Բաժիններ՝

Եփած ձուն օգտակար է, հումը` վտանգավոր

Վերջերս կատարված բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ ձուն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճը միմյանց հետ ոչ մի կապ չունեն: Ձվի դեղնուցում օգտակար լեցիտինի քանակն ավելի շատ է (10%)՝ քան խոլեստերինի (2%): Եթե ձվի նկատմամբ ալերգիա չունեք, նախաճաշին համարձակորեն ձվածեղ կերեք:

Ապացուցված է, որ հավի ձվի սպիտակուցը մյուս սպիտակուցների համեմատ ամենակատարյալն է: Այն ավելի օգտակար է, քան մսի, ձկան կամ կաթնամթերքների սպիտակուցները, քանի որ ունի ամինաթթուների հավասարակշռված կազմություն և ամբողջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Ձուն սննդարար է, իսկ կալորայնությունը՝ փոքր: Հավի մեկ ձուն պարունակում է ընդամենը 85 կկալ, ճարպի քանակը հասնում է միջինը 11,5%-ի:

Եփած ձվի սպիտակուցն անմիջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Այս մթերքի շնորհիվ հնարավոր է, որ մարդու ուժերն արագ վերականգնվեն ու իմունային համակարգն ամրապնդվի:
Ձուն հրաշալի ուտելիք է նաև մարզիկների համար, ովքեր ցանկանում են իրենց մկանային զանգվածն ավելացնել: Ձվի սպիտակուցը մկանների համար շինարարական արդյունավետ նյութ է, այն օգտակար է նաև երեխաներին և դեռահասներին` նրանց ակտիվ աճի շրջանում:

Դեղնուցը պարունակում է կենսաբանորեն այնպիսի ակտիվ նյութեր, ինչպիսիք են լյուտեինը, խոլինը, լեցիտինը, բիոտինը, մետիոնինը: Դեղնուցում շատ են ճարպալույծ վիտամինները (A, D, E, B խմբի): Հանքային նյութերից կարևոր են ֆոսֆորը, ցինկը, ծծումբը, կալցիումը, կալիումը, մագնեզիումը, երկաթը: Մեծ է ձվի մեջ պարունակվող ֆոսֆորի դերը մարդու նյարդային համակարգի և գլխուղեղի կեղևի աշխատանքի համար:

Կարդացեք նաև

Եթե ձուն այդքան օգտակար է, ապա ինչո՞ւ են շատերը հրաժարվում այն օգտագործելուց: Ասենք, որ պատճառը դեղնուցում պարունակվող մեծ քանակությամբ խոլեստերինն է: Այս խուճապը սկիզբ է առել ԱՄՆ-ից, իսկ այնտեղ վաղուց արդեն հակախոլեստերինային կամպանիա է սկսվել:

Այսպես, ամերիկացի դիետոլոգներն առաջին հերթին՝ արգելեցին ձու ուտել, այն համարելով վնասակար, փոխարենը գովազդելով մարգարինը` որպես օգտակար մթերք, սակայն դրանից հետո տարիների ընթացքում սիրտ-անոթային, քաղցկեղային, աուտոիմունային հիվանդություններով տառապողների թիվն ամենևին էլ չնվազեց:

dzuՄասնագետները եկան այն եզրակացության, որ ինչ-որ բան ճիշտ չէ, կրկին անդրադարձան ձվին, հետազոտություններ կատարեցին և համոզվեցին, որ այս մթերքն արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճի հետ ոչ մի կապ չունի:

Ներկայումս ԱՄՆ-ում և Եվրոպայում լայնորեն գովազդվում է ձուն, հավաստիացվում, որ մարդ ինֆարկտ չի ունենա, եթե առավոտյան 1-2 ձու ուտի, սակայն մասնագետների կարծիքներն այնքան տարբեր են, որ կասկածներ են առաջանում այդ մթերքի օգտակարության հարցում:

Ձուն բնական մթերք է, իսկ մարգարինը ստացվում է արհեստական` լաբորատոր ճանապարհով, որի պատճառով բուսական յուղի կառուցվածքը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների:

Ձվի մեջ շատ են ֆոսֆոլիպիդները, հիմնականում` լեցիտինը, սակայն շատ է նաև խոլեստերինը: Դրա և լեցիտինի հարաբերակցության (1:6) շնորհիվ խոլեստերինի բացասական ազդեցությունը զգալիորեն չեզոքանում է: Վստահորեն կարելի է ասել, որ ձվի մեջ պարունակվող մեծ քանակությամբ լեցիտինը ոչ միայն վտանգավոր չէ անոթների համար, այլև, ընդհակառակը, հենց դա է աթերոսկլերոզի կանխարգելման հիմնական միջոցներից մեկը: Նշենք, որ այն երկրներում, որտեղ շատ հաճախ են ձու օգտագործում (օրինակ` Ճապոնիայում, Ֆրանսիայում), սիրտ-անոթային հիվանդությունների ամենացածր մակարդակն է գրանցվում:

Ձուն հրաշալի նախաճաշ է, լավ յուրացվող, հագեցնող, օրգանիզմը «շինանյութով» և վիտամիններով, միկրոտարրերով, կենսաբանորեն ակտիվ նյութերով ապահովող, նաև` ցածր կալորայնությամբ: Այն նաև էժան է, մատչելի բոլորին:
Ամենալավ տարբերակը թերխաշ ձուն է, որը հեշտ յուրացվում է ստամոքսաղիքային տրակտում: Ձվածեղի կամ օմլետի օգտակարության հարցում կարևորը պատրաստման եղանակն է: Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս թավայում պատրաստած ձվածեղ ուտել նրանց, ովքեր քրոնիկական դերմատոզներ (պսորիազ, էկզեմա, նեյրոդերմիտ) ունեն:

dzuՁվի առավելություններից մեկն էլ այն է, որ եփելու համար շատ կարճ ժամանակ է պահանջվում, ուստի դրա սննդային արժեքը համարյա չի փոխվում, քայքայվում է միայն մի քանի վիտամինների 10 %-ը: Հում ձուն ավելի վատ է յուրացվում, քան եփածը, ջերմամշակման ժամանակ ալերգենային հատկությունները զգալիորեն թուլանում են: Պետք է նշել, որ հում ձվի մեջ և կեղևի վրա հնարավոր է՝ պարունակվեն սալմոնելաներ:

Ձվի փչանալու հավանականությունը նվազեցնելու համար այն պահեք սառնարանում, հատուկ հատկացված տեղում, սուր ծայրով՝ դեպի վար: Պահպանման ժամկետը մինչև մեկ ամիս է: Երբեք մի կերեք այն ձուն, որի կեղևի վրա ճաքեր կան: Ցանկալի է ձուն օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրի տակ, որպեսզի կեղևը մաքրվի վնասակար մանրէներից:

Հեղինակ` Ա.Խ.
Սկզբնաղբյուր` «Առողջապահություն» 2.2010 (287)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս