ԱՄՆ-ը Ռուսաստանին զգուշացրել է նոր պատժամիջոցների մասին
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը:
Զրույցի ժամանակ Քերին Լավրովին զգուշացրել է, որ Մոսկվային սպասվում են նոր հետևանքներ, եթե նա քայլեր չձեռնարկի Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում:
Դրա համաձայն, Քերին անհանգստություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում կատարվող դեպքերի կապակցությամբ և հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է իր մարդկանց հեռացնի այդ շրջաններից: Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայում քաղաքական սուր ճգնաժամի առաջանալու պատճառն այն է, որ Կիևի ներկայիս իշխանություններն անտեսել են հարավ-արևելյան շրջաններին:
Լավրովը Քերիին նաև հայտնել է, որ ապրիլի 17-ին ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ քառակողմ հանդիպումը կարող է տեղի չունենալ, եթե Ուկրաինան ուժ կիրառի հարավ-արևելյան շրջանների բնակիչների նկատմամբ: