
Ղրիմի իշխանությունները հայտարարել են սեփական դատախազությունը, անվտանգության ծառայությունն ու ՆԳՆ-ն ստեղծելու մասին

Ղրիմի Գերագույն խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ ինքնավարությունը մտադիր է ստեղծել սեփական դատախազությունը, ՆԳ նախարարությունը եւ անվտանգության ծառայությունը: Բացի այդ, նա տեղեկացրել է, որ Սեւաստոպոլը կարող է հանրաքվեից հետո մտնել ինքնավար հանրապետության կազմի մեջ, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը:
Նա նշել է, որ Ղրիմի հանրաքվեին զուգահեռ` հանրաքվե կանցկացվի նաեւ Սեւաստոպոլում: «Եթե հարցը դրական լուծում ստանա, Սեւաստոպոլը կընդգրկվի Ղրիմի Ինքնավար Հանրապետության կազմում»,-հայտարարել է Կոնստանտինովը:
Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի մարտի 30-ին: Մասնակիցները պետք է իրենց կարծիքը հայտնեն հետեւյալ հարցի վերաբերյալ. «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը ունի պետական ինքնուրույնություն եւ Ուկրաինայի կազմում ընդգրկվում է պայմանագրերի եւ համաձայնգրերի հիման վրա»: