասարակություննից հեռու և ոչ թափանցիկ աշխատելու գործելաոճի մեջ»,- նկատեց Ա.Աշոտյանը և հավելեց. «Կրթության ոլորտում խնդիրներն այնքան շատ են, որ ես ինքս իմ դեմ կարող եմ պիկետ կազմակերպել նախարարությունում՝ ասելով, թե ինչքան բազում խնդիրներ կան, որ գործող նախարարը դեռ չի հասցրել լուծել և չի էլ կարող միանձնյա լուծել»:

Անդրադառնալով Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր ակտիվությանը՝ Ա.Աշոտյանը նշեց, որ ակտիվիստներն իրեն առաջարկություն են արել լինել սոցցանցերի նախարար. «Դա պատվաբեր առաջարկություն է, թեպետ կատակային է: Այդ դեպքում վարչությանս պետերից մեկը պետք է լինի Բիլ Գեյթսը, մյուսը՝ Ցուկերբերկը: Իսկ եթե կատակը մի կողմ, կարծում եմ, կիրթ մարդկանց կողմից, հատկապես ՏՀՏ ոլորտի մասնագետների կողմից այդ առաջարկը պետք է բացառապես կատակ ընդունել, որովհետև իրենք իսկ այդ միջավայրում են, այդ շարժումը նախաձեռնվել և աշխատում է բացառապես Ֆեյսբուքի, տեղեկատվական հարթակների շնորհիվ և հնարավորություններով: Եթե իրենք դա օգտագործում են, ես ինչո՞ւ չօգտագործեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս