
Կառավարությունը քեռին դարձավ երկու բանի. Վարդան Օսկանյան

«Այսօր Հայաստանում տնտեսական բոլոր խնդիրները պայմանավորված են քաղաքականով: Եվ եթե մինչև բոլոր քաղաքականները չլուծվեն, դժվար կլինի տնտեսական խնդիրները լուծել»,- այսօր քառյակի տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Անցած 6 տարում կառավարության թույլ տված սխալները Օսկանյանը ընդհանուր առմամբ բաժանեց 4 հիմնականների՝ առաջին՝ կառավարությունը չկարողացավ կանխատեսել համաշխարհային ճգնաժամը, երկրորդ՝ երբ տեսան, որ անխուսափելի է ճգնաժամը, չցանկացան բյուջեն կրճատել, երրորդ՝ այդ ցատնոտային վիճակում դրսից փողեր բերեցին ու չկարողացան ճիշտ տեղում օգտագործել. «Մենք այդ փողերի կարիքն արդեն զգում ենք: Արդեն խոսվում է, որ այդ փողերի մի մասը բարձր տոկոսներով վարկեր են տրվել դրսում հայ բիզնեսմեններին՝ կառավարության փակ գաղտնի որոշումներով: Ես կարծում եմ, որ բացի այն, ինչը չի վերաբերում անվտանգության հարցերին, կառավարության որոշումները պետք է բաց լինեն»:
«Այդ տարիների ընթացքում կառավարությունն ինչքան խոսեց, այդքան չարեց: Եթե որևէ բարեփոխում արվեց, դա ոչ թե նպաստեց, այլ խաթարեց տնտեսական աճը: Կառավարությունը քեռին դարձավ երկու բանի՝ սղաճի մակարդակին և բյուջեի չկատարմանը: Նոր կառավարությունն էապես պետք է փոխի այդ քաղաքականությունը»,- ասաց Վ.Օսկանյանը: