Պրոբիոտիկները պետք է դիտարկել որպես հակաբիոտիկների կանխարգելիչ այլընտրանք. Սարգիս Մազմանյան
Emax Health-ի փոխանցմամբ՝ բժիշկներն ու գիտնականները փորձում են գտնել հակաբիոտիկների ազդեցությանը դիմակայող մանրէների և ներհիվանդանոցային վարակների շուրջ աճող ճգնաժամի հարցերը: Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի (Caltech) հետազոտողները, կարծես թե, գտել են դրա կենսունակ ու արդյունավետ պատասխանը՝ պրոբիոտիկներ:
Լայնամասշտաբ հետազոտության շնորհիվ գիտնականները սկսել են հասկանալ մարդու առողջության համար ներքին (աղիների) մանրէների հեռահար օգուտները: Խոսքը գնում է համակարգային բորբոքման նվազեցման, մարսողության նպաստման, աղիների բորբոքային հիվանդությունների վերացման, իմունային համակարգին աջակցելու և վարքագծային խանգարումների վրա ազդելու մասին:
Caltech-ի կենսաբանության ու կենսաբանական ինժեներիայի պրոֆեսոր Սարգիս Մազմանյանն ու նրա գործընկերներն օրգանիզմի դիմադրողականության վրա ներքին մանրէի ազդեցությունը փորձարկել են մկների վրա և պարզել, որ առանց ներքին մանրէի ծնված մկների մոտ ավելի քիչ են եղել իմունային բջիջները՝ հատուկ մակրոֆագները, մոնոցիտներն ու ներյտրոֆիլները՝ համեմատած ներքին մանրէի նորմալ քանակությամբ առողջ մկների հետ:
Այդ թերությունը հայտնաբերելուց հետո գիտնակարանները ավելի հեռու են գնացել՝ փորձելով պարզել, թե առանց ներքին մանրէի ծնված մկները արդյոք կարո՞ղ են նույն կերպ պայքարել վարակների դեմ, ինչպես որ առողջ մկները: Այդ նպատակով նրանք սկսել են հետազոտել երկու տիպի մկներին էլ:
Փորձարկվել է նրանց տոկունությունը՝ ընդդեմ Լիստերիա մոնոցիտոգենես վնասակար մանրէի: Վերջինս պատասխանատու է լուրջ վարակի համար, որն առաջացնում է ջերմություն, տենդ, պարանոցի մկանների ծռություն, փորլուծություն և այլն: Փորձարկումը ճակատագրական է եղել ներքին մանրէ չունեցող մկների համար, մինչդեռ առողջ մկներին հաջողվել է դիմագրավել վնասակար այդ մանրէին:
Հետազոտությունների հեղինակները կարծում են, որ հետազոտությունը հաստատում է այն տեսությունը, որ առողջ աղեստամոքսային տրակտ ունենալը՝ պրոբիոտիկների առողջ մատակարարմամբ, վճռական նշանակություն ունի վարակների կանխման հարցում և որ պրոբիոտիկները պետք է դիտարկել որպես հակաբիոտիկների կանխարգելիչ այլընտրանք:
Արդյունքները նաև ցույց են տվել, որ պրոբիոտիկները կարող են պոտենցիալ անվտանգ լինել և հանդիսանալ հիվանդանոցների հիվանդներին տրվող հակաբիոտիկների արդյունավետ այլընտրանք: