ՀՀԿ-ում արդեն կան տատանումներ. ՀԱԿ խմբակցության քարտուղար
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր հայտարարել է, որ ոչ իշխանական չորս ուժերին կարող է միանալ նաև իշխող Հանրապետականը, եթե կունենա քաղաքական այնքան կամք, որ կպայքարի սեփական արատների դեմ: ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով այս հայտարարությանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, թե կգա այն ժամանակը, երբ ՀՀԿ-ական պատգամավորներից կմիանան իրենց: «ՀՀԿ-ում արդեն կան տատանումներ: Այնպես չէ, որ խորհրդարանական երկու տարվա մեր աշխատանքը արդյունք չի տվել: Ես իմ ամեն ելույթի ժամանակ կարողանում եմ դահլիճի հետ աչքերով խոսել, զգում եմ` ով է արձագանքում, մարդկանց արձագանքը իմ` թասիբի գցելու կոչերին տեսնում եմ, ու մեծ մասամբ դրական է արձագանքը, ուղղակի իրենք գտնվում են լուրջ ճնշման տակ, չեն կարողանում քվեարկել այնպես, ինչպես ուզում են: Կգա ժամանակ, որ շատ ՀՀԿ-ական պատգամավորներ ուղղակի կհրաժարվեն կատարելու այն հրահանգները, որովհետև թուլանում է Բաղրամյան 26-ը, ուժեղանում է ընդդիմությունը: Բոլոր իշխանափոխությունները, խաղաղ կամ ոչ խաղաղ հեղափոխությունները, տեղի են ունենում իշխանական բլոկից կտորներ պոկցելով՝ դեպի ընդդիմություն գնալով: Եթե ՀՀԿ-ից կտորներ, մեծ կամ փոքր, կգնան այս ճանապարհով, իսկ ես տեսնում եմ, որ կգնան, անշուշտ, ՀՀԿ-ն էլ կմանսակցի: Եթե ՀՀԿ-ն երբևէ կուզի փորձել կազմակերպել արդար ընտրություններ, դա կարելի է միայն ողջունել, եթե այս լուրջ մարտահրավերներին դեմն առնելու Սերժ Սարգսյանի կամք ու հնարավորությունները կգումարվեն, և ինքը կփորձի ռեֆորմներ անել, ինչը ես համարում եմ անհավանական, դա նույնպես կարելի է լավագույն ճանապարհը համարել: Եթե Ս. Սարգսյանը գնա այդ քայլին, արտագաղթը դառնա ներգաղթ, Լֆիկները դառնան շարքային հարկատուներ, արաղը դառնա որակյալ, եթե բոլոր խնդիրները լուծվեն, որը հեքիաթի ժանրից է, մենք…Մեր պայքարը անձի դեմ չէ»,- նշեց նա:
Ըստ Արամ Մանուկյանի՝ իրենց պայքարը համակարգի դեմ է. «Համակարգը փչացած է, հիվանդությունն է պետք հանել»: Նա հայտնեց, որ առաջիկայում չորս քաղաքական ուժերը գործնական քայլերով հանդես կգան, ինչին էլ միտված են ԲՀԿ-ի հետ հանդիպումները: Նա շեշտեց, որ «ապօրինությունների մեջ թաթախված կառավարության հրաժարականը չպահանջելը» իրենց կողմից սխալ կլինի: «Մենք պետք է բացահայտենք Որոտանը, գազը, տրանսպորտը, էլ չեմ ասում օֆշորը… Մենակ դա հերիք է, որ հինգ հատ Տիգրան Սարգսյան հրաժարական տար: Չեմ կարծում, որ հրաժարականը անգամ եթե կայանա, դրանով պետք է սահմանափակվել։ Օրինակ ես հակված եմ այդ գործերը հանձնել դատախազություն, մենք կառավարության այս պաշտոնյային այն պաշտոնյաներով փոխելու խնդիր չունենք, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականի առաջին քայլն է, և բաց մենք ասում ենք, սրա մասին գիտեն, մեր գործընկերները»- եզրափակեց նա: