Բաժիններ՝

Ռուսահաճության հերթական դրսևորումը՝ 11 միլիոն դրամ

Այսօր կառավարության նիստում հաստատվել է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամական հատկացումները, որոնց բաշխման չափը որոշել է այդ կազմակերպությունների գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր փետրվարյան նիստում: Ըստ կառավարության որոշման՝ դրամական հատկացումներ են կատարվել ասորական՝ երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական, ուկրաինական և քրդական համայնքների հ/կ-ներին: Վերը նշված խորհրդի նույն նիստի որոշմամբ՝ երաշխավորվել է 2014թ. համար նախատեսված գումարից 11 մլն դրամը փոխանցել խորհրդի անդամ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն»  հ/կ-ի հաշվեհամարին. 1 մլն դրամը՝ միասնական կրթամշակութային միջոցառումների, իսկ 10 մլն դրամը՝ ազգային-մշակութային տարբեր, այդ թվում՝ խորհրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կողմից ազգային համայնքների կրթամշակութային զարգացմանը միտված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման նպատակով: Նշենք, որ 2014 թ. պետբյուջեում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է 20 մլն դրամ:

Առաջին հայացքից՝ կառավարության այս անմեղ քայլն իրականում ՀՀ իշխանությունների կողմից որդեգրված ռուսահաճության քաղաքականության հերթական ու բավական տգեղ դրսևորումն է: Եվ խնդիրը Հայաստանում ապրող ռուսական համայնքին օգնություն տրամադրելու քայլը չէ, ինչն ինքնին ողջունելի ու դրական պետք է համարել: Խնդիրը ոչ էլ այդ օգնության չափն է անվանապես, այլ համեմատությունը՝ Հայաստանում ապրող այլ ազգային փոքրամասնությունների թվաքանակի ու նրանց հատկացված գումարների տարբերության միջև: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2011 թվականի մարդահամարի արդյունքներով Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների կառուցվածքը թվային արտահայտությամբ ունի հետևյալ տեսքը. եզդիներ՝ 35 308, ռուսներ՝ 11 911, ասորիներ՝ 2 769, քրդեր՝ 2 162 , ուկրաինացիներ՝ 1 176, հույներ՝ 900, վրացիներ՝ 617, պարսիկներ՝ 476:
Կառավարության որոշման մեջ ներկայացված չէ որևէ հիմնավորում (բացի «ազգային-մշակութային տարբեր, այդ թվում՝ խորհրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կողմից ազգային համայնքների կրթամշակութային զարգացմանը միտված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման նպատակով» արտահայտությունից), թե ինչու պետք է թվաքանակով եզդիական համայնքից ավելի քան 3 անգամ փոքր ռուսական համայնքը ՀՀ պետբյուջեից ստանա ավելի քան 13 անգամ մեծ գումար, քան եզդիական համայնքը: Ընդ որում, խնդիրը միայն թվաքանակը չէ: Հայաստանի կյանքում ազգային փոքրամասնությունների ունեցած դերակատարության, ինտեգրվածության տեսանկյունից եզդիական համայնքը շատ ավելի մեծ կշիռ ունի, քան ռուսականը: Բացի այդ, Հայաստանի իշխանությունը՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորի մակարդակով, անցած տարի, մեղմ ասած, վիրավորել է եզդիական համայնքին, և դրամական հատկացումները կարող էին լինել գոնե այդ տհաճ միջադեպը հարթելուն ուղղված ժեստ: Հասկանալի է սակայն, որ ՀՀ իշխանությունը նման «մանր» հարցերի վրա ծախսելու ժամանակ չունի: Հիմա կառավարությունը մի խնդիր ունի՝ զարմացնել, էլ ավելի զարմացնել, հիացնել, բերկրանք պատճառել Ռուսաստանին: Դրա համար ընդունելի են բոլոր միջոցները: Մնում է զարմանալ, թե ինչու է կառավարությունը սահմանափակվել 11 միլիոն դրամով: Կարելի էր ՀՀ քաղաքացիներին ուղղվող ծախսերից, ասենք՝ կենսաթոշակներից, նպաստներից «կտրել» ու ռուսական համայնքին հատկացնել ոչ թե՝ 11, այլ 111 կամ 1 միլիարդ 111 միլիոն դրամի աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս