Կրասնոյարսկում սպանվել է ադրբեջանցի միլիոնատեր, ում անունը շոշափվել է Արարատ Ղուկասյանի սպանության կազմակերպման մեջ
Vesti.Az-ի փոխանցմամբ՝ Կրասնոյարսկում սպանվել է հերթական ադրբեջանցին: Այս անգամ սպանվել է «Յուժնի» շուկայի սեփականատեր, 60-ամյա Էնվեր Իբրահիմովը: Այս մասին հայտարարել է տվյալ երկրամասում ՌԴ Հետաքննչական կոմիտեի գլխավոր վարչության ղեկավարի օգնական Օլգա Դեգիդը:
Վերջինիս խոսքերով՝ սպանությունն իրականացվել է առավոտյան ժամը 07.00-ին, Իբրահիմովի տան առջև: Նրա վրա կրակել են TT տիպի ատրճանակից: Վարկածներից մեկի համաձայն, այդ սպանությունը կարող է կապված լինել կիրակնօրյա սպանության հետ:
Ապրիլի 13-ին Կրասնոյարսկում հրաձգային զենքի օգնությամբ սպանվել էր Թովուզի շրջանի 35-ամյա Գարյագդի Նագիևը, որի դիակն այսօր բերվել է Ադրբեջան՝ հողին հանձնելու համար: Սպանված Իբրահիմովը հանդիսանում էր նաև «Եմելյանովո» ձիարշավարանի սեփականատերը:
Комсомольская правда թերթը ներկայացրել է Էնվեր Իբրահիմովի սպանության մեկ այլ վարկած: 2003 թվականին Իբրահիմովի անունը շոշափվել է քրեական ոստիկանության նախկին աշխատակից, իսկ հետագայում՝ «Լուչ» շուկայի անվտանգության ծառայության պետ Արարատ Ղուկասյանի սպանությունը կազմակերպելու գործում: 2003 թվականի հունիսի 11-ին Ղուկասյանին նույնպես սպանել էին իր տան մոտ՝ կրակելով նրա վրա: