Դատարանը պետք է բացարձակ անկախ լինի. Սփյուքահայ ներդրող
Մեր զրուցակիցն է սփյուռքահայ ներդրող, «Միթեփ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Միսակ Թեբելեկյանը, ով 30 տարուց ավելի է՝ արտագաղթել է Հայաստանից:
– Պարոն Թեբելեկյան, ի՞նչն էր պատճառը, որ հեռացաք հայրենիքից:
– Այն ժամանակ կոմունիստական համայնավարական հասարակարգ էր: Որպես արտերկրաբնակ հայ՝ մենք վարժված էինք ավելի ազատ ու ճիշտ ապրելու: «Ճիշտ» ասելով՝ նկատի ունեմ ընտանիքում փոխհարաբերությունները՝ հոր, մոր և բոլոր հարազատների միջև: Հարազատական մտածողությունն ու համայնավարական մտածողությունը չէր համապատասխանում մեր կենսակերպին: Հայաստանում ստանալով կրթություն՝ ես ինքս իմ թեկնածուական թեզն այստեղ եմ պաշտպանել, առիթ եմ ունեցել կարճ ժամանակ Ճարտարագիտական համալսարանում աշխատելու: Մենք նյութական որևէ դժվարություն չունեինք, քավ լիցի, բայց գաղափարական նկատառումներից ելնելով՝ ստիպված հեռացանք հայրենիքից ու մեկնեցինք ԱՄՆ:
– Այնտեղ ինչո՞վ եք զբաղվել:
– Հիմնականում՝ շինարարությամբ: Աստված ինձ տվել է շնորհք, որ ես մասնակցեմ Հոլիվուդի Սուրբ Կարապետ մայր տաճարի շինարարությանը, որից հետո՝ նաև դպրոցների և այլ շինարարությունների:
– Այժմ վերադարձել եք Հայրենի՞ք, թե՞ պարզապես բիզնեսով եք զբաղվում այստեղ:
– Հոգով ես միշտ Հայրենիքում եմ: Երբ դուրս էի գալիս, ասում էի՝ գնում եմ Հայրենիքիս համար: Իմ ընտանիքն այնտեղ է ապրում, իմ կինը, զավակները, գնում-գալիս ենք: Ես կատարում եմ այն առաքելությունը, որ Աստված է սահմանել:
– Ինչպե՞ս եք այստեղ սկսել Ձեր գործունեությունը:
– 2004-ին այստեղ շինարարությունը բուռն զարգանում էր, ուզեցի անպայման մասնակցել՝ հույս ունենալով նաև, որ շինարարության զարգացումը կբերի լավ, զարգացած տնտեսական փոխհարաբերությունների: Ցավոք սրտի, իհարկե, համաշխարհային ճգնաժամը նմանապես չնպաստեց, որ մենք զարգանանք, ավելի հետ գցեց երկրի տնտեսությունն ու ցույց տվեց մեր արատները տնտեսության մեջ: Բայց ես որոշեցի մնալ, և ամենավատ տարին՝ 2010-ին, մենք սկսեցինք շինարարություն, որ ոչ մեկը չէր համարձակվի: Այդտեղ էր, որ մենք գտանք, որ ընդհակառակը՝ այս պայմաններում պետք է անել, օգնել տնտեսությանը, ինչպես նաև՝ ժողովրդին: Մեր հաշվարկով՝ մոտ 200 մարդ աշխատել է այդ շինարարության վրա, նրանք իրենց ընտանիքն են կերակրել: Սա, իհարկե, փոքր, բայց այն մտածողության արգասիքն է, որ ինձ մոտ կար:
– Շատ է հնչում տեսակետ, որ արտերկրի հայերը վերջերս շատ ավելի քիչ ու դժվարությամբ են գալիս Հայաստան՝ ներդրումներ անելու: Եվ շեշտվում է, որ միայն հայրենասիրության վրա տնտեսություն չես կառուցի: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այսպիսի իրավիճակ ստեղծվեց, և ինչպե՞ս շտկել այն:
– Դա, իհարկե, տնտեսագետների, մասնագետների ասելիքն է, բայց, ինչպես բոլոր քաղաքական գործիչները, այնպես էլ՝ տնտեսական մասնագետները խնդիրները շատ լավ պատկերացնում են: Ամենակարևորը տնտեսվարողի պաշտպանվածությունն է: Դա նշանակում է, որ արդարադատության և տնտեսական այնպիսի պայմաններ պետք է ստեղծել, որ ներդրողը գա ու պաշտպանված լինի, որ ներդրողը գա ու արդյունավորի իր գործունեությունը: Իսկ այդ առումով մենք մեր Հայրենիքում բարենպաստ միջավայր չունենք:
– Տեսնում ենք, որ շատ դատական գործընթացներ են լինում, որտեղ տուժած ներդրողը պայքարում է իր իրավունքների համար: Ձեր կարծիքով՝ ելքը ստեղծված իրավիճակից ո՞րն է:
– Գիտեք, ես ապրում եմ մի երկրում, որտեղ դատարանն ինքն իրավունք ունի միջամտել նույնիսկ նախագահի մակարդակի փոխհարաբերություններում: Եթե որևէ մեկը՝ կոնգրեսմեն, սենատոր, նահանգապետ, ով ուզում է լինի, կատարում է որոշ օրենքի զանցառություն, անպայման դատարանն իրավունք ունի և կարող է ազդել նրա վրա: Օրինակները շատ են: Շատ պարզ է, եթե կատարված է օրենքի խախտում, խախտողը պետք է պատասխան տա:
– Ձեր կարծիքով՝ Հայաստանում խնդիրը դատակա՞ն համակարգում է, թե՞ ավելի շատ քաղաքական հարթությունում է:
– Կարծում եմ՝ ընդհանուր դատական համակարգի խնդիր կա: Դատարանը պետք է բացարձակ անկախ լինի: Եվ դատարանի անդամներն իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչը կատարվում է ԱՄՆ-ում: Որովհետև, եթե դատավորը որևէ զանցանք է կատարում, անպայման պատասխանատվության է ենթարկվում: Դատական համակարգն ինքն իրեն մաքրում է: Երբեք որևէ իշխանավոր, ավելի բարձր կանգնած ինչ-որ պաշտոնյա չի կարող ազդել դատարանի որոշումների վրա: Դա շատ կարևոր է, և բոլոր ժողովրդավար երկրներում դատարանը պետք է լինի այդպիսին՝ անկախ իր որոշումների մեջ:
– Արտերկրում ապրող հայ ներդրողների մոտ կուտակված են միլիոնավոր-միլիարդավոր դոլարներ, և ցանկության դեպքում՝ Հայաստանը, պատկերավոր ասած, «մեկ օրում» կարող են ոտքի կանգնեցնել: Ի՞նչ բանաձև եք կա նրանց այստեղ բերելու, կրկին վստահություն ներշնչելու:
– Բանաձևը շատ պարզ է՝ տնտեսագիտական օրենքները, որ այսօր կան, կիրառել, ստեղծել պաշտպանվածություն գործարարների համար, և մնացյալն իր մեջ կա, հայ գենի մեջ է, որ հայ գործարարներն արտերկրից գան, այստեղ բիզնես սկսեն:
– Արտերկրում հայերը հավաքվում, քննարկո՞ւմ են Հայաստանի իրավիճակը, թե ինչ պետք է անել այն շտկելու համար:
– Կան մտահոգվածներ, խոսում են, հանդիպում են, բայց այնտեղ ավելի գերիշխող է հին կուսակցական մտածելակերպը՝ ավանդական դաշնակցականը: Կան նաև այլք: Պատկերը շատ խայտաբղետ է, հասարակական-քաղաքական մթնոլորտն ԱՄՆ-ում և արտերկրում բազմագույն է:
– Այստեղ տեսակետ կա նաև, թե՝ քանի որ Հայաստանը փոքր է, շատ-շատերը միմյանց հետ փոխկապակցված են, և դժվար է ձևավորված շղթան քանդել: Դրա լուծումներից մեկը դիտվում է հենց արտերկրի հայության միջամտությունը, նրանց ազդեցությամբ փոփոխությունների իրականացումը:
– Հավանաբար Ձեր դիտարկումը բավականին մոտ է իրականությանը, և, ինչպես ես այստեղ այլ հարթակներում էլ եմ ասել, մենք պետք է լինենք միասնական, մի ամբողջական հայություն, տարբերություն չդնելով, թե ով է այստեղ ծնվել, մեծացել, ով որտեղ է կրթություն ստացել: Եթե մենք միասնական լուծումներ մտածենք, այնտեղի ներուժը սկսենք օգտագործել, դա լինի կենցաղային, հասարակական, քաղաքական, տնտեսական, ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա, այդ ներուժը ծառայեցնենք Հայրենիքին, մեր այս հողակտորի վրա, մենք կունենաք շատ մեծ արդյունքներ: