«Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը արժանացել էր «Տարվա լավագույն հուշադրամը» մրցանակի
«Vicenza Numismatica 2013» միջազգային դրամագիտական մրցույթում (Իտալիա, Վիչենցա) ՀՀ «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը արժանացել էր «Տարվա լավագույն հուշադրամը» մրցանակի:
Մրցանակի դիպլոմը և հուշամեդալը շնորհվել են ՀՀ կենտրոնական բանկին սույն թվականի փետրվարի 14-ին` Վիչենցայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված հայ գրքի տպագրության 500-ամյակին: Հայ առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», տպագրվել է Վենետիկում, 1512 թ.:
Տպագրիչն է Հակոբ Մեղապարտը, տառատեսակը` բոլորգիր, տպագրությունը` երկգույն` սև ու կարմիր:Ժողովածուն խորագիրը ստացել է` հիմք ընդունելով թերևս «Ուրբաթ աւր կամ չորեքշաբթի տանին զհիւանդն ի դուռն եկեցոյն…» սկսվածքը, իսկ ուրբաթ օրը, ըստ Ղևոնդ Ալիշանի, հնուց ի վեր համարվել է հմայական ազդեցության օր, և «Ուրբաթագրքին» հետևողները կոչվել են «ուրբաթատեսք» և «ուրբաթալեզք»: «Ուրբաթագիրքը» աղոթքների ու մաղթանքների ժողովածու է. ընդգրկված են ընդարձակ հատվածներ Ավետարանից, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից:
Հակոբ Մեղապարտը հայ առաջին տպագրիչն է, հայկական տպագրության սկզբնավորողը և հիմնադիրը: Գործել է 16-րդ դարի սկզբից Վենետիկում: Մեղապարտի հիմնած առաջին հայկական տպարանը գործել է 1512-1513 թթ. և լույս ընծայել հավանաբար 6 գիրք (պահպանվել են 5-ը): Դրանք են «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան» գրքերը: Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը զարդանախշված են: Գրքերը փոքր են` կաշվե զարդանկար կազմերով: Հակոբ Մեղապարտի տպագրությունը հայկական գրատպության զարգացման հիմքն է դրել, նրա անունով կոչվել է տպագրատուն, կանգնեցվել է նրա հուշարձանը: Հուշադրամի ուրվագծերի և գունազարդ ձևավորված բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում: