Մեկնարկել է թուրքական նավատորմի 102-օրյա աֆրիկյան արշավը (լուսանկարներ, տեսանյութ)

Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ` այսօր մեկնարկել է Թուրքիայի ռազմածովային ուժերի «Բարբարոսա» խմբի աֆրիկյան արշավը: Խմբում ընդգրկված է 4 ռազմանավ. 2 ֆրեգատ` TCG Gediz (F-495) և TCG Oruçreis (F-245), 1 կորվետ` TCG Heybeliada (F-511) և 1 լոգիստիկ նավ` TCG Yb. Kudret Güngör (A-595), ինչպես նաև 3 ուղղաթիռ:

Նավախումբն այսօր հրաժեշտ է տվել Գելջուքի բազային, այդ արարողակարգին մասնակցել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ (հատուկ կոչում թուրքական նավատորմում) Բյուլենթ Բոսթանօղլուն, ինչպես նաև այլ ծովակալներ:

Իր ելույթում Բոսթանօղլուն, խոսելով մարդկության համար ծովերի կարևորության մասին, հիշեցրել է, որ աշխարհում նավթահանքերի ու գազահանքերի մոտ 90 տոկոսը գտնվում է ծովերում ու օվկիանոսներում, իսկ համաշխարհային առևտրի 90 տոկոսն իրականացվում է ծովային ճանապարհով: Նա ընդգծել է, որ ուժեղ տնտեսություն ունեցող երկրներին անհրաժեշտ է ուժեղ նավատորմ:

Նավախմբի աֆրիկյան արշավը տևելու է 102 օր և ավարտվելու է հունիսի 27-ին: Թուրքական նավատորմն անցնելու է Բարեհուսո հրվանդանի (ՀԱՀ) մոտով և հայտնվելու է Հնդկական օվկիանոսում, ինչն աննախադեպ իրադարձություն կլինի նրա համար վերջին 148 տարվա ընթացքում:

Վերջին անգամ թուրքական (օսմանյան) նավատորմն այդ հրվանդանի մոտով (Քեյփթաուն) անցել է 1866 թվականին: Աֆրիկյան արշավի շրջանակներում թուրքական նավատորմն այցելելու է աֆրիկյան 27 երկրի 29 նավահանգիստներ: Ընդգծվում է, որ թուրքական նավատորմն առաջին անգամ է այցելելու 21 երկրի նավահանգիստներ:

Հիշեցնենք, որ թուրք պաշտոնաթող ծովակալ Նուսրեթ Գյուները սրանից առաջ քննադատել էր Թուրքիայի ռազմածովային ուժերի աֆրիկյան արշավը: Նա անթույլատրելի էր համարել  Սև ծովում լարվածության աճի ֆոնին թուրքական ռազմածովային ուժերի կողմից աֆրիկյան կամպանիա ձեռնարկելը և դրանով իսկ  տարածաշրջանում սեփական ներկայությունը թուլացնելը:

Ինչ վերաբերում է Բարբարոս Հայրեդդին փաշային, ապա նա օսմանյան նավատորմում ծառայել է 1500-1545 թվականներին: Նա հանդիսանում է Օսմանյան պետության նավատորմի առաջին գերագույն հրամանատարը (կապիտան փաշան) և մեծ ծովակալը (մարշալ): Նա Միջերկրական ծովում այնպես է ընդլայնել օսմանյան գերիշխանությունը, որ պատմաբանների մի մասը Միջերկրական ծովը որակել է որպես «թուրքական լիճ»:

Ի դեպ, Թուրքիան 2002-2013 թվականներին աշխարհի տարբեր երկրներում բացել է 36 դեսպանատուն և 22 գլխավոր հյուպատոսություն, ընդհանուր առմամբ` 58 նոր ներկայացուցչություն: Հաշվետու ժամանակահատվածում բացված ներկայացուցչությունների (25) քանակով առաջատարն Աֆրիկան է:

Եթե մինչև 2002 թվականը Թուրքիան աֆրիկյան երկրներում ուներ 12 դեսպանատուն և 2 գլխավոր հյուպատոսություն, ապա 2013 թվականին՝ համապատասխանաբար 35 դեսպանատան ու 4 գլխավոր հյուպատոսության:

A 1_467137 A A A A A A

Տեսանյութեր

Լրահոս