Էլ ինչ լեզվով բացատրի ԲՀԿ-ն. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը իր «Վերլուծական» խորագրի ներքո գրում է. «ԲՀԿ-ին իսկապես կարելի է կարեկցել` անընդհատ նույն բանը կրկնելու անհրաժեշտության համար: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հերթական անգամ է հայտարարել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարց իրենց օրակարգում չկա: Երևի արդեն չկա թիվ, որով հնարավոր լինի հաշվել, թե ԲՀԿ-ն արդեն քանիերորդ անգամ է հայտարարում այս նույն բանը և՛ քառյակի, և՛ հասարակության համար:

Սակայն կրկին ու կրկին` և՛ քառյակից, և՛ հասարակությունից հնչում են նույն հարցադրումներն ու հայտարարությունները ամբողջական իշխանափոխության մասին: Մինչդեռ ԲՀԿ-ն տալիս է շատ պարզ ու հստակ պատասխան: Երևի սկսեն հայտարարել մի քանի այլ լեզուներով, միգուցե այդպես պարզ բանը բոլորին հասանելի դառնա: Ըստ որում, եթե ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարական, եթե նման հարց ԲՀԿ-ի օրակարգում չկա, սա չի նշանակում, որ ԲՀԿ-ն իշխանություն չի ուզում: Բոլորովին: Սա պարզապես նշանակում է, որ իշխանությունն ու Սերժ Սարգսյանը բոլորովին նույն բաները չեն, և լինել Սերժ Սարգսյանի պաշտոնին` բոլորովին չի նշանակում ունենալ իշխանություն: Սա, իհարկե, չի էլ նշանակում չունենալ իշխանություն:

Ավելի պարզ՝ սա ընդամենը նշանակում է, որ իշխանությունը բոլորովին էլ Սերժ Սարգսյանի պաշտոնով չէ: Այդ պաշտոնն իշխանության տարրերից մեկն է, ըստ որում` դե յուրե շատ որոշիչը, իսկ դե ֆակտո` ընդամենը մի մասը: Հայաստանում իշխանական համակարգի բնույթը, իշխանության կրողների տեսակը, արժեքները, մտածողությունն ու կենսափիլիսոփայությունն այնպիսին է, որ իշխանություն ունենալու, որոշումների կայացմանը մասնակից լինելու համար բոլորովին պետք չէ նախագահի պաշտոնն անպայմանորեն զբաղեցնել: Նախագահի պաշտոնը կարող է լինել իշխանություն ունենալու և որոշումներ կայացնելու արդյունք, սակայն բոլորովին էլ ելակետ կամ վճռորոշ հենակետ չէ: Այլ հարց, եթե համակարգի տրամաբանություն, բնույթ փոխվի:

Ըստ որում` խոսքը միայն սահմանադրականության մասին չէ, այսինքն` սահմանադրական համակարգի հաստատման: Ո՛չ, նաև ավտորիտար բնույթի մասին է, երբ նախագահն է որոշում ամեն ինչ, և մնացյալը ենթարկվում են այդ որոշմանը: Սակայն Հայաստանին ավտորիտար բնույթի իշխանություն չի սպառնում մի քանի պատճառներով: Նախ` առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը մեծապես կախված է արտաքին հովանավորներից, մասնավորապես Ռուսաստանից: Ռուսաստանի համար Հայաստանում ավտորտար բնույթի իշխանությունը շահավետ չէ, քանի որ այն, այսպես ասած, ինքնակարգավորման մեխանիզմներից զուրկ է և կարող է առաջացնել պարբերաբար միջամտելու անհրաժեշտություն: Առավել նպաստավոր է ներկայիս ամբողջատիրական բնույթը, երբ շատ հարցեր կարգավորվում են հենց մեխանիզմի գործունեության արդյունքում, իշխանության տարբեր սեգմենտների հակակշռման արդյունքում, ինչը ստեղծում է առավել կառավարելի և հուսալի վիճակ:

Ինչ վերաբերում է սահմանադրական հեռանկարին, ապա այստեղ էլ լավատեսության հիմքերը քիչ են: Այնպես որ, ամբողջատիրական համակարգը կպահպանվի դեռ բավական երկար ժամանակ, ինչն էլ ըստ էության ավելորդ է դարձնում այդ համակարգի ներսում նախագահի պաշտոնի հարց բարձրացնելը, եթե առկա է որոշումների կայացման մասնակցային համակարգը: Ընդ որում` այստեղ հարկ է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա: Երբ համակարգի որևէ ներկայացուցիչ սուբյեկտ բարձրացնում է որոշումների կայացման մեխանիզմի հարցը, ապա նրա հարցապնդումը, ըստ էության, լեգիտիմ է ողջ համակարգի համար:

Այսինքն` երբ, օրինակ, ԲՀԿ-ն նման հարցապնդումով է հանդես գալիս, այդ հարցապնդումը լեգիտիմ է ՀՀԿ-ի համար: Մարտավարական նկատառումներով կարող են լինել գզվռտոցներ, միմյանց ծաղր ու ծանակ, այս ամենը շոուի մասն է, սակայն ըստ էության` ՀՀԿ-ի համար լիովին ընդունելի են ԲՀԿ-ի նման հարցադրումները, քանի որ ըստ ներհամակարգային տրամաբանության` «Բարգավաճն» ուզում է, այսպես ասած, իրեն հասանելիքը: Սակայն երբ ներհամակարգային սուբյեկտը դնում է նախագահի պաշտոնի հարց, ապա այստեղ նրա հարցադրումները ներքին լեգիտիմությունից զրկվում են, որովհետև այստեղ արդեն ոչ թե հասանելիքի, այլ ըստ էության վերաբաշխման խնդիր է դրվում: Իսկ այդ դեպքում արդեն հարցադրումը զրկվում է լեգիտիմությունից, և այդ հարցադրումը բարձրացնող սուբյեկտը, ըստ էության, դառնում է համակարգի իրական թշնամի, որովհետև ոտնձգություն է կատարում գործող կարգի դեմ, գործող մեխանիզմի դեմ:

Տվյալ դեպքում այդ պատճառով է, որ «Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ է մնում նախագահի պաշտոնանկության հարց բարձրացնելուց: Դա կնշանակի վերաբաշխման հարցադրում, իսկ երբ դրվում է կառավարության կամ այլ բնույթի պահանջ, ապա այստեղ, ըստ էության, ԲՀԿ-ն ընդամենը քննարկում է իր տեղը համակարգում, որը զբաղեցրել է, և որի հարցում սակայն հետագայում եղել են ինչ-ինչ տարաձայնություններ կամ չհասկացվածություններ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս