Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը հաղթեց Հովիկ Աբրահամյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել է կենսաթոշակային բարեփոխումների մասին և մասնավորապես նշել, որ «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է։ Մասնավորապես, 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: «Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ»,- ասել է Հ. Աբրահամյանը:

Այսինքն՝ իշխանությունը ոչ թե ասում է՝ մի կատարեք վճարումները, այլ տեղեկացնում է, որ եթե անգամ չվճարեն, տույժ ու տուգանքներ չեն հաշվարկվի։ Դրանով, ըստ էության, վերացնում է պարտադիր վճարումները կատարելու շահագրգռվածությունը։

Իր ելույթի վերջում Հ. Աբրահամյանը խոստովանել է, որ ինքը նույնպես դեմ է. «Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը, դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն, դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա, դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա»:

Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը դեմ է այն ուղուն, որով ցանկանում էր առաջ շարժվել Տիգրան Սարգսյանը։ Կարճ ասած՝ Հովիկ Աբրահամյանը դեմ է Տիգրան Սարգսյանին։

Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ վարչապետի պաշտոնում ներկայացնելով Հովիկ Աբրահամյանին, հատուկ շեշտեց, որ սկիզբ առած բարեփոխումները պետք է շարունակվեն և հատուկ ընդգծեց՝ այդ թվում ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակային համակարգը։

Այսինքն, կարող էր տպավորություն ստեղծվել, որ Հ. Աբրահամյանը դեմ է նաև Սերժ Սարգսյանին։ Սակայն Հովիկ Աբրահամյանը կանխել է նման տեսակետը՝ ընդգծելով, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ։ «Սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» »,- ասել է նա: Թե ինչ է նշանակում «Պարտադիր, բայց ոչ պարտադրված», այս պահին գրեթե անհնար է ասել։

Եվ վերջապես ևս մի կարևոր նրբերանգ: Վարչապետը նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: «Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ընդունելի` հասարակության լայն շերտերի համար»,- ասել է Հ. Աբրահամյանը:

Սա, ըստ էության, նշանակում է, որ կենսաթոշակային բարեփոխումը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է գրեթե զրոյից։ Ոչ թե կատարվելու են շտկումներ, այլ փոխվում է ամբողջ փիլիսոփայությունը։ Որովհետև այդ բարեփոխման մեխը հենց պարտադիր բաղադրիչն էր։

Ու քանի որ ՀՀԿ-ն և ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, նախկինում պաշտպանում էին նախկին փիլիսոփայությունն ու անգամ հրաժարվում էին 1 տարով հետաձգել պարտադիր բաղադրիչի կիրառումը, ստացվում է նաև՝ որ Հովիկ Աբրահամյանը դեմ է նաև ՀՀԿ-ին ու ինքն իրեն։

Ու որքան էլ պարադոքսալ հնչի՝ սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը, ողջ էությամբ դեմ լինելով Տիգրան Սարգսյանին, կյանքի է կոչել վերջինիս ամենակարևոր, սակայն չիրականացած թեզը կամ բարեփոխումը՝ իրականացրել է ներքին հեղափոխություն՝ սեփական մտածողության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս