Հրանտ Բագրատյանը՝ իր ինքնաառաջադրման մասին. Կարող էի համաձայնեցնել, կարող էի չհամաձայնեցնել

«Կարող էի համաձայնեցնել, կարող էի չհամաձայնեցնել: Ոչ ուզեցել եմ իրենց վիրավորել, ոչ չեմ ուզեցել: Մինչև վերջին պահը քննարկվում էր՝ առաջադրվի՞ թեկնածու, թե՞ ոչ: Իմ ինքնաառաջադրման պահի դրությամբ հստակ չէր՝ ընդդիմությունն այնուամենայնիվ որոշո՞ւմ է թեկնածու դնել, թե՞ ոչ, ասում էին՝ քննարկվում է, վերջնական կարծիք չկա: Երբ ես տեսա, որ չեն դնում, իսկ ես այդ մոտեցմանը դեմ եմ, ես պարզապես ինքնաառաջադրվեցի: Ես պարզապես ժամանակ չունեի նրանց հետ ինչ-որ բան համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու: Հարգանքի կամ ոչ հարգանքի խնդիր չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե չեն պատրաստվում քվեարկել հօգուտ Հրանտ Բագրատյանի, քանի որ ԱԺ նախագահի պաշտոնում նրա ինքնաառաջադրումը համաձայնեցված չի եղել իրենց հետ:

Հարցին՝ այդպիսով ՀԱԿ խմբակցությունը կպաշտպանի՞ ՀՀԿ-ի թեկնածուին, Հ.Բագրատյանը պատասխանեց, որ չի կարող ուրիշների մասին խոսել, կարող է միայն իր քայլերի մասին խոսել և բամբասանքով չի զբաղվում. «Ասենք՝ չեմ համաձայնեցրել, այդ պահին որոշեցի առաջադրել, դա ի՞նչ է լուծում»:

Մեր դիտարկմանը, որ ՀԱԿ-ի հետ նախկինում էլ հակասություններ են եղել, Հ.Բագրատյանը նշեց. «Ասելով ՀԱԿ՝ պետք է հասկանալ, որ ՀԱԿ-ը 7 պատգամավոր է, որպես քաղաքական ուժ չկա: Այդ 7 պատգամավորի ետևում ուղիղ 5 կուսակցություն կա: Հաճախ ասում են՝ ՀԱԿ խմբակցություն, բայց մի՛ մոռացեք, որ այդ խմբակցության առանձնահատկությունն այն է, որ նրա ետևում եղած քաղաքական ուժն այսօր չկա, որ մեզ ինչ-որ բան պատվիրի: Այսինքն՝ մենք նոմինալ ՀԱԿ ենք, որովհետև մեզ՝ որպես ՀԱԿ, ընտրել են, պատասխանատու ենք ընտրողների առաջ, բայց մենք մեկ քաղաքական ուժ չենք: Պատահում է, որ նույնն ենք մտածում, քվեարկում, պատահում է, որ ոչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս