
Օբաման ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Ուկրաինայի շուրջ բանակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ ընդգծելով Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը:
Այս մասին հայտնել է Սպիտակ տունը: Վերջինիս հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարցը, ինչպես նաև իրավիճակի էսկալացիայից խույս տալու հարցը, այդ թվում նաև միջազգային դիտորդների ու առաքելությունների ուղարկմամբ:
Օբաման ու Մերկելը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կոչ են արել: Նրանք քննարկել են նաև Ուկրաինայի կառավարությանն աջակցելու հարցը՝ տնտեսության կայունացման ու ընտրություններին պատրաստվելու համար: