Սերգեյ Մարկեդոնով. Ռուսաստանը պարզապես ուզում է հետխորհրդային տարածքը

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ

– Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և հատկապես` Ղրիմում:

– Ուկրաինայի և Ղրիմի հարցը պայմանականորեն պետք է բաժանել մի քանի մասերի: Առաջինն իրավիճակն է Ղրիմի թերակղզում, այստեղ որոշակի տրամադրություններ և զարգացումներ կան, երկրորդը` Ղրիմի և Կիևի փոխհարաբերություններն են, երրորդը` ռուս-ուկրաինական հարաբերությունները, և չորրորդը` ամենաբարձր մակարդակը, ընդհանրապես միջազգային հարաբերությունները, մասնավորապես` Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները:

Երբ ասում են, թե Ռուսաստանը շահեր չունի, անհասկանալի է, քանի որ շահերից շատերը ձևակերպվել են վաղուց և շատ հստակ կերպով: Ուկրաինայի դեպքում Ռուսաստանի շահն Ուկրաինայի` որևէ դաշինքում չընդգրկվելը և ՆԱՏՕ-ի կազմի մեջ չմտնելն է: Նույնը վերաբերում է հետխորհրդային պետություններին: Այս տեսությունը վաղուց է հրապարակվել և հետևողականորեն կյանքի է կոչվել: Դեռ 97 թվականից, երբ ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայի հաշվին ընդլայնվում էր, ՌԴ-ն հայտարարեց, որ դա Սառը պատերազմի շարունակություն է, և այդպիսի ընդլայնումը բացասական է:

Կարդացեք նաև

Հաջորդն, իհարկե, սևծովյան նավատորմի և Սևաստոպոլի ռազմաբազայի հարցն է: Խորհրդային տարիներին Ղրիմը և Ուկրաինան մեկ խոշոր պետության մասն էին, և սևծովյան նավատորմի ենթակառուցվածքների զգալի մասը կենտրոնացած էր հենց Սևաստոպոլում: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, այնպես ստացվեց, որ նավատորմի 70 տոկոսը հայտնվեց ՌԴ սահմաններից դուրս:

Սա լուրջ խնդիրներ առաջացրեց: Դրանք երկար ժամանակ կարգավորվում էին, բայց երբ Ուկրաինայում հեղափոխության միջոցով տեղի ունեցավ իշխանափոխություն, առաջացավ վտանգ, որ տվյալ համաձայնությունները կարող են չկատարվել, և ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ուկրաինայի կարգավիճակը կարող է վերանայվել, այդ ժամանակ Ռուսաստանը սկսեց գործել այնպես, ինչպես այժմ գործում է: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա, անշուշտ, եթե Ղրիմում չլինեին ռուսամետ տրամադրություններ, և բնակչության շրջանում չլիներ հակում` դուրս գալու Ուկրաինայի կազմից, ապա ՌԴ-ն ոչինչ էլ չէր կարող անել: Աշխարհում բազմաթիվ խնդրահարույց կետեր կան, բայց ո՛չ Ռուսաստանը, ո՛չ մյուս պետությունները չեն փորձում ազդել դրանց վրա, որովհետև հնարավոր չէ, չկան նախադրյալներ:

Իսկ եթե խոսենք այն մասին, թե ինչի հանգեցրեց այս ամենն այսօր, ապա ակնհայտ է, որ ԱՊՀ-ն իրականում արդեն գոյություն չունի, հետխորհրդային տարածքը մնացել է, ԱՊՀ-ն չկա, որովհետև ԱՊՀ-ն ստեղծվել է Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից: Այն, ինչ հիմա տեղի կունենա, բոլորովին նոր բան է լինելու: Թե ինչ` կտեսնենք:

Ըստ էության, մենք տեսնում ենք ամենամեծ լարվածությունն Արևմուտքի և Ռուսաստանի միջև` ԽՍՀՄ փլուզումից հետո: 2008 թ. մենք կարծում էինք, որ ընկել ենք ամենախորը փոսը, բայց պարզվեց, որ ավելի ցածր էլ կարելի է իջնել: Եվ թե ուր կտանի սա, որևէ մեկը հստակ չի կարող ասել, որովհետև ուկրաինական ճգնաժամը չդարձավ կայունացման կետ: Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի հետ ամենամեծ խնդիրը ոչ թե այն է, որ այնտեղ ինչ-որ դիկտատուրա է հաստատվել, այլ այնտեղ իշխանություն չկա: Այսինքն` դժվար է հասկանալ, թե ում հետ կարելի է բանակցել:

– Չե՞ք կարծում, որ սա սխալ գնահատական է, քանի որ, կարծես թե, Կիևում կա իշխանություն, կառավարություն, որտեղ ներկայացված են տարբեր հակադիր քաղաքական ուժեր:

– Եկեք տարբերակենք որոշակի քարոզչական հոսքերը, որը միշտ էլ կա` բոլոր կողմերում, թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան: Ի՞նչն է Մոսկվային վախեցնում: Նրան վախեցնում է այն, որ իշխանության մեջ գտնվող մարդիկ բազմաբնույթ գործիչներ են: Ֆաշիստներ էլ կան, և խնդիրը Յարոշն ու «Правый сектор»-ը չեն: Շատերն ասում են, չէ՞, որ Յարոշը նախարար չէ: Բայց կարդացեք, թե ինչ է ասում, օրինակ, Տյագնիբոկը, ով պատգամավոր է, կա նախարար` Պարուբի ազգանունով, Մայդանի պարետը: Նրա հայտարարությունները նույնպես հայտնի են:

Օրինակ, վարչապետ Յացենյուկը հայտարարում է, թե պետք չէ շտապել վիզաների հարցում, իսկ մեկ այլ նախարար՝ Պարուբին, հայտարարում է` «մենք թքած ունենք այն ուկրաինացիների վրա, ովքեր Ռուսաստանում են»: Այսինքն` իշխանություն, որպես այդպիսին, չկա: Իշխանությունը ոչ թե այն է, որ փողոցում մարդիկ են քայլում` ինքնաձիգերով, այլ` երբ փողոցում քայլում են ոստիկանները: Եվ երբ «Մայդանը» բացականչում է նախարարների անուններ` «любя, не любя», ինչպես կազակներն էին անումգ այսինքն` պետք է պարզել` մենք գործ ունենք Զապորոժյան Սեչի՞ (կազակական ճամբարի.- Ա.Ս.), թե՞ պետության հետ:

Իմ կարծիքով` Մոսկվան կկարողանար լեզու գտնել նույնիսկ ազգայնականների իշխանության հետ, եթե դա լիներ իրական, ամբողջական իշխանություն, որը կկարողանար վերահսկել ուժային կառույցները, օրենքները, գործընթացները, ի վերջո, իր խոստումները, ձևավորեր ինչ-որ միասնական քաղաքականություն, ոչ թե այսպես` վիզաներ կլինե՞ն, թե՞ ոչ, դիվանագիտական հարաբերություններ կլինե՞ն, թե՞ կխզվեն:

– Բայց ամեն դեպքում` տեսանք, որ Ռուսաստանն էլ իր կողմից փակեց սահմանն ուկրաինական ապրանքների համար:

– Այդուհանդերձ, վիզաներ դեռ չի մտցրել: Ես չեմ ասում, թե ով է լավը կամ ով է վատը: Ես նկարագրում եմ իրավիճակը: Խնդիրն այն է, որ «Մայդանը» ողջ Ուկրաինան չէ, «Մայդանը» Ուկրաինայի կարևոր մասի կարծիքն է, նրա կարևոր սեգմենտի, բայց դա ողջ Ուկրաինան չէ: Ինձ թվում է` հենց սա չհասկանալն էլ բերեց մյուս խնդիրների առաջացմանը: Ուկրաինան շատ տարբեր է, և եթե Կուչման ժամանակին գիրք էր գրում` «Ուկրաինան Ռուսաստան չէ» վերնագրով, պետք է երկրորդ հատորն էլ գրեր` «Ուկրաինան Մայդանը չէ», և երրորդը` «Ուկրաինան Գալիցիան չէ»:

Հնարավոր չէ կառուցել բազմաշերտ պետություն, որում հաշվի չեն առնվում տարբեր մարդկանց շահերը: Օրինակ` Ռուսաստանում շատերն արդարացիորեն քննադատում են Պուտինին` Չեչնիային և Ռամզան Կադիրովին ավելորդ լիազորություններ տալու համար, բայց դա հարցի գինն է: Կարելի էր Կադիրովին չտալ այդպիսի մեծ լիազորություններ, բայց այդ դեպքում հարց կլիներ` Չեչնիան կմնա՞ր Ռուսաստանի կազմի մեջ, թե՞ ոչ: Շատ են քննադատում Պուտինին, թե Կովկասին մեծ գումարներ են հատկացվում, այստեղից էլ կարգախոսը` «հերիք է Կովկասին կերակրենք»: Բայց եթե դու չկերակրես Կովկասին, նա ինքն իրեն կսկսի կերակրել, կամ մեկ այլ պետություն այդ հանձնառությունը կվերցնի իր վրա: Եթե ուզում ես բազմաբնույթ պետություն ունենալ, ապա պետք է հարգես տարբեր հատվածներին: Ահա այդպիսի իշխանության հետ դժվար է խոսել, թեև ֆորմալ առումով նա կա:

– Երբ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով գնահատական է հնչում, թե Ուկրաինայի իշխանությունն օրինական չէ, արդյոք սա չի՞ նշանակում, որ Մոսկվային առանձնակի չի հետաքրքրում` Կիևում իշխանություն կա՞, թե՞ ոչ:

– Ինչպե՞ս կարող է նրան չհետաքրքրել, Ռուսաստանին շատ է հետաքրքրում այդ հարցը, որովհետև, եթե իշխանություն չկա, ապա դա նոր հակամարտություն է և նոր ցնցումների հնարավորություն: Դուք կարծում եք, թե Մոսկվան այդքան հեշտությա՞մբ է կայացրել Ղրիմի որոշումը: Եթե ես եմ դա հասկանում, մի՞թե Կրեմլում չէին հասկանում, որ դա նոր հավելյալ ծախսեր են, նոր թոշակներ, 2,5 մլն բնակչություն (60 000 չէ, ինչպես Հարավային Օսիայում), լրջագույն խնդիրներ կան` կապված թերակղզու կոմունիկացիաների, Ղրիմի թաթարների հետ: Պուտինը պատահականորեն չանդրադարձավ այս խնդիրներին:

Կարծում եք` Ռուսաստանն այլ խնդիրներ չունի՞, որ հիմա Ղրիմով զբաղվի և մյուս հարցերը թողնի չլուծված: Բայց գնացինք դրան, որովհետև որոշակի սահմաններ հատվեցին: Սա էլ պետք է հասկանալ, այսինքն` Ռուսաստանի պատասխանը լավ կյանքից չէր:

Նույնիսկ Պուտինը մեկ շաբաթվա ընթացքում փոխում էր իր որոշումները. ասուլիսին նրան հարցրեցին, թե արդյոք դիտարկո՞ւմ է Ղրիմի միացումը Ռուսաստանին, նա պատասխանեց` «ոչ, չենք դիտարկում», հետո փոխեց որոշումը, որովհետև իրավիճակը փոխվում է: Իսկ Կիևի իշխանությունները չէին երկխոսում Ղրիմի իշխանությունների հետ, միայն հանրաքվեից հետո Յացենյուկը դիմեց և ասաց` հասկանում եմ ձեր մտահոգությունը` լեզվի կարգավիճակի հետ կապված, և այլն: Բայց դա պետք է արվեր անմիջապես, պետք էր ոչ թե օրենքը կասեցնել, այլ առաջին հերթին` դիմել Ղրիմին և ասել` մի անհանգստացեք, այն, ինչ տեղի ունեցավ Կիևում, ոչ մի դեպքում չի ազդի Ղրիմի և ռուսական համայնքի վրա: Դա կարող էր հանգստացնել մարդկանց:

– Ի դեպ, շատերը նույն ասուլիսում Պուտինի պատասխաններն այնքան էլ անկեղծ չհամարեցին, մասնավորապես` «ինքնապաշտպանական ջոկատների» հետ կապված:

– Հասկանում եք` քաղաքական գործիչները կրոնական քարոզիչներ կամ բարոյականության ուսուցիչներ չեն, ոչ էլ սուրբ են: Օրինակ, երբ ԱՄՆ-ը 95 թվին աջակցում էր Խորվաթիային` «Կայծակ» գործողության ժամանակ, այն ժամանակ ևս ամեն ինչ ակնհայտ էր, բայց ոչ ոք չէր ասում` մենք աչք ենք փակում և փաստացի թույլատրում ենք էթնիկ մաքրումները, որոնք եղան հակամարտության հետևանքով: Ուստի, իհարկե, Պուտինի խոսքերում կան խորամանկումներ, այսպես ասած, անկեղծ խեղաթյուրումներ և այլն, բայց եթե մի կողմ դնենք խնդրի շուրջ առաջացած աղմուկը, ապա պարզ է դառնում, որ այս նոր իրավիճակում Ռուսաստանը դեմ էր երկու բանի` ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի ավելի սերտ համագործակցությանը և Սևաստոպոլից ռուսական նավատորմի դուրսբերմանը:

Այն քայլերը, որոնք ձեռնարկվեցին, ուղղված էին դրա կանխմանը: Արդյո՞ք սա լավագույն մեթոդն էր, ո՛չ, բայց արդյո՞ք մյուս ձևերն ավելի լավը կլինեին, եթե Ռուսաստանը պարզապես ասեր` դե գիտեք, Ուկրաինայում տեղի ունեցողը մեզ այնքան էլ չի հետաքրքրում, թող գնա` ուր ուզում է:

– Իսկ ի՞նչ եզրակացություն եք արել այս նոր իրավիճակից` ընդհանուր առմամբ, ինչի՞ կարող է հանգեցնել Ուկրաինայի ճգնաժամը` գլոբալ, աշխարհաքաղաքական իմաստով:

– Տեսականորեն, այս իրավիճակից երկու ելք կա. առաջինը` շարունակել խաղալ «zero-sum game» («զրոյական ելքով խաղ»` կողմերից մեկն անպայման պետք է պարտվի.- Ա.Ս.): Գիտե՞ք` որն է խնդիրը, երբ Սառը պատերազմն ավարտվեց, արևմտյան աշխարհն ընտրեց հայեցակարգ, որը կարելի է անվանել հաղթողի մոդել: Բայց տեսականորեն կար մեկ այլ հնարավորություն` ինտեգրել Ռուսաստանին (պարզ է` ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրելն իրատեսական չէ) ինչ-որ համաեվրոպական կառույցի, որտեղ Ռուսաստանի կարծիքը կլսեին և հաշվի կառնեին: Եվ երկրորդ տարբերակը` «winner takes all»` «հաղթողին` ամեն ինչ»:

Ընտրվեց երկրորդ տարբերակը, որն էլ բերեց այն ամենին, ինչ այժմ տեղի է ունենում. Ռուսաստանը դարձավ ավելի պաշտպանողական, ինչ-որ առումով` ագրեսիվ, և այլն: Եթե սրանից դասեր չքաղեն և կրկին կփորձեն Ռուսաստանին մեկուսացնել, արգելափակել և այլն, դա կբերի լուրջ հետևանքների` Ռուսաստանում միանշանակ կամրապնդվի ավտորիտարիզմը, մեկուսացումը, և արդեն ոչ թե Պուտինը, այլ պարոնայք՝ ռագոզիններ և նմանատիպ մարդիկ կդառնան ռուսական քաղաքականության առաջամարտիկները: Եթե դա է Արևմուտքի ցանկությունը, ապա խնդրեմ:

Բայց պետք չէ հուսալ, թե Ռուսաստանը կդառնա երկրորդ մեծ Լեհաստան, դա ուղղակի չի լինի: Այսպիսով, վերոնշյալն առաջին ելքն էր: Իսկ երկրորդ ելքը սեղանի շուրջ նստելը, բանակցելը և նոր աշխարհակարգի հիմքերը ձևավորելն է: Հին յալթա-պոտսդամյան աշխարհակարգը մահացել է 1989-91թթ., 20 տարի մենք ապրել ենք բավական անհասկանալի կանոններով, այդ ժամանակաշրջանում ակնհայտորեն գերիշխում էին Արևմուտքը և Միացյալ Նահանգները: Այժմ նոր փուլ է սկսվել, և կա՛մ կձևավորվի նոր աշխարհակարգ, կա՛մ էլ այս քաոսը կշարունակվի:

Արևմուտքը, Ռուսաստանը և մյուս գլխավոր խաղացողները պետք է փորձեն սահմանել նոր սկզբունքներ, նոր Յալթա ու Պոտսդամ, այդ դեպքում կլինեն որոշակի ու հասկանալի կանոններ: Այդ կանոնները եղել են անգամ Սառը պատերազմի ժամանակ, երբ թվում էր, թե պետություններին մի քայլ է բաժանում միջուկային պատերազմից, և քննադատություններն էլ` խորհրդային, արևմտյան փորձագետների կողմից, շատ տարբեր էին, դրանք չէին անձնավորվում, քննարկվում էին միայն համակարգային հարցեր: Արևմուտքը հասկանում էր, որ, օրինակ, Չեխոսլովակիայում ու Հունգարիայում խորհրդային շահերն են: Խորհրդային զորքերը մտան Հունգարիա միայն այն ժամանակ, երբ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Չարլզ Բոլինը Խրուշչովի հետ առանձնազրույցում ասաց, թե «Հունգարիան ԱՄՆ-ի դաշնակիցը չէ»: Դիվանագիտական լեզվից թարգմանած` սա նշանակում է` «you are welcome»:

Նմանատիպ պայմանավորվածություն եղել է նաև Չեխոսլովակիա զորքեր մտցնելուց առաջ. Բրեժնևն ԱՄՆ-ի նախագահին է ուղարկել նամակ, որտեղ նկարագրել է սցենարը և նաև հարցրել` «արդյոք հարգո՞ւմ եք Յալթայի և Պոտսդամի պայմանավորվածությունները», Ջոնսոնը պատասխանել է` «այո՛»: Նոր դրանից հետո` 1968 թ. օգոստոսին, զորքերը հայտնվեցին Պրահայում:

Ահա թե որքան բարդ են եղել խնդիրները, և սխալ է այն պատկերացումը, թե «հարբած արջը ելնում և աջ ու ձախ ջարդուփշուր է անում բոլորինգ»: Աշխարհն ավելի բարդ է: Միգուցե այն, ինչ հիմա ասեմ, չափազանց ցինիկ թվա, միգուցե մտածեք, որ ահավոր բաներ եմ ասում, բայց աշխարհի բաժանումը որոշակի ազդեցության գոտիների ավելի լավ կլինի, քան քաոսը, եթե այդպիսի ընտրություն է դրված: Մի անգամ Չերչիլն ասել է` ժողովրդավարությունը կառավարման վատ ձև է, բայց մյուս բոլոր ձևերն ավելի վատն են: Երևի աշխարհի բաժանումը, իրական քաղաքականությունը («ռեալ պոլիտիկը») ահավոր տարբերակ է, բայց մնացածը դրանից էլ վատն են:

– Բայց կարծես թե ազդեցության ոլորտների բաժանում հիմա էլ կա:

– Ահաա՜, կա, բայց այն ֆորմալ չէ: Ի վերջո, ինչո՞ւ տապալվեց ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնավորումը, այն ժամանակ ես ԱՄՆ-ում էի և անմիջապես ասացի` այն կձախողվի, եթե Արևմուտքն ու ԱՄՆ-ը չճանաչեն հետխորհրդային տարածքը ռուսական բացառիկ շահերի գոտի: Ի՞նչ է Ռուսաստանն ուզում, բոլորն ասում են` Ռուսաստանը ԽՍՀՄ-ի նման է: Ո՛չ, մենք ո՛չ հնարավորություն, ո՛չ ցանկություն, ո՛չ ռեսուրս, ո՛չ էլ այնպիսի գաղափարախոսություն ունենք, ինչպիսին կոմունիստականն էր, որպեսզի ստեղծենք այլընտրանք արևմտյան քաղաքակրթությանը: Ռուսաստանը պարզապես ուզում է հետխորհրդային տարածքը, որը ՌԴ-ի վրա ազդող գոտի է. Կովկասի իրավիճակն ազդում է մեր` Հյուսիսային Կովկասի վրա, Ուկրաինան, սևծովյան նավատորմը հարավի անվտանգությունն են: Եվ, բացի այդ, ռուսաստանցիների համար շատ կարևոր է զգացմունքային-հոգեբանական գործոնը. ինչպես, օրինակ, Ղարաբաղն է խորհրդանիշ հայերի համար, այնպես էլ, օրինակ, Սևաստոպոլը` ռուսների համար:

Տեսանյութեր

Լրահոս