Այսօր լրանում է Մարաղայի ողբերգության 22-րդ տարելիցը
1992 թվականին Մարաղան Մարգուշեւանի հետ Լեռնային Ղարաբաղի ամենամեծ համայնքներից եւ ամենահարուստ տնտեսություններից մեկն էր: Այսօր գյուղերը գտնվում են թշնամու վերահսկողության տակ:
Մոտ 5000 բնակիչներից Խաչենի ափին հիմնադրված նոր գյուղում ապրում է ընդամենը 450 մարդ: 1991 թվականի մարդահամարով Մարաղան ուներ 2513, Մարգուշեւանը 2500 բնակիչ` ընդհանուր թվով 1500 ծուխ:
Արցախի ամենամեծ եւ հարուստ համայնքն ադրբեջանական Միրբաշիր քաղաքից հեռու էր ընդամենը 1 կմ եւ բնականաբար հրոսակների հարձակումների թիրախում էր անընդհատ:
Ապրիլի 10-ի հարձակումներն առաջինը չէին ու նաեւ վերջինը: Այդ օրը պարզապես թշնամուն հաջողվել է ընդամենը մի քանի ժամով մտնել գյուղ, արդյունքն այն էր, ինչը պատմության մեջ մտավ Մարաղայի ողբերգություն անունով: Ավելի քան 80 զոհ, 63 պատանդ: Գյուղն այդ օրն ազատագրվեց, սակայն թափ առնող ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հարեւան բնակավայրերի հետ գյուղը դարձյալ նվաճվեց ու առայսօր գտնվում է թշնամու վերահսկողության տակ: Մարաղեցիների ծվեն-ծվեն մնացորդները համախմբվեցին եւ հիմնադրեցին Նոր Մարաղան:
Այսօր Նոր Մարաղայում հիշում էին իրենց հարազատներին: Տեղի ունեցած սգո արարողության ժամանակ 20-րդ դարի վերջին ցեղասպանություն ապրած գյուղացիները իրենց զորակցությունն են հայտնել քեսաբահայությանը: Մարաղեցիները նույն ոճրագրոծ ձեռագիրն են տեսել Քեսաբում եւ կարծում են, որ Մարաղայի եւ մյուս ոճրագործությունների չդատապարտման հետեւանքով են հանցագործությունները կրկնվել:
Այսօր Մարաղայում բողոքի ցույց են արել նաեւ Արցախի երիտասարդական կազմակերպություների ներկայացուցիչները: Նրանք դատապարտող ցուցապաստառներ են պարզել եւ սգո արարողության մասնակիցներին բաժանել «Մարաղա» տեսաֆիլմը:
karabakh-open.info