Տիգրան Սարգսյան․ «Մենք շահագրգռված ենք, որպեսզի չլինեն սանկցիաներ» (տեսանյութ). «Ազատություն»
Այսօր Բրյուսելում Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կլոր սեղան հանդիպում էր կազմակերպել:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը նորոգում ԵՄ հետ հարաբերությունները` անվստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերելուց հետո, ասել է.
«Այս պահի դրությամբ մատնանշվում է նոր ուղղություն, որ կարելի է առանձին ունենալ մի մեծ քաղաքական համաձայնագիր Հայաստանի և Եվրամիության միջև, և այդ ուղղությամբ էլ մենք աշխատանք ենք տանում եվրոպական մեր գործընկերների հետ: Եվ չափազանց կարևոր է, որ բոլոր մեր եվրոպական ընկերները շատ լավ հասկանում են Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանի որոշումների հիմնավորվածությունը, փաստարկները և այդ ամեն ինչը կիսում են մեզ հետ»:
Հարցին՝ արդյոք սա հետքայլ չէ՞ գրեթե 4 տարի տևած Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո, Տ. Սարգսյանը պատասխանել է.
«Ոչ, որովհետև նոր համաձայնագիրը հաշվի է առնում նախորդ համաձայնագրերի իրականացման արդյունքում արդեն արձանագրված հաջողությունները և այն ծրագրերը, որտեղ մենք արդեն լրջագույն հիմքեր ենք ստեղծել և ինստիտուտներ ենք ստեղծել այդ տեխնիկական և ֆինանսական օժանդակության ներքո: Դրա հիման վրա նոր ռազմավարություն է մշակվում՝ ինչպես ընդլայնել և խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և այդտեղ մենք ունենք լիակատար փոխըմբռնում»:
Տիգրան Սարգսյանի խոսքով` թե՛ Հայաստանը, և թե՛ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Հայաստանը ԵՄ հետ լավ հարաբերություններ ունենա: Ուկրաինայի դեպքերից հարկավոր է դասեր քաղել, կայքի հետ զրույցում ասել է վարչապետը` այսպես ներկայացնելով Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշումը Ղրիմի հարցում. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի չլինի կոնֆրոնտացիա, չլինեն սանկցիաներ, որ այս խնդիրները, որոնք առաջանում են, լուծվեն բանակցությունների շնորհիվ: Մենք դրանում խիստ շահագրգռված ենք և մեր քաղաքական դիրքորոշումը հենց այդպիսին է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: