Ի՞նչ իշխանություն է եկել Ուկրաինայում. պատասխանում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը

«Ես լավատես եմ և որպես Ուկրաինայի քաղաքացի և դեսպան` համոզված եմ, որ մոտ ապագայում իրավիճակը կկայունանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան` իր գնահատականը տալով Ուկրաինայի ապագայի և հետագա զարգացումների մասին:

Հանդիպումը կազմակերպվել էր Երևանի մամուլի ակումբում` «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակում` «Ուկրաինան ներքին և արտաքին քաղաքական փոփոխությունների ճանապարհին»  թեմայով, և ասուլիսին անսովոր քանակությամբ լրատվամիջոցներ էին եկել, ինչն անմիջապես նկատեց դեսպանը և շնորհակալություն հայտնեց Ուկրանայի նկատմամբ նման ուշադրության համար:

Դեսպանը չհերքեց, որ այսօր Ուկրաինայում տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամ է, որից անհրաժեշտ է դուրս գալ, սակայն չհամաձայնեց գնահատականին, թե Ուկրաինայում պետությունը կազմաքանդվում է:

«Ես չէի ասի, որ Ուկրաինայում պետության փլուզում կա, այո´, Ուկրաինայում քաղաքական և տնտեսական ճգնաժամ է, սա ընդունում են և´ փորձագետները, և´ քաղաքական գործիչները:

Կարդացեք նաև

Տնտեսական վիճակն Ուկրաինայում շատ բարդ է, այն նախադեֆոլթային վիճակում է եղել, սա խոսում է այն մասին, որ երկար տարիներ երկրի տնտեսությամբ պարզապես չեն զբաղվել, բայց ես կարծում եմ, որ միջազգային ֆինանսական կառույցների, կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը, կիրականացվեն համապատասխան բարեփոխումներ, և կլինի ֆինանսական օգնություն… Եվ նոր կառավարությունը կձեռնարկի տնտեսական միջոցառումներ, և այդպիսով Ուկրաինան կսկսի դուրս գալ ճգնաժամից: Ուստի ճիշտ չէ ասել, թե պետությունը կազմաքանդվում է»,- ասաց Կուխտան:

Ասուլիսին նույնիսկ այսպիսի հարց հնչեց` «ո՞ր Ուկրաինան եք ներկայացնում, պարոն դեսպան», ինչին Կուխտան փոքր ինչ զարմացած և ժպտալով պատասխանեց` «Ուկրաինայի հանրապետությունը»:

«Իսկ, ըստ Ձեզ, ո՞վ է Ձեր նախագահը»,- շարունակեց նույն լրագրողը:

«Նախագահի պաշտոնակատար պարոն Տուրչինովը»,- պատասխանեց դեսպանը:

Մենք խնդրեցինք Իվան Կուխտային անդրադառնալ մասնավորապես ռուսաստանյան պետական հեռուստաալիքներով տարբեր պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց կողմից Ուկրաինայի նոր կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին, որոնք մոտավորապես հետևյալ բնույթի են` «Ուկրաինայի իշխանությունն անօրինական, է և Ուկրաինայում իշխանությունը զավթել է նեոֆաշիտական խունտան»: Արդյոք սա համապատասխանո՞ւմ է իրականությանը, և ինչ իշխանություն է այսօր Ուկրաինայում:

«Ես արդեն ասացի, որ մենք ունենք Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, մենք ունենք խորհրդարան, խորհրդարանի խոսնակ, վարչապետ և նախարարներ: Սա օրինական իշխանություն է, որն այժմ ընդունված է ողջ միջազգային հանրության կողմից: Եթե ինչ-որ երկրներ չեն ճանաչում այդ իշխանությունը, ապա դա բացարձակապես իրենց խնդիրն է:

Բայց Ուկրաինայի վարչապետին ընդունել է Միացյալ Նահանգների նախագահը, վարչապետը Բրյուսելում հանդիպել է (Եվրամիության) բոլոր երկրների ղեկավարների հետ, ուստի սա ընդունված, սահմանադրական կառավարություն է, որին կողմ է քվեարկել խորհրդարանը, առավել ևս խորհրդարանի սահմանադրական մեծամասնությունը: Եվ խորհրդարանը որոշում է ընդունել` մայիսի 25-ին նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, կընտրվի նոր նախագահ, ով նոր պարտականություններ ունի, կձևավորի նոր կառավարություն և այլն: Այսինքն` իշխանության բոլոր մարմիններն այսօր գործում են: Իսկ ճանաչել, թե ճանաչել, դա յուրաքանչյուրի իրավունքն է: Ես էլ երբ տանն եմ լինում, ոչ բոլոր հարևաններին եմ… հասկանում եք, ոչ թե ուղղակի դուրս չի գալիս, այլ… բայց դա չի նշանակում, որ ես նրանց…,- մեր հարցին փոքր ինչ հումորով պատասխանեց Իվան Կուխտան:- Իսկ թե որ երկիրն է ճանաչում կամ չի ճանաչում, երևի իրենց պետք է հարցնել»:

Հիշեցնենք, որ նախորդ հրապարակումներում ներկայացրել ենք Իվան Կուխտայի մեկնաբանությունները Ուկրաինայի զարգացումների վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիքորոշման, հայ-ուկրաինական հարաբերությունների և Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի հարցերի միջև զուգահեռների մասին:

Տեսանյութեր

Լրահոս