Լյուդմիլա Սարգսյանը վստահ է, որ կհասնեն ամբողջական իշխանափոխության
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համոզված է՝ ոչ իշխանական չորս ուժերի կողմից սկսված գործընթացը հանգեցնելու է ամբողջական իշխանափոխության:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լյուդմիլա Սարգսյանը, խոսելով քառյակի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ վերջնական որոշումից, հայտարարեց, որ իրենք սկսած գործընթացը հասցնելու են վերջնակետին: «Եթե նախօրոք մտածենք, որ չենք հասնելու վերջնակետին, սկսելը անիմաստ է դառնում: Շատ լավ ու կարևոր պրոցես է, ու ես զարմացած եմ, որ այդքան ընդդիմախոսներ կան. սա այն դեպքն է, որ ավելի լավ է ինչ-որ բան անես, քան ոչինչ չանես»,- նշեց նա:
Ըստ նրա՝ ոչ իշխանական չորս ուժերին հաջողվել է միասնական օրակարգ ձևավորել, միասնական տեսակետ արտահայտել, լայն քննարկումներ ծավալել ԱԺ-ում: Ամեն դեպքում, ՀԱԿ պատգամավորը ընդունում է, որ խորհրդարանում չունենալով մեծամասնություն` իրենց քվեն «վճռորոշ դառնալ քվեարկության ժամանակ չի կարող», բայց հույս հայտնեց, որ ամեն ինչ դեռ առջևում է: Նա նշեց, թե իրենք կարողացել են համախմբվել հրաժարականի պահանջի շուրջ, ուստի կառավարությանն անվստահություն հայտնելու գործըթնացը բավական արագ է զարգանալու, և ունենալու է լուրջ հետևանքներ:
«Վերջիվերջո, բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև, խոչընդոտում են երկրի զարգացմանը, ինչը մեզ բոլորիս համախմբելու է, և մենք կարողանալու ենք, միգուցե փուլային, բայց հասնել ամբողջական իշխանափոխության: Մեր առջև ոչ միայն կառավարության հրաժարականն է, վարչապետի, այլև՝ ամբողջական իշխանափոխության խնդիրը, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եվ ես հավատում եմ սրան, վստահ եմ՝ իմ գործընկերները ևս»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի հասցեին հնչած քննադատություններին, թե քառյակը չի հաշվարկել, որ խորհրդարանում մեծամասնություն չէ, ինչը թույլ է տալիս ասելու, որ պարզապես ինքնանապատակ գործընթաց են սկսում, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, թե իրենք նման արձագանքներին ևս պատաստ են: «Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ մենք դա չե՞նք հաշվարկել, չե՞նք պատկերացնում, որ այդպես պետք է լինի: Դա գործընթացի սկիզբն է, որը կարող է հետագա զարգացումներ ունենալ: Մենք կունենանք հասարակության շատ մեծ աջակցությունը, եթե ժողովուրդը ոտքի է կանգնում, մենք հասնում ենք ամբողջական իշխանափոխության: Պահը հասունացած է, ժողովուրդն էլ տրամադրված չէ լռելու կամ ներելու, ուստի հույս ունեմ, որ մեր ակտիվ աշխատանքի արդյունքում հայ հասարակությունը կմիանա ընդդիմադիր քաղաքական ուժերին և պահանջելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- նշեց նա:
Մեր հարցին, թե ի՞նչ հետևանքներ է ունենալու քառյակի սկսկած գործողությունը, արդյոք ԱԺ-ում գործը չհաջողելուց հետո քառյակը դուրս կգա փողո՞ց, Լյուդմիլա Սարգսյանը այսպես արձագանքեց. «Եկեք ոչինչ չբացառենք: Դուք գիտեք, թե մենք փողոցում պայքարելու ինչ փորձ ունենք և ինչ կերպ կարող ենք այդ գործընթացը ծավալել, ուստի ամեն ինչ կախված է հասարակությունից»: Մեր հարցին, թե արդյոք բացի ՀԱԿ-ից մյուս ուժե՞րն էլ փողոց դուրս կգան, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ այո: Դա բանակցությունների և մեր գործընթացի տրամաբանության մեջ է»: Նա շեշտեց, որ «մեկ անգամ կարող է չստացվել, երկրորդ անգամ՝ չստացվել, երրորդ անգամ կստացվի», ապա Լ. Սարգսյանը նկատեց, որ իշխանափոխությոընը անխուսափելի է:
Հարցրեցինք նաև, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների ցուցաբերած հանգստությունը՝ ոչ իշխանական ուժերի կողմի ձեռնարկած գործընթացի նկատմամբ։ ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, թե դա միայն արտաքին պահված է: Ըստ նրա՝ ներքուստ իշխանությունը անհանգիստ է, որովհետև «շատ լավ հասկանում են, որ ինչքան այդ թեմային անդրադառնան, խիստ հռետորաբանությամբ ցույց տան, որ մտահոգ են, այնքան իրենց թիմը կազմալուծվելու է»: Լ. Սարգսյանի խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը հիացած չէ Տիգրան Սարգսյանի դիրքորոշումներով. «Եթե նույնիսկ լռում են, ապա լռությունը ավելի խոսուն է: Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը թող վստահ չլինեն, որ բանականությունը ՀՀԿ խմբակցությունում իսպառ ոչնչացված է, ոչ, հիմա բոլորը ենթարկվում են որոշակի կանոնների, բայց իրավիճակի փոփոխման ժամանակ ամեն մեկը առաջնորդվելու է իր սկզբուքններով»: