Էդվարդ Նալբանդյան. ԱԳ նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային

«Ուրախ եմ այսօր ողջունել Երևանում իմ սերբ գործընկերոջը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին, ով գտնվում է Հայաստանում պաշտոնական այցելությամբ: Մենք քիչ առաջ բավական բովանդակալից և արդյունավետ առանձնազրույց ունեցանք, խոսեցինք մեր երկկողմ հարաբերություններից, տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերից։

Մենք կշարունակենք մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ընթացքում: Այսօր պարոն Մրկիչը հանդիպումներ կունենա նաև Հանրապետության նախագահի հետ, Ազգային ժողովի նախագահի հետ, վարչապետի հետ, կայցելի Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոսին, կայցելի նաև Ծիծեռնակաբերդ:

Մենք այսօր համաձայն էինք իմ գործընկերոջ հետ, որ պետք է առավել ջանքեր գործադրենք ամրապնդելու, ընդլայնելու, խորացնելու համագործակցությունը երկու երկրների միջև բոլոր հնարավոր ոլորտներում։

Ընդգծեցինք իրավապայմանագրային դաշտի ամրապնդման կարևորությունը: Այսօր շատ պայմանագրեր չունենք կնքված՝ միայն հինգ պայմանագիր։

Կարդացեք նաև

Քիչ առաջ ստորագրեցինք ևս մեկ համաձայնագիր, որը վերաբերում է երկակի հարկումից խուսափելուն։

Հուսով եմ, որ շուտով մենք կհամալրենք մեր իրավապայմանագրային դաշտը։ Բազմաթիվ նախագծեր են քննարկվում: Մենք հոսով ենք, որ հաջորդ այցելության ժամանակ դրանք պատրաստ կլինեն ստորագրմանը։

Խոսեցինք նաև մշակութային կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման մասին, ապրանքաշրջանառությունը դեռ բարձր մակարդակի վրա չէ, թեև առկա ներուժը մեծ է: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճ է նկատվում է, բայց միևնույն է, այն չի համապատասխանում առկա ներուժին։

Մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, համաձայնեցինք, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքների և դրույթների հիման վրա:

Անդրադարձանք նաև այն բանակցային գործընթացից, որն ընթանում է Սերբիայի և Կոսովոյի միջև, Հայաստանը գտնում է, որ դա դրական գործընթաց է, և մենք ցանկանում ենք Սերբիային հաջողություններ այդ գործում:

Այժմ խոսքս սիրով փոխանցում եմ իմ գործընկերոջը:

***
Հանրային Ռադիո- Պարոն նախարար, որն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ,։ Մեր մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի կողմից նույնիսկ գրառում չի կատարվել Ուկրաինայի դեսպանատը բացված սգո մատյանում։ Կպարզաբանե՞ք ինչու:

Էդվարդ Նալբանդյան- Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանը մատյանի բացման հաջորդ օրը։

Նույն օրը Ուկրաինայի դեսպանի հետ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարարության ներկայացուցիչը, և դեսպանն ըմբռնումով է մոտեցել՝ այդ հայտագիրը իրոք ուշացումով է ստացվել:

Ինչ վերավերում է մեր դիրքորոշմանը, մեր մոտեցումներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, ապա Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակով, Հանրապետության Նախագահն է խոսել դրա մասին:

Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը:

«Ազատություն» ռադիոկայան – Պարո՛ն Նախարար, Հայաստանը Ռուսաստանի հետ միասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Երկու հարց ունեի` ուկրաինական ճգնաժամի հետ կապված: Քննարկվե՞լ է արդյոք ՀԱՊԿ ձևաչափում այդ ճգնաժամը, և եթե քննարկվի, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան – Ընդհանրապես ես չեմ սիրում «եթե»-ներով խոսել՝ եթե այսպես, եթե այնպես։ Իհարկե, բնական է, որ ՀԱՊԿ շրջանակներում քննարկվում են բազմաթիվ հարցեր, որովհետև այդ շրջանակում արտաքին քաղաքականությանը կոորդինացնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա: Երբ որ այդպիսի քննարկումներ լինեն, այդ ժամանակ կտեսնենք` ինչպիսի զարգացումներ կլիացնեն, և համապատասխան ինչպիսի դիրքորոշումներ կարտահայտվեն։

Սերբ լրագրող. Պարոն նախարար, ինչ ուղղություններ եք տեսնում տնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Էդվարդ Նալբանդյան. Մենք այսօր խոսել ենք մեր տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ և, ինչպես նշեցի, կշարունակենք այդ քննարկումները: Կարծում եմ, որ ուղղությունները բավական շատ են։ Օրինակ կարող է լինել տուրիզմը։ Տուրիզմի բնագավառում պատրաստում ենք համաձայնագիր կնքել:

Դա կարող է լինել և արդյունաբերության, բանկային բնագավառներում։

Պետք է հատուկ նշեմ, որ վաղը կայանալու է բիզնես-ֆորում, և պարոն Մրկիչն եկել է գործարարների հետ։ Կարծում եմ այդ բիզնես-ֆորումի ընթացքում բավական մանրամասն կքննարկվեն հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցության ոլորտին:

Ես ողջունում եմ, որ նախարարն եկել է բիզնեսմենների հետ: Երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև համապատասխան պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նախագահների այցելությունների ժամանակ՝ 2009թ. Սերբիայի նախագահի Հայաստան և 2011թ. Հայաստանի նախագահի՝ Սերբիա։

Կարծում եմ վաղը լավ հնարավորություն կլինի շարունակել քննարկումները ՝ երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև:

Մեդիամաքս. Պարոն նախարար, մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարարի հետ, մեզ հետաքրքրում է՝ նախատեսված է արդյոք համանախագահների հանդիպում Ձեզ հետ:

Էդվարդ Նալբանդյան. Այո, նախատեսված է։ Դա լինելու է վաղը՝ Մոսկվայում, ես կհանդիպեմ եռանախագահների հետ: Երևի, գիտեք, որ եռանախագահներին հանդիպել էի Փարիզում՝ տանս օր առաջ:

Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ:

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս