Ուկրաինայի դեսպանը` հայ-ուկրաինական հարաբերությունների և Ղրիմ-Ղարաբաղ զուգահեռների մասին
«Մենք զուգահեռներ չենք անցկացնելու Ղրիմի իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հարցի միջև»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, երբ լրագրողներից մեկը դիմեց նրան այդպիսի խնդրանքով:
Իվան Կուխտայի խոսքով` այդ խնդիրները միմյանց հետ համեմատելը քաղաքագետների և վերլուծաբանների գործն է, և դա իր իրավասությունների մեջ չէ:
Անդրադառնալով Ղրիմի հարցին` դեսպանն ասաց հետևյալը.
«Այսօր մենք խոսում ենք այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է Ուկրաինայում և առաջին հերթին` Ղրիմում: Դուք գիտեք, որ այդ հարցի վերաբերյալ է դիրքորոշում հայտնել ԵԱՀԿ-ն, հայտարարություն է արել ԵԱՀԿ-ի նախագահը, այսօր ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեյցարիան, որի արտգործնախարարը հստակորեն հայտարարեց, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվեի անցկացումն անօրինական է, հակասահմանադրական և հակասում է թե´ Ուկրաինայի նորմատիվ փաստաթղթերին, թե´ միջազգային իրավունքին… Կա Ուկրաինայի սահմանադրությունը, որում հստակ կերպով նշված է Ուկրաինայի տարածքում հանրաքվեի անցկացման կարգը, առավել ևս անցկացնել հանրաքվե այդպիսի իրավիճակում, երկշաբաթյա ժամկետում պարզապես կեղծիք է, ամենաիսկական ֆարս: Ուստի Ուկրաինան հայտարարում է, որ չի ընդունում Ղրիմում որևէ հանրաքվե, եթե այն կայանա էլ, անօրինական կլինի»:
Դեսպանից նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է գնահատում Ուկրաինայում հայկական համայնքի դիրքորոշումը և գործողությունները, ինչին ի պատասխան Իվան Կուխտան նախ իր կարծիքը հայտնեց Հայաստանի մասին, նշեց, որ մեր երկրին հասցրել է ծանոթանալ վերջին մի քանի տարիներին Հայաստանում գտնվելու ժամանակ, և Հայաստանը շատ յուրօրինակ ու գեղեցիկ երկիր է, որը շատ հարուստ պատմություն և մշակույթ ունի, իսկ մարդիկ շատ լավն են:
«Ես միշտ ասում եմ, որ մեր հարաբերությունները` Ուկրաինայի և Հայաստանի միջև, միայն քաղաքական և տնտեսական չեն, մեր հարաբերությունները մարդկանց հարաբերություններն են: Փառք Աստծո, դարեր շարունակ` 11-րդ դարից սկսած, ուկրաինացի և հայ ժողովուրդների հարաբերությունները միշտ բարեկամական են եղել:
Այսօր Ուկրաինայում շատ մեծաքանակ հայկական սփյուռք կա, և եթե 2001 թ. մարդահամարի տվյալներով մոտավորապես 120 000 հայեր էին ապրում Ուկրաինայում, ապա այժմ, կարծում եմ, այդ թիվը 2-3 անգամ ավելացել է: Սա Ուկրաինայի ազգային փոքրամասնություններից մեկն է… Ասեմ ավելին` Ուկրաինայի հայ համայնքը շատ ակտիվ է, այն ներկայացված է իշխանության բոլոր մարմիններում` այդ թվում Գերագույն ռադայում: Եվ կարծում եմ` այն, որպես ազգային փոքրամասնություններից մեկը, անտարբեր չէ Ուկրաինայի ճակատագրի և իրադարձությունների հանդեպ:
Մեկ այլ բան ասեմ` այդ ողբերգական իրադարձությունները, որ եղան Մայդանում, հաստատեցին այդ փաստը, և, ցավոք սրտի, զոհվեցին ազգությամբ հայ երկու քաղաքացիներ: Սա խոսում է այն մասին, որ Ուկրաինայի բոլոր ազգերը` այդ թվում հայերը, անտարբեր չեն Ուկրաինայի ճակատագրի նկատմամբ: Ուստի կարծում եմ, որ Ուկրաինայի հայ համայնքը ևս արտահայտել է իր դիրքորոշումը»,- ասաց Ուկրաինայի դեսպանը: