
Ուկրաինան նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված Ժնևյան համաձայնագրի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված Ժնևյան համաձայնագրի փաստացի կատարման հետ, որը կոչված է կարգավորել ուկրաինական ճգնաժամը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
Նա ընդգծել է, որ այժմ Ռուսաստանի գործելու հերթն է: Ժնևյան համաձայնագիրը ստորագրվել է ապրիլի 17-ին: Այն ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնությունից, ծայրահեղականությունից ու սադրանքներից:
Բացի այդ, համաձայնագրով անհրաժեշտ է համարվում զինված խմբավորումների զինաթափումը, ապօրինի գրավված շենքերի ազատումը և սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ազգային երկխոսության սկսումը:
Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ժնևյան պայմանավորվածությունները կոպտորեն ոտնահարվում են Կիևի իշխանությունների կողմից: