Տիրադավությունն այս իշխանության ձեռքում վեր է ածվել քարոզչական նյութի, ճնշման գործիքի և ներեկեղեցական պառակտման լծակի. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» շարժման անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումը ազգային անվտանգությանը ուղղված գործողություն է.

Վերջին օրերին ՀԱԵ-ում տեղի ունեցող զարգացումները չեն կարող ներկայացվել որպես «ներքին անհամաձայնություն»։ Այստեղ գործ ունենք պետական իշխանության կողմից ներեկեղեցական կյանքը խաթարելու, պառակտում հրահրելու և եկեղեցու հիմքերը ներսից քանդելու համակարգված մեխանիզմի հետ։

Իշխանության ռազմավարությունը պարզ է

Այսօր իշխող համակարգը լիակատար քաղաքական սպառվածության մեջ է։ Եվ հենց այդ պատճառով փորձում է ազդել այն միակ ինստիտուտի վրա, որը դեռ կարողանում է պահպանել ազգային դիմադրությունը։

Այդ ինստիտուտը Հայ Առաքելական Եկեղեցին է։

Եկեղեցին իշխանության համար այլևս պարզապես հոգևոր կառույց չէ, այն դարձել է քաղաքական խոչընդոտ՝ թե՛ իրենց ներքին վերարտադրության, և թե՛ «դրսից» ստացվող հանձնարարությունների ճանապարհին։ Հետևաբար, մտնում են այնտեղ, որտեղ դարերով չէր ներխուժել ոչ մի իշխանություն՝ եկեղեցական ինքնուրույնության սրբազան դաշտ։

Տիրադավները իշխանության համար ձեռնտու գործիք են

ՀԱԵ-ի ներսում վերջին օրերին մի խումբ բարձրաստիճան հոգևորականների բարձրաձայնած «ընդվզումը» ո՛չ ինքնաբուխ գործընթաց է, ո՛չ էլ իրական հոգևոր անհամաձայնություն։
Այդ տիրադավները իրենց քայլերով, շնչով և քաղաքական շահառու արարքներով դարձան իշխանության համար բաժանարար գործիք։ Նրանց գործողություններն ամբողջությամբ համընկնում են իշխանության նպատակին․ տրոհել, խաթարել և հեղինակազրկել Եկեղեցին ներսից։

Տիրադավությունը այս իշխանության ձեռքում վեր է ածվել քարոզչական նյութի, ճնշման գործիքի և ներեկեղեցական պառակտման լծակի։ Եվ հատկանշականն այն է, որ այս ամենը տեղի է ունենում հենց այն պահին, երբ Հայաստանի պետական ինքնությունը ենթարկվում է ամենածանր փորձությանը։

Միքայել և Բագրատ Սրբազանները հավատքի, խիզախության և ճշմարտության համար կռվողներ են
Եկեղեցական այս ծանր պահին հստակ երևաց հոգևորականության իրական մասշտաբը։
Այս կողմում՝ նրանք, ովքեր իշխանության հետ ճկում են հավատը, ծառայում են խոստումներին, խուսափում են ճշմարտությունից և չեն ամաչում տիրադավություն անել։

Մյուս կողմում՝ Միքայել և Բագրատ Սրբազանները, ովքեր՝ լինելով բանտում, բայց մնալով հարյուրավոր և հազարավոր հավատացյալների հոգևոր առաջնորդ, հնչեցնում են ոչ թե կենցաղային խորագիր, այլ ազգային և հոգևոր մի իսկական կանոնադրություն։

Նրանց ուղերձներն այսօր գործում են որպես Եկեղեցու ինքնիշխանության պաշտպանական վահան, պառակտման սցենարի դեմ ուղղված կանգուն դիրքորոշում, ինչպես նաև արժանապատվության և հավատի վերահաստատում ժողովրդի մեջ։

Բանտի պայմաններում նրանց բարձրաձայնած խոսքը շատ ավելին է, քան սոսկ հայտարարություն կամ ուղերձ։ Դա հոգևոր դիմադրության մանիֆեստ է՝ ընդդեմ իշխանության և դրա «ներսի գործակալների»։

Մեր դիրքորոշումը աներկբա է

Մենք դատապարտում ենք իշխանության կողմից իրականացվող ծրագրված ներգրավվածությունն ու սողոսկումը Եկեղեցու ներքին դաշՖտ։
Մենք մերժում ենք տիրադավների ապակառուցողական ու դավաճանական առաքելությունը, ինչ անունով էլ այն ներկայացվի։

Մենք կանգնած ենք Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին։
Մենք զորակցում ենք Միքայել և Բագրատ Սրբազաններին՝ այս դժվար պահին մեր ժողովրդի իրական հոգևոր առաջնորդներին։

Մենք պայքարելու ենք և՛ ներքին, և՛ արտաքին այն գործընթացների դեմ, որոնք նպատակ ունեն քանդելու մեր հոգևոր և ազգային հիմքերը»:

Տեսանյութեր

Լրահոս