Մեր տարբերանշաններն ու «տիտուշկեքի» տարբերությունը. «Ժամանակ»
Երեկ «Ժամանակի» խմբագրության շենքի դիմաց ինչ-որ բողոքի ակցիա էր, որի մասնակիցների պահանջները այդպես էլ մնացին անհասկանալի: Հասկանալի էր միայն այն, որ ակցիան լուսաբանում էին «Կենտրոն» հեռուստաընկերությունից, որը, ինչպես գիտենք, պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Սակայն հեռուստաընկերության օպերատորի և լրագրողի ներկայությունը բացարձակապես չենք համարում, այսպես ասած, ԲՀԿ-ի տարբերանշան ցույցի մասնակիցների համար: Ի վերջո՝ «Կենտրոն»-ը լրատվամիջոց է, որին շատ հետաքրքրել է այլ լրատվամիջոցի դիմաց տեղի ունեցող ցույցը: Իսկ ցույցի առումով իսկապես հետաքրքիր բաներ առկա են՝ սկսած, այսպես ասած, «առանց տարբերանշանների» ցույցից, մինչև լրատվամիջոցի դեմ կատարվող ցույցի իրողությունը:
Այսինքն՝ սա ոչ միայն ներհայաստանյան իրադարձություն է, այլ նաև, այսպես ասած, միջազգային մեյնստրիմին համահունչ: Չէ՞ որ, օրինակ, Ղրիմում էլ էր տեղի ունենում տարածքի և իշխանության առանց տարբերանշանների զավթում, և երբ միջազգային հանրությունը որևէ պահանջ է ներկայացնում Ռուսաստանին, այնտեղից պատասխանում են, որ դա իրենք չեն, դա ինքնապաշտպանական ջոկատներն են: Եվ նույն Ռուսաստանում այս օրերին արշավ է սկսվել այն լրատվամիջոցների դեմ, որոնք փորձում են հանդես գալ ոչ թե թելադրված, այլ ազատ խոսքով:
Սա է ռուսական գիծը, Ռուսաստանի նոր իշխանությունների գիծը, որը, ինչպես գիտենք, Հայաստանում հայտնի շրջանակներում վերածվել է «ոչ հակառուսական գծի»: Եվ գծից հետ չմնալու, այսպես ասած՝ հարազատ մեյնստրիմից դուրս չմնալու համար, ըստ երևույթին, որոշ մարդիկ որոշել են Հայաստանում էլ ինքնադրսևորվել: Ի վերջո՝ մաքսային եղբայրությունն ունի իր կանոնները, որին պետք է հավատարիմ մնալ:
Հավատարմությունն ու ցույցի ազատությունն, իհարկե, ցանկացած քաղաքացու իրավունքն է, և ամեն ոք ինքն է որոշում՝ ապրել մաքսայի՞ն կանոններով, թե՞ ապրել ազատ, գնահատել խոսքի ազատությունը, անգամ եթե համաձայն չես այդ խոսքին, անգամ եթե այդ խոսքն ուղղված է քո դեմ: Ի վերջո՝ ազատությունն այն արժեքն է, որը միավորում է բոլոր մարդկանց, և որի հիման վրա է մարդկությունը ստեղծում արժեքներ, որոնք բերում են համընդհանուր զարգացման ու անվտանգության, համընդհանուր իրավական պաշտպանության:
Սակայն Հայաստանը մինչև այսօր եղել է այս ամենից հեռու և այսօր էլ այս ամենից հեռու է, ու հենց դա է նաև պատճառն ու նպատակը հենց մեր աշխատանքի՝ որպեսզի Հայաստանի հասարակության մեջ արմատավորվի ազատությունը որպես արժեք, որպես զարգացման և պաշտպանվածության ելակետ՝ անկախ մարդկանց քաղաքական հայացքներից ու անձնական հավատարմության աստիճաններից:
Այս ճանապարհին անելիքները շատ են, առավել ևս, որ շատ են խոչընդոտները, ըստ որում՝ խոչընդոտներ, որոնք առկա են և իշխանության մեջ, և դրա դիմաց գտնվող հայելապատկերում, որը կոչվում է ոչ իշխանություն:
Այս ամենը, սակայն, մեզ չի հուսահատեցնում, այլ տրամադրում է նոր աշխատանքի՝ հանուն ազատության, հանուն ազատությունն արժևորելու, հանրային անբեկանելի արժեք դարձնելու և հասարակական, քաղաքական վարքաբանության հիմքում դնելու: Սա մեր հավատամքն է, սա մեր տարբերանշանն է, սա այն է, որ մենք անում ենք և գիտենք՝ ինչ ենք անում, նաև պատկերացնում ենք, որ շատերը մեզ հետ համաձայն չեն լինելու, նույնիսկ դեմ են լինելու մեզ: Բայց դա հենց այն ազատությունն է, որը մեր տարբերանշանն է:
Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։