Բելգորոդի մարզում կին է զոհվել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով
Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով խաղաղ բնակչուհի է զոհվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից:
«Գրայվորոնի շրջանի Դունայկա գյուղում դրոնի հարձակման հետևանքով կին է զոհվել։ Ցավակցում ենք նրա հարազատներին ու մերձավորներին», – ասվում է շտաբի՝ MAX հարթակի ալիքում տեղադրված հաղորդման մեջ։
Օպերատիվ շտաբում հավելել են, որ Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղում անօդաչու թռչող սարքը պայթել է ձեռնարկության տարածքում, երկրորդ ԱԹՍ-ն հարձակվել է մասնավոր տան վրա, Կրասնի Օկտյաբր գյուղում FPV-դրոնը պայթել է մասնավոր տան բակում:
Շտաբի տվյալներով՝ Վալույկիի շրջանի Ուրազովո ավանը ենթարկվել է FPV-դրոնի գրոհի. վնասվել է ենթակառուցվածքի օբյեկտ, իսկ Սոլոտի գյուղում FPV-դրոնի պայթյունի հետևանքով՝ բեռնատար ավտոմեքենա։
Շեբեկինո քաղաքում դրոնները հարվածել են երկու ձեռնարկությունների. վնասվել են մասնաշենքերից մեկի ճակատային մասը, տեխնիկական սենյակը և երկու բեռնատար ավտոմեքենան: Շեբեկինոյի շրջանի Մալոմիխայլովկա գյուղում FPV-դրոնը պայթել է մասնավոր տան մոտ. վնասվել են տան ճակատային մասն ու ապակիները: Շտաբից նաև հայտնել են, որ Վոզնեսենովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով կոտրվել են մասնավոր տան պատուհաններ:

