Պարտադիր բաղադրիչը կգանձվի որպես պարտադիր վճար. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հրապարակած իր որոշմամբ բավարարեց ԱԺ 36 պատգամավորի դիմումը եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մոտ մեկ տասնյակ դրույթներ ճանաչեց հակասահմանադրական:
Հանրային շրջանակներում որոշման հրապարակմանը հաջորդած ուրախությունը, սակայն, արագ մարեց, որովհետեւ ուշադիր դիտորդները նկատեցին, որ Գագիկ Հարությունյանի կողմից մեկուկես ժամանոց ընթերցանության միջոցով հրապարակած որոշումը ամբողջությամբ տեղավորվում է Սերժ Սարգսյանի պատգամների մեջ:
Այսօր շատերն են ուզում հասկանալ, թե ՍԴ որոշումը ինչ է նշանակում եւ նշանակելու գործնական կիրառման մեջ: Տարօրինակ չթվա, բայց այդ հարցի պատասխանը տվել է Սերժ Սարգսյանը ս/թ փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ Կուտակային կենսաթոշակների մասին հարցին պատասխանելիս:
Հաջորդիվ մեջբերում ենք Սերժ Սարգսյանի խոսքերը Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին. «Որեւէ մեկը չի կարող ասել,որ այս բարեփոխումները պետք չեն, նույնիսկ մեր ամենախիստքննադատներն ասում են չէ՞, որ բարեփոխումներ պետք են, բայց այսմի դրույթը սխալ է, այն մի թեզը ճիշտ չէ (…) Ես չեմ բացառում,միգուցե, այդ օրենքում կան անհարթ իրավաբանականձեւակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն: Չեմ բացառում:Բայց եթե որեւէ մեկը կասի՝ ինքը պատրաստ է իդեալականփաստաթուղթ գրելու եւ միանգամից տանելու ու դնելու հանրայինքննարկման, եւ հետո այնտեղ որեւէ մեկը խրթինություն չիհայտնաբերի, կասեմ, որ դրան չեմ հավատում:Ծավալունփաստաթուղթ է, նորից եմ ասում՝ կարող են լինել անհաջողձեւակերպումներ. մենք պատրաստ ենք այդ անհաջողձեւակերպումներն ուղղել: Իմաստը, վստահ եմ, որ չի փոխվելու, եւայդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է: (…) Անպայմանանելու ենք» (մեջբերման ավարտը):
Դժվար է, ուրեմն, չնկատել, որ Գագիկ Հարությունյանի մեկուկես ժամանոց տեքստը համահունչ է Սերժ Սարգսյանի պատգամներին, եւ ժամուկեսանոց որոշումը ընդամենը արձանագրումն էր այն բանի, թե որոնք են անհաջող ձեւակերպումները, եւ որ ձեւակերպումները պետք է ուղղվեն: ՍԴ որոշումը այս իմաստով մոտավորապես կանխատեսելի է դարձնում կառավարության հետագա գործողությունները:
Կկատարվեն օրենսդրական փոփոխություններ, որոնցից հետո պարտադիր կուտակային բաղադրիչը կգանձվի ոչ թե որպես պարտադիր կուտակային վճար, այլ որպես պարտադիր սոցիալական վճար: Եւ սա թափանցիկ կերպով ակնարկվում էր Գագիկ Հարությունյանի հրապարակված որոշման մեջ: Սոցիալական ապահովության պարտադիր վճարի գաղափարը կարմիր թելի նման անցնում էր ՍԴ որոշման մեջ:
Սրանով կլուծվի նաեւ Կուտակայինի կոնֆլիկտը Սահմանադրության հետ: Հիմա կառավարությունն ասում է, որ պարտադիր կուտակային վճարը քաղաքացու սեփականությունն է, բայց նա պարտադիր կարգով պետք է այդ գումարը վճարի հատուկ հաշվեհամարին: Իսկ մեր Սահմանադրությունն ասում է, որ քաղաքացին պետք է իր սեփականությունը իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորություն ունենա: Այստեղ էլ ծագում է սահմանադրական խնդիրը:
Իսկ Սահմանադրության մեկ այլ՝ հոդված 45-ը ասում է. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ»: Ահա, ուրեմն, բոլոր հիմքերը կան մտածելու, որ իշխանությունը երկարատեւ այս էպոպեայի արդյունքում մտադիր է շտկել այս նրբությունը, կամ ինչպես Սերժ Սարգսյանն է ասել՝ անհարթ իրավաբանական ձեւակերպումները, պարտադիր վճարը փոխարինել սոցիալական ապահովության պարտադիր վճարով եւ համակարգը աշխատեցնել առանց այդ սխալ ձեւակերպումների:
Իհարկե, տեղի ունեցածի մեջ դավադրություն փնտրելը գուցե թե պատեհ չէ, բայց այս ամենը գոյության իրավունք է տալիս այն վարկածին, որ ամեն ինչ ի սկզբանե հենց այսպես էլ պլանավորվել է: ՍԴ որոշումը մարելու է պարտադիր կուտակայինի շուրջ գոյացած կիրքը, բոլորը ներքաշվելու են անհաջող ձեւակերպումները շտկելու քննարկումների մեջ, վերացվելու են օրենքի հակասահմանադրական դրույթները, ասել է, թե դրա դեմ հանդես գալու փաստարկները: Համենայնդեպս, սա մի սցենար է, որ ակնհայտորեն ուզում է իրականացնել իշխանությունը:
Եւ ի դեպ, հաջորդ անհասկանալի պահը. ՍԴ-ում 36 պատգամավորների ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը երեկ որոշման հրապարակմանը հաջորդած ասուլիսում մի տարօրինակ հայտարարություն է արել. «Գոհունակություն եմ ուզում արձանագրել, որ նաեւ Հանրապետության նախագահը իր լիազորությունը չփորձեց գործադրել Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշում բանեցնելու առումով:
Եւ սա իսկապես քաղաքացիական, սահմանադրական պետության ձեւավորման կարեւոր քայլ պետք է մենք այս պահին դիտարկենք»:
Հայտարարությունը տարօրինակ է մասնավորապես այն պատճառով, որ վերը բերված մեջբերումով ցույց տվեցինք, որ Սերժ Սարգսյանն իր միջամտության հարցը դեռ փետրվարին լուծել վերջացրել էր:
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։