ՀՀԿ-ն հավաստիացնում է, որ չի խանգարելու քառյակի կողմից սկսված գործընթացին
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 168.am-ը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե արդյոք նիստում քննարկվե՞լ է ոչ իշխանական չորս խմբակցությունների վերջնական որոշումը՝ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին: Ի պատասխան Է. Շարմազանովն ասաց, թե հարցը չի քննարկվել, բայց նաև թերահավատություն հայտնեց ոչ իշխանական չորս ուժերի վերջնական որոշման վերաբերյալ:
«Բայց ես քառյակից միայն ՀԱԿ-ից եմ լսել այդ մասին, մնացածը չեն արտահայտվել այդ մասին. ԲՀԿ-ից լսե՞լ եք կամ Դաշնակցությունից: Օրինակ` ես Դաշնակցությունից չեմ լսել. բացի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից, այլ ներկայացուցիչների խոսք, հայտարարություն այդ մասին, որ պետք է կառավարությանը անվստահություն հայտնեն, ես չեմ լսել, հերքումներ էլ չեմ լսել: Իսկ եթե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, Ժառանգության անունից Լևոն Զուրաբյանն է հանդես գալիս, դա իրենց խնդիրն է»,- ասաց նա:
Նա նշեց, թե քաղաքական մեծամասնությունը, ինչպես բոլոր երկներում, այնպես էլ՝ ՀՀ-ում, ինքն է իր օրակարգը մշակում: Է. Շարմազանովի խոսքով՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, ուստի քաղաքական ուժերը պետք է ձգտեն նրան՝ ինչը հնարավոր է: «Իսկ քաղաքական փոքրամասնությունը ցանկացած երկրում չի կարող կառավարություն փոխել և վերանշանակել, որովհետև եթե քաղաքական փոքրամասնությունը փոխի, նշանակի կամ վերանշանակի նոր կառավարություն, դա կլինի ընդամենը իշխանություն: Իսկ ընդդիմությունը նրա համար է ընդդիմություն, որ ինքը փոքրամասնություն է և խորհրդարանում չի կարող անվստահություն հայտնել, փոխել կառավարությանը: Սա ընդամենը քաղաքական բլեֆ է…»,- նշեց նա:
ՀՀԿ խոսնակը շեշտեց, որ նոր կառավարություն նշանակելու «մենաշնորհը քաղաքական այն ուժերինն է, ովքեր հանրության կողմից ստացել են վստահության քվե, այսինքն՝ մեծամասնությանն է»: Նրա խոսքով՝ ընդդիմությունը և այլընտրանքը մեծ ցանկության դեպքում էլ կառավարությունը փոխելու հնարավորություն չունեն:
Մեր դիտարկմանը, թե քառյակի ներկայացուցիչների խոսքով՝ ՀՀԿ-ից «բեկորներ կպոկվեն», «առնետավազք» կսկսվի, ՀՀԿ-ական պատգամավորները կսատարեն իրենց նախաձեռնությանը, Է. Շարմազանովը նախ այդ ձևակերպումները գնահատեց «ոչ կոռեկտ»՝ նշելով. «Ի՞նչ է նշանակում առնետավազք… Ես կարծում եմ, որ ՀՀԿ յուրաքանչյուր պատգամավոր հարգանք է տածում ընդդիմադիր գործընկերոջ նկատմամբ: Եվ նույնը պարտավոր ենք ակնկալել նաև մեր ընդդիմադիր գործընկերներից: Ցանկացած պատգամավոր իր հայտարարություններն անելուց առաջ պետք է չանցնի կոռեկտության սահմանը»:
Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ-ից «բեկորներ կպոկվեն», ապա Շարմազանովը, ըստ էության, սպառնաց, թե իրենք էլ կարող են նույնը անել: «Եթե տեսականորեն իրենք երեք, չորս կամ տասը պատգամավորի հույս ունեն, մենք էլ նույն կերպ կարող ենք քսան-երեսուն պատգամավորի հույս ունենալ այլ դաշտից, դրա համար եկեք չմրցակցենք… Եթե ՀԱԿ-ը խոսում է ամբողջական իշխանափոխության մասին, ապա ԲՀԿ-ից ես նման բան չեմ տեսել, հակառակը, նրանց ղեկավարը ասել է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն, իսկ նրանց կուսակցության ներկայացուցիչն էլ, ով մասնակցում է քառյակի հանդիպումներին, այսօր նշել է, որ ամբողջական իշխանափոխության հարց չկա, իսկ ՀՅԴ հարգարժան իմ գործընկեր Աղվան Վարդանյանն էլ ասել է, որ նախագահի հրաժարականի խնդիր չկա»,- նշեց նա:
Երբ հետաքրքվեցինք, թե քառյակից ո՞ր ուժին նկատի ունի, նա խուսափեց պատասխանեց՝ նշելով, թե տեսական պատասխան տվեց: Ապա ՀՀԿ խոսնակը շարունակեց իր խոսքը, հավաստիացնելով, որ իշխանությունները ուժեղ են, միահամուռ և կարող են հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծել:
Նա ընդգծեց, թե խնդիրը պետք է լինի ոչ թե «իշխանակռիվը, այլ՝ քաղաքական ծրագիր իրականացնելը, որ մեր սիրելի ժողովրդի մատից փուշ հանենք»:
Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների կողմից օրերս հնչեցրած հայտարարությանը, թե իշխանությունները կարող են խանգարել իրենց սկսած գործընթացը, հետաքրքրվեցինք, թե ՀՀԿ-ն խանգարելո՞ւ է քառյակի աշխատանքներին: Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասաց, թե «ուժեղները երբեք չեն խանգարում, նախաձեռնում են բարեփոխումներ»: Նա վստահեցրեց, որ իրենք չեն կարող խանգարել մի գործընթացի, որը ողջունում են: «Ես մեկ անգամ չէ, որ նշել եմ, որ մենք դրական ենք վերաբերվում կոնսոլիդացիային, համախմբմանը, մենք ողջունում ենք, ինչո՞ւ պետք է խանգարենք: ՀՀԿ-ն երբեք չի գնում իր քաղաքական ընդդիմախոսներին խանգարելու ճանապարհով, մենք ուրախ կլինենք, որ մեր երկրում ձևավորվի առողջ, գաղափարական կառուցողական ընդդիմություն»,- եզրափակեց ՀՀԿ խոսնակը: