Բաժիններ՝

ՄԱԿ-ին մեծապես մտահոգում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպասվող երաշտը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքին սպառնացող երաշտը լուրջ մտահոգություն է հարուցում ՄԱԿ-ում, քանի որ դա կարող է սննդամթերքի անհապաղ օգնության կարիք ունեցող անձանց քանակը երկրում հասցնել մինչև 6.5 միլիոն մարդու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Համաշխարհային սննդային ծրագրի մամլո քարտուղար Էլիզաբեթ Բիրսը: Նրա խոսքերով՝ սեպտեմբերից Սիրիայում գրանցվել է անձրևների թույլ ինտենսիվություն, ինչի հետևանքով տեղումների քանակը կրկնակի պակասել է:

Բիրսը կարծում է, որ դա լուրջ ազդեցություն կունենա հացահատիկային կուլտուրաների հետագա բերքահավաքի վրա, որը սկսվելու է մայիսին: Բիրսը նկատել է, որ Սիրիայում անձրևների սեզոնի ավարտին (մինչև մայիսի կեսեր) մնացել է մոտ մեկ ամիս, և, հազիվ թե, այդ ընթացքում գրանցվի իրավիճակի էական բարելավում:

Ամենաբարդ իրավիճակում հայտնվել են երկրի հյուսիս-արևմտյան շրջանների (Հալեպ, Իդլիբ, Համա) ֆերմերները, որոնց բաժին է ընկնում Սիրիայում արտադրվող ցորենի կեսը: Սիրիայում վերջին անգամ ուժգին երաշտ գրանցվել է 2008 թվականին: ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում են, որ այս տարի Սիրիայում ցորենի բերքահավաքի ծավալը կազմելու է 1.7-2 միլիոն տոննա, մինչդեռ բնակչության պահանջարկը կազմում է տարեկան 5.1 միլիոն տոննա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս