Հ.Աբրահամյանը ոչ միայն նախարարների նոր թեկնածուներ է փնտրելու, այլև նոր աշխատակազմ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գնացել է ՀՀ կառավարություն` ներկայացնելու նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս արարողությունն անցել է փակ դռների ետևում` առանց լրատվամիջոցների ներկայության: Թե ինչ է ասվել/կարգադրվել կառավարության անդամներին, հայտնի է միայն նախագահի լրատվական ծառայության տարածած մամլո հաղորդագրությունից, ըստ որի Հ.Աբրահամյանը հայտարարել է, թե «… որևէ կողմնորոշում որևէ թեկնածուի վերաբերյալ չունենք, և ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը»: Սակայն բռունցքը սեղանին հարվածելու, կամ «հաթաթա» տալու, կամ «ընկերական» դիմելաձևերի մասին այդ հաղորդագրությունում որևէ բառ չկա:
Նշենք, որ 168.am-ի տեղեկություններով, Տիգրան Սարգսյանի հետ միաժամանակ հրաժարական տալու ցանկություն էին ներկայացրել կառավարության աշխատակազմի բոլոր նրա մերձավորները, և այժմ Հ.Աբրահամյանը ոչ միայն նախարարների նոր թեկնածուներ է փնտրելու, այլև նոր աշխատակազմ: