Բաժիններ՝

Ցուցամատը բավական է…

Հարցերը՝ ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, կամ ի՞նչ նոր խնդրի շուրջ կհամախմբվի սարսափելի ընդդիմադիր քառյակը, գուցե հետաքրքիր են, սակայն ոչ ավելի, քան այն հարցերը, որոնք ամեն օր մեզ տալիս են մեր երեխաները: Եվ որոնց պատասխանները, չգիտես ինչու, նույն ջանասիրությամբ չենք փնտրում…
«Մա՛մ, դու ես մե՞ծ, թե՞ Շչելկունչիկը», «Մա՜մ, որ ես ծնվեցի, դու կայի՞ր»…

Երեկ «Բուրատինոյի արկածները» ֆիլմը հազարերորդ անգամ դիտելիս՝ փոքրիկս հարցրեց, թե ինչո՞ւ Կառլոն Բուրատինոյի համար գիրք գնեց, այլ ոչ թե այփադ:
Իրո՛ք, Կառլոն իր փայտյա որդյակի համար նախևառաջ գնեց գիրք: Եվ այդ գիրքը գնելու համար նա վաճառեց իր միակ վերարկուն: Հիմա՜ր աղքատ…

Իսկ գուցե այփադ չկար, այդ պատճառո՞վ գիրք գնեց Կառլոն: Ինքս հակված եմ կարծել, որ այսօր էլ նա, առանց մտածելու, կնախընտրեր գիրքը: Պնդում եմ հենց այնպես, առանց «պատմական» որևէ վկայության: Մտնում եմ մանկապարտեզ, նստած են գետնի մակերևույթից մի թիզ բարձր հասակ ունեցող երեխաներ՝ յուրաքանչյուրի առաջ՝ մեկական նեթբուք, բոլորի հայացքները՝ էկրանին: Սա սկիզբն է. կառավարության որոշմամբ՝ 2016-ից նախատեսվում էր դպրոցներում՝ սկսած առաջին դասարանից, ներդնել պլանշետներ (այլ հարց է՝ բոլո՞ր աշակերտները կունենան հնարավորություն՝ ձեռք բերել դրանք):

Հայկական արտադրության «ԱրմԹաբ» պլանշետի ստեղծումը, սակայն, մեկ տարով արագացրեց հրաշալի գաղափարը, և, փաստորեն, արդեն հաջորդ տարի փոքրիկները դպրոցներում չեն առնչվի, ինչպես պարզվում է՝ իրենց դարն ապրած թուղթումատիտի, անաքրոնիզմ դարձած դասագրքերի հետ: Պլանշետը՝ որպես թուղթ, դասագիրք, ալբոմ, ցուցամատը՝ որպես գրիչ, մատիտ, վրձին, քանոն:

Կարդացեք նաև

Ի վերջո, ինչո՞ւ գրել, եթե կարող ես սեղմել կոճակներին, ու տառերը կհայտնվեն էկրանին: Հարյուրամյակներով դպրոցներում կար հատուկ առարկա՝ վայելչագրություն, գրագրի աշխատանքը բոլոր ժամանակներում ամենահարգվածներից էր: Սակայն այս փոշոտ, հին մտածողությունը գաղափարը հղացած պաշտոնյաներին կարող է միայն զվարճացնել: Այդ ռետրո մտածողությամբ մարդկանց է թվում, թե ձեռքի մանր մոտորիկան զարգացնում է ուղեղն ու հոգին:

Այսօր էլ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին կյանքի վերադարձնելու առաջնահերթություններից է գրել սովորեցնելը՝ գրիչ կամ մատիտ բռնելը, ձեռքը նպատակային շարժելը կարևորագույն վարժություններից մեկն է: Ի դեպ, տառերը, բառերը գրելու համար անհրաժեշտ է մի քանի անգամ ավելի ինտելեկտ, սկզբունքորե՛ն այլ ինտելեկտ, քան կոճակներ սեղմելը:

Այսօր արդեն որոշ դպրոցների բարձր դասարաններում աշակերտներին պարտադրում են դասի գալ միմիայն համակարգչով՝ ոչ մի դասագիրք, տետր, գրիչ: Միանշանակ պնդելը բարդ է, սակայն մանկությունից գրքի հետ չառնչվող երեխան, որը, դրան գումարած, իր ձեռքով չի գրում առաջին տառերը, մաթեմատիկական գործողությունները, ինչ-որ չափով թերի է:

Պլանշետը նրա համար կարող է փոխարինել մի ամբողջ գրադարանի՞, ի վերջո, ունենալ պլանշետ, նշանակում է` ձեռքիդ մեջ պահել աշխարհի ողջ ինֆորմացիա՞ն: Այո՛, սակայն համակարգիչը ճիշտ, գրագետ, նպատակային օգտագործելու համար ևս լուրջ գիտելիքներ են պետք:

Ընդ որում՝ արդեն առանց համակարգչի: Առաջին դասարանից պլանշետը՝ որպես դասագիրք, ձեռքը վերցրած երեխան օբյեկտիվորեն կհոգնի էկրանին երկար նայելուց ողջ օրը, ֆիզիկապես չի կարողանա աչքերը լրացուցիչ ծանրաբեռնել գիրք ընթերցելով, հատկապես որ, չգիտի գիրք ընթերցելու հաճույքը, երբ ծնողներն արգելում են շատ կարդալ, իսկ դու թաքնվում ես լոգարանում կամ վերմակիդ տակ լապտերիկով ես ընթերցում:

Այնպես որ, լրիվ այս տրամաբանության մեջ են նաև փոքրիկ գրքույկները՝ զարմանալի վերնագրերով՝ «Պատերազմ և խաղաղություն», «Շեքսպիրի ողբերգությունները», «Գուլիվերի ճանապարհորդությունը»… Սրանք մեծածավալ գործերի համառոտագրություններն են, սեղմ սյուժեն՝ առանց մանրամասնությունների:

Ինչո՞ւ ծանրաբեռնել քեզ, դիցուք, «Համլետում» գերեզմանափորների զրույցով, երբ բավական է իմանալ, որ այդ արքայազնը, այն էլ՝ դանիացի, վերջում մեռնում է: Եվ, առհասարակ, այդ ինչ հնաբանություն, ուղղակի նախնադար է, որ երեխաներն իմանան աղյուսակը՝ բերանացի, կարողանան մտքում կամ թղթի վրա արագ գործողություն կատարել՝ բաժանում, գումարում, եթե կա հաշվիչը՝ չըխկ, չըխկ, ու պատասխանը պարզ է:

Իսկ հիշո՞ւմ եք` միջնադարում գրքեր էին այրում՝ համարելով, որ նրանց միջոցով մարդիկ սովորում են մտածել և, կարևորը, մտածել այն, ինչ չի կարելի: Այսինքն՝ գրքերի միջոցով մարդիկ դառնում էին անկախ, ազատ՝ դոգմաներից, կլիշեներից:
Ինչո՞ւ հեռու գնալ. 20-րդ դարի առաջին կեսին մարդկանց ձերբակալում էին Մանդելշտամ, Եսենին, Չարենց, Օտյան կարդալու համար:

Բայց անգամ ձերբակալվելու, աքսորվելու վտանգն աչքի առաջ՝ կարդում էին: Այսօր մարդիկ նախընտրում են կամավոր չընթերցելը, հանրակրթությունն էլ խրախուսում է բթամտությունն ու անուղղակի հիշեցնում, որ գիրք ընթերցելը, գրիչով գրելը վնաս է առողջությանը, ժամանակավրեպ է, հետամնացություն:

Ավարտվել է ընթերցողների քաղաքակրթությունը, սկսվել է օգտատերերինը:
Եվ, որպես հետևանք, բոլորս սոցցանցում ենք, որտեղ միմյանց հետ շփվելու համար մեր լեզվի շքեղ բառամթերքն ուղղակի ավելորդ ծանրություն է՝ բավական են մի քանի տասնյակ բառեր: Որպես հետևանք՝ ունենք պատրաստի մտքեր՝ «Ֆոլքները բարդ է ընթերցվում», «Դոստոևսկին շա՜տ ծանր է»: Եվ, ի վերջո, ի՞նչ էին անում նրանք, գրո՞ւմ էին: Ընդամե՞նը: Իսկ հիմա ո՞վ չի գրում. միլիոնավոր մարդիկ ամեն օր սոցցանցում գրում են, թե ինչ են խմում, ուտում, ուր են պատրաստվում գնալ, ինչ զգացողություններ ունեն, և այլն: Մյուսները լայքում են, «քոմենթ» գրում: Ինչո՞վ ձեզ համար Չեխով կամ Բակունց չեն:

Տեսնո՞ւմ եք՝ մեր փոքրիկների անգամ ամենաանմեղ հարցերը կարող են ստիպել երկար մտածել և անգամ հոդվածի նյութ դառնալ: Իսկ դուք ասում եք՝ վարչապե՜տ, վարչապե՜տ: Ի դեպ, տեսնես ո՞վ կլինի մեր հաջորդ վարչապետը…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս