Բաժիններ՝

Կարո՞ղ եք ասել. «Չգիտեմ»…

Երբ դպրոցում էինք սովորում, դասագրքերում յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո հանդիպում էր այս հարցը՝ «Նշեք ստեղծագործության բացասական հերոսներին, հիմնավորեք» կամ` «Գտեք դրական հերոսներին, հիմնավորեք»: Մեխանիկորեն «դրական» ու «բացասական» հերոսներին թվելու ավանդույթը խախտվեց Րաֆֆու «Սամվելի» ընթերցումից հետո, երբ մեր ուսուցչուհուց հետաքրքրվեցինք՝ հանուն հայրենիքի հորը, իսկ հետո` նաև մորը սպանել կարելի՞ է, թե՞ չէ:

Նա չգիտեր՝ ինչ պատասխանել: Եվ կարելի՞ է, առհասարակ, գնահատել՝ սա դրական հերոս է, սա՝ բացասական: Կամ՝ սա, առհասարակ, հերո՞ս է, թե՞ ոչ:

Տարիքի, փորձի հետ հասկանալի է դառնում, որ չարի ու բարու սահմանագիծը թափանցիկ է, և, որ մարդը տարբեր իրավիճակներում վարքի տարբեր, երբեմն՝ ծայրահեղ, դրսևորումներ է ունենում: Այսինքն՝ կատեգորիկ լինելը, հարցերին «դրականի» կամ «բացասականի», «լավի» կամ «վատի» դիտանկյունից նայելը, հարցի պատասխանը տանում է փակուղի կամ չափազանց նեղացնում է ամբողջական պատկերը:

Ցանկացած իրադարձություն, հատկապես, եթե այն աշխարհաքաղաքական նշանակության է, գայթակղություն է առաջացնում անպայման տեսակետ հայտնել: Այն, որ ամեն խոհարարուհի կարող է կառավարել երկիրը, ժամանակին ուրախ էր հնչում, ու ընդամենը: Սակայն այսօր արդեն իրականություն է, որ ամեն խոհարար(ուհի) կարող է գեոպոլիտիկ, հեռուն գնացող եզրակացություններով եզրահանգումներ անել ու անկեղծորեն վշտանալ՝ համախոհների բանակ չունենալու համար:

Հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. երբ, որպես լրագրող, որևէ իրադարձությունից հետո դիմում եմ մասնագետներին, նրանք եզրակացությունը հրապարակելու համար ժամանակ են խնդրում՝ խնդիրն ամբողջական, բազմակողմանի քննելու, պատկերացնելու համար, որպեսզի խոսքը հիմնավոր լինի:

Ընդ որում, յուրաքանչյուր պնդումից առաջ նկատում են. «Իմ կարծիքով…», «Ինձ թվում է…»: Այսինքն՝ դարձյալ տեղ են թողնում սխալվելու:

Ոչ մասնագետները, որոնք, ինձ թույլ եմ տալիս նկատել, չափազանց շատ են, իրենց տեսակետները հնչեցնում են՝ առանց կաշկանդվելու, կատեգորիկ, առարկություն չհանդուրժող տոնով:

Կատեգորիկությունը վաղուց արդեն ֆեյսբուքում բնակություն է հաստատել, իրենց պնդումներում անհողդողդ օգտատերերն արդեն գործնական քայլերի են դիմում. զվարճալի են նրանք, որոնք սեփական տեսակետները, հատկապես աշխարհաքաղաքական՝ Ռուսաստան-Հայաստան-Միացյալ Նահանգներ-Եվրոպա և, մոռացա, Չինաստան, թեմաներով, առանց բարդույթավորվելու, ներկայացնում են:

Նրանց չի կաշկանդում փաստը, որ չունեն համապատասխան կրթություն, ինֆորմացիոն բազա, փորձ: Վնաս չունի…

Իսկ օրեր անց, երբ նրանց պնդումներին հակադարձողներն, այդուհանդերձ, համառում են, հնչում է ամփոփիչ ակորդը՝ «Ինքնամաքրվեք ընկերներիս ցուցակից՝ քանի դեռ ինքս չեմ արել դա»:

Իբրև թե՝ վերլուծություններ անելիս՝ կորցրել են զգոնությունն, ու ընկերների «ցուցակ» են ներթափանցել քաղաքական կասկածելի հայացքներ ունեցող այլախոհներ, որոնց էլ ուղղված են «ինքնաջնջվելու» կոչերը:

Հիմա քննարկումների կիզակետում ուկրաինական իրադարձություններն են, ավելի ստույգ՝ Ղրիմի միավորումը (կամ գուցե՝ բռնակցումը) Ռուսաստանին:

Ուղղակի զարմանալի են սիրողական վերլուծությունները:

Դրանք որքան փաստարկված չեն, նույնքան կատեգորիկ են: Ինքս այս ամենից, բնականաբար, գլուխ չեմ հանում: Էմոցիոնալ մակարդակով՝ այո, կարելի է ունենալ մարդկային կամ մշակութային համակրանքներ, տեսակետներ, սակայն դրանք որպես գնահատական, եզրակացություն ներկայացնելուց առաջ պետք է զինված լինել հիմնավորված տեղեկատվությամբ, տիրապետել իրավիճակին, ինչպես գիտնականներն են ասում, տարածության ու ժամանակի մեջ: Այլ ոչ թե կառչել փոքրիկ մի դրվագից ու դրանից հեռուն գնացող ենթադրություններ անել:

«Կատեգորիկությունը հիմարության նշան է»` անգլիական այս ասույթը ևս կատեգորիկ է հնչում, սակայն ճշմարտության տարրեր ունի: Լինել կատեգորիկ, իրավացիությունդ համառորեն պնդել, թերևս, կարելի է, երբ դրան հանգել ես սեփական փորձով: Իսկ եթե դու կատեգորիկ ես, որովհետև գտնում ես, որ սխալվել ուղղակի չես կարող, այս դեպքում անգլիական ասույթն ուղիղ թիրախին է խփում:

«Մարդը երբեք ոտք չի դնի Լուսնի վրա», «Աշխարհում չի գտնվի և հինգ հոգի, որոնք անհրաժեշտություն կունենան իրենց տանը համակարգիչ ունենալ»:

Սրանք ժամանակին, կատեգորիկ տոնով ասված մտքեր էին, որոնք տասը-քսան տարի անց հերքվեցին: Եվ այն էլ՝ ինչպես:

Ոչինչ կատեգորիկ պնդել հնարավոր չէ: Մինչև երեկ անառարկելի էր թվում երկրի նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մականունը՝ «50 տոկոս»: Տակավին երկու օր առաջ ԱԺ պատգամավորները սրբագրում մտցրեցին անգամ այդտեղ՝ «70 տոկոս»:

Տարիներ առաջ հարցազրույց էի անում աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկի՝ Սվետլանա Նավասարդյանի հետ: Երբ հարցրեցի Հայաստանի ներքաղաքական ինչ-որ իրադարձության վերաբերյալ (արդեն չեմ հիշում՝ ո՛ր), նա պատասխանեց. «Չեմ կարող կարծիք հայտնել, քանի որ ամբողջական ինֆորմացիային չեմ տիրապետում»:

Գուցե սխալ եմ, սակայն ինձ թվում է՝ «չգիտեմ» ասելու համար ևս չափազանց շատ գիտելիք է հարկավոր: Որոշ դեպքերում՝ նույնիսկ տաղանդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս