
Թուրքական նավատորմը մասշտաբային զորավարժություններ է սկսում Սև և Մարմարա ծովերում

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ռազմածովային ուժերն ապրիլի 7-11-ին լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնելու Սև և Մարմարա ծովերում:
Տվյալ զորավարժություններում ներգրավվելու է 7 ֆրեգատ, 2 սուզանավ, 8 հակասուզանավային նավ, 3 օժանդակ նավ, 1 տրալչիկ, ինչպես նաև 6 ուղղաթիռ և 2 ծովային պարեկության ինքնաթիռ:
Զորավարժություններին մասնակցելու են նաև առափնյա պաշտպանության 8 ռազմանավ, ինչպես նաև ռազմաօդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ: Զորավարժությունների նպատակը համատեղ գործողությունների մշակումն է:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին մեկնարկել է թուրքական նավատորմի աֆրիկյան արշավը, ինչը որոշակի քննադատությունների տեղիք տվեց Թուրքիայում` կապված Ղրիմում իրավիճակի լարվածության ֆոնին տարածաշրջանից թուրքական նավատորմի մի զգալի մասի հեռացման հետ:
Ի դեպ, օրեր առաջ Ղրիմի թաթարների առաջնորդը հայտարարեց, թե Թուրքիային առաջարկել է սեփական նավատորմն ուղարկել Ղրիմի ափեր, սակայն Թուրքիան հրաժարվել է: