«Այս քայլով նախագահ Սարգսյանը բացել է նոր բանակցային հնարավորություններ՝ կոալիցիոն որոշումների համար»

Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ կապված քաղաքական մանևրն ավելի ճիշտ է բնորոշել որպես ժամանակին և կանխող: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:

«Ձեզ հետ իմ նախորդ հարցազրույցում ես նշել էի նման բնույթի փոփոխությունների պահանջվածության և հավանականության մասին: Հասկանալի է, որ այս քայլով նախագահ Սարգսյանը բացել է նոր բանակցային հնարավորություններ՝ կոալիցիոն որոշումների համար: Այլապես դժվար թե մենք «լավատեղյակ աղբյուրներից» լսեինք այն մասին, որ նոր վարչապետ կարող է լինել և ոչ հանրապետականը: Ասել, թե կոնկրետ ով կլինի նա և, առավել ևս, թե ինչպիսին կլինի նոր կառավարության կազմը, ներկայումս գործնականում անհնար է: Պարզ է, որ բանակցություններ են ընթանում և կոնֆիգուրացիան կախված կլինի նրանից՝ կհաջողվի՞ համաձայնություն ձեռք բերել, թե՞ ոչ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ կա 3 հնարավոր տարբերակ. «Եթե բանակցությունները հաջողվեն, մենք կտեսնենք թեկնածու, որն ընդունելի կլինի բոլոր հիմնական, շեշտում եմ՝ հիմնական, խաղացողների համար, իսկ եթե չհաջողվի համաձայնության հասնել, ապա ստիպված կլինեն պահուստները «քչփորել», խաղաթղթերը խառնել: Առաջինը դժվար է, բայց ոչ անհնար: Երկրորդ տարբերակը միանշանակ վատ է թե´ երկրի, թե´ իշխանությունների համար: Tertium datum՝ ոչ մեզ, ոչ ձեզ: Այս տարբերակը համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոկրատ է, բայց դրա հավանականությունը զգալիորեն ավելի քիչ է, քան առաջին երկուսինը»:

Տեսանյութեր

Լրահոս