
Եթե Հայաստանում մեկը ձեռք է բերում զրահապատ մեքենա, ես դա համարում եմ PR ակցիա. Շիրակի ոստիկանապետ. NEWS.am

Շիրակում եւ առհասարակ այս հանրապետությունում որեւէ մեկը զրահապատ մեքենայով երթեւեկելու անհրաժեշտություն չունի, որովհետեւ օպերատիվ իրավիճակը իրավապահ մարմինների հսկողության տակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը:
Նա նշել է, որ լրատվամիջոցներից է տեղեկացել, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ուղեկցում է զրահապատ «ԲՄՎ», իսկ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ զրահապատ «Լեքսուս»: Նրա համար զարմանալի է, թե ինչու նախկին եւ ներկա քաղաքապետները երթեւեկում են զրահապատ մեքենայով: Ոստիկանապետը շեշտել է, որ երկուսի անձին էլ որեւէ վտանգ չկա եւ նման մեքենա օգտագործելու անհրաժեշտություն չի տեսնում:
«Ինձ համար առհասարակ անընդունելի է զրահապատ մեքենայով երթեւեկելը, ՀՀ-ում զրահապատ մեքենան ո՞րն է: Թե վախեցած են, թե ինչ են, ես չգիտեմ, բայց վախենալու առիթ չկա ոչ Շիրակում, ոչ էլ հանրապետությունում: Եթե մեծահարուստը, օլիգարխը կարող է իրեն թույլ տալ զրահապատ մեքենա գնել, դա իր խնդիրն է, ես դա ինչ-որ տեղ նաեւ PR ակցիա եմ դիտում իրենց կողմից, իրենց դերն ու նշանակությունը իրենց շրջապատում մեծացնելու առումով, բայց դրանց ակտուալությունը բացառում եմ: Այս հանրապետությունը այնքան փոքրիկ է, այնքան ամեն ինչ ափի մեջ է, որ մեկը մյուսի կողմից վտանգ սպառնալը, սպասվելը իմացվում է եւ իրավապահ մարմինների հսկողության տակ է, դրանց անհրաժեշտությունը ընդհանրապես չկա, մենք հո Ռուսաստան կամ Ամերիկա չե՞նք, որ մեկը մյուսին չճանաչի»,- նշել է Շիրակի ոստիկանապետը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: