ԼՂՀ վարչապետի շնորհավորական ուղերձը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան պրն Աբրահամյան
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող եք ծառայացնել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը: Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի:
Մեր անկախության սկզբից ի վեր ՀՀ իշխանությունները սերտ գործնական ու ընկերական հարաբերություններ են պահպանում հայկական երկրորդ հանրապետության հետ և հնարավորինս աջակցում նրա զարգացմանն ու ամրապնդմանը: Լիահույս եմ, որ Դուք խորացնելու եք այդ ավանդույթը և այսուհետ Ձեր առնչություններն ու համագործակցությունը Արցախի կառավարության, իշխանության մյուս թևերի և հասարակության հետ լինելու է առավել ծավալուն ու բազմակողմանի:
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություններ նոր պաշտոնում» :
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին