Խեղճ մարդիկ
Թե ինչպես կարող էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր և իր ընտանիքի անդամների բազմաթիվ հանցագործություններից հետո հանգիստ շրջել քաղաքում, ընտրվել ԵԿՄ վարչության կազմում, ասուլիս տալ, անկեղծ լինենք, նրա՛ խնդիրը չէ: Խոշոր հաշվով, իշխանությունների խնդիրն էլ չէ: Հիշենք, թե տարիներ առաջ, երբ մարզպետ Սուրեն Խաչատրյանը 2008թ. իր աշխատասենյակում անձամբ ծեծել էր 16-ամյա մի դպրոցականի, կառավարությունը ծառայողական քննություն անցկացրեց, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տեղում պարզեց, որգ դպրոցականն է ծեծել մարզպետի որդուն:
Դրանից հետո Գորիսի հանրախանութում մարզպետի եղբոր մասնակցությամբ աղջիկ բռնաբարելու փորձ է կատարվում, Ս.Խաչատրյանի եղբորորդիները 30-ամյա մի երիտասարդի են սպանում, և դատվում է միայն նրանցից մեկը և կարճ ժամանակ անց՝ վաղաժամկետ ազատ արձակվում (այս մասին մամուլում հրապարակումներ են եղել, ժամանակին խնդիրը մանրամասնորեն լուսաբանել էր լրագրող Աննա Իսրայելյանը):
Անցած տարի, հունիսի 2-ին, Սուրեն Խաչատրյանի տան բակում սպանվում է Ավետիք Բուդաղյանը:
Այսօր սպանություն կատարելու մեղադրանքով ձերբակալված չկա. Սուրեն Խաչատրյանի որդին և թիկնապահը, որոնք կալանավորվել էին՝ որպես կասկածյալ, ազատ են արձակվել: Կարճ ասած՝ Սուրեն Խաչատրյանը որևէ խնդիր չունի. շարունակում է հանդիպել լրագրողներին, խոսել, թե քանի-քանի ընտանիքի է նյութապես օգնում մինչ օրս:
Երբ արդարադատությունը չի գործում, սկսում է գործել մեկ այլ օրինաչափություն՝ հուսահատությունից, նվաստությունից, վիրավորանքից ծնված այլ քայլ՝ ինքնադատաստանը: Թվում է՝ կա մի սահման, որից այն կողմ ծնողի, հարազատի համար այլևս սարսափելի չէ աշխարհում ոչինչ: Երբ երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարած հանցագործները փողով խնդիրը փակում են, երբ զոհերի հարազատները, այդուհանդերձ, գտնում են իրենց զավակի սպանությունը, ֆիզիկական հաշվեհարդարը գումարով, խոստումներով սփոփելու ուժ, սա արդեն այլ վիճակ է:
Հայաստանում, ըստ ամենայնի, հաջողվել է մարդկանց մեջ այնքան կոտրել արժանապատվության զգացումը, որ արժանապատվությունը ստորադասվում է վախին, անզորությանը: Իշխանությունը դեմ չէ, որ ֆիզիկական վախը, վաղը հացի խնդիր ունենալու անորոշությունը մարդկանց դարձնի կառավարելի ամե՛ն պարագայում:
Սուրեն Խաչատրյանի՝ լրագրողների հետ հանդիպումից հետո Ավետիք Բուդաղյանի հայրը՝ զայրացած, ուղղակի հայտարարություն տվեց հանցագործության մասին, ասաց.
«Իրա (Սուրեն Խաչատրյանի.- Լ.Ա.) ախպերները նարկոման ու խուժան են, հանրապետության ամբողջ նարկոբիզնեսն իրենց ձեռքն ա»: Կամ՝ «Ավոյիս Սուրիկ Խաչատրյանը մեքենայի մեջ ասել ա՝ դու թուրքերի հետ ես տալիս-առնում, իսկ իմ հետ չես շփվում: Դրանից հետո տղուս խփել ա ու ասել, որ` աշխատածիդ 50 տոկոսն ինձ ես տալու»: Բնական է, իրավապահները սա որպես հանցագործության մասին հայտարարություն չեն ընդունի, այլ կձևացնեն, թե որդեկորույս հոր ասածների զգացմունքայնությունը հասկանում են և մեծահոգաբար նրա դեմ քրեական գործ չեն բացում՝ զրպարտության համար:
Բավական է հետևել վերջին տարիներին մարդկանց արձագանքին՝ անգամ ամենահուսահատ, անզոր վիճակում, երբ կորցնելու ոչինչ, թվում է, չկա: Միևնույն է, գերակա է վախի զգացողությունը: Դժգոհ մարդը պատրաստ է ձեռք բարձրացնել իր անձի վրա, սակայն իր դժգոհության պատճառի մեքենայի անիվն անգամ չծակել: Հենց երեկ, մետրոյի «Հանրապետություն» կայարանի հարևանությամբ 70-ին մոտ մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել՝ վրան բենզին լցնելով: Մարդն ավելի ուշ բացատրել է, որ ինքնահրկիզվում է, քանի որ ավանդները չեն վերադարձվում:
Թվում է՝ եթե մարդը պատրաստ է ձեռք բարձրացնել ինքն իր վրա, իրեն զրկել կյանքից, ուրեմն նա շատ այլ պայմանականություններ մերժած վիճակում է և կարող է հուսահատ մի քայլը փոխարինել մեկ այլ, առավել գործնական, արդյունավետ քայլով. անել այնպես, որ կոռումպացված չինովնի՛կը, հանցագործ մարզպե՛տն իրենից վախենան: Սակայն պակաս անվտանգ կամգ արդյունավետ է համարվում ինքնահրկիզումը:
2011-ին զորամասերից մեկում խելագարության էին հասցրել 20-ամյա մի զինվորի (անունը չենք նշում): Երիտասարդը հոգեբուժարանում պատմում էր, որ իրեն փորձել են բանակում բռնաբարել:
Այնքան էին խոշտանգել, որ տղան խելագարվել էր: Ցավալի այդ տեսարանին հաջորդում է մեկ այլ տեսարան. որդու կողքին մի բուռ դարձած, խեղճացած հայրն էր: Չգիտի՝ ինչ անել: Թվում է՝ առաջին քայլը, որը գուցե իռացիոնալ է, չմտածված, չհաշվարկված, երբ աչքիդ այլևս ոչինչ չի երևում, գնալ ու որդուն այդ վիճակը գցած սրիկաներին սատկացնելն է:
Սակայն խեղճացած, անճար այդ մարդը, տեսնելով իրեն պարզած ձայնագրիչները, միայն ասում է, թե ֆինանսական խնդիրներ ունի, հիմա ո՞ւմ դիմի, ո՞վ իրեն փող կտա՝ որդու խնդիրները հոգալու համար:
2013թ. Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուսահատ, անելանելի դրության մեջ հայտնված ծնողներն, արդարություն չգտնելով, դիմեցին չլսված քայլի՝ որոշեցին որդու դին դնել ՀՀ կառավարության առաջ՝ հույս ունենալով, թե գոնե այդ տեսարանից պատկան մարմինները կազդվեն: Ծնողների հույսերը չարդարացան: Այս տարվա հունվարի 15-ին, Լյուքս Ստեփանյանի սպանության գործով առաջին իսկ դատական նիստին, սպանված զինվորի հայրը փորձեց ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում՝ դուրս թռչել պատուհանից: Ավելի ուշ նա ասաց, թե այդ քայլին է դիմել հուսահատությունից:
Հայաստանում հուսահատությունը շարժիչ ուժ է. հուսահատությունից կորանում ենք, ընկճվում, խեղճանում, նվաստանում, ինքնահրկիզվում: Դա էլ կարելի է հասկանալ. ինքնահրկիզվելու, ինքնասպանության փորձից հետո ապրելու հավանականությունն ավելի մեծ է, քան Սուրեն Խաչատրյանի դեմ դուրս գալուց հետո: