Ուկրաինական հաղթանակի անտեր մասնաբաժինը

Ուկրաինայում տեղի ունեցած ու դեռևս շարունակվող իրադարձությունների ամենամեծ հետևանքը, ամենայն հավանականությամբ, լինելու է կամ արդեն իսկ է աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Խոսքը մասնավորապես՝ Մաքսային միության, նաև Եվրասիական միության մասին է, որոնց կայացման առանց այդ էլ հեղհեղուկ հեռանկարներն այրվեցին Կիևի փողոցներում:

Ռուսաստանը, բնականաբար, հեշտությամբ չի հրաժարվի իր կայսերապաշտական ծրագրից, սակայն միանշանակ է, որ Մաքսային/Եվրասիական միության նախագիծն այլևս այն չէ, ինչ ընդամենը երկու շաբաթ առաջ էր:

Ուկրաինայում սկսված բողոքի ակցիաների առաջին իսկ օրերից հնչում է այն տեսակետը, արդարացի՛ տեսակետը, որ ուկրաինացիները պայքարում են ոչ միայն իրենց, այլև հետխորհրդային տարածքի այլ ժողովուրդների ազատության ու անկախության համար: Չնայած բոլոր հոռետեսական կանխատեսումներին, արդեն իսկ ակնհայտ է, որ Ուկրաինայի հասարակությունը հասավ իր նպատակին և, թեկուզ զոհերի գնով, սակայն հաղթանակեց ազատության համար մղվող պայքարում:

Եվ, եթե ճիշտ էին ուկրաինական հեղափոխության առաջին օրերին տրվող գնահատականները, որ նրանք պայքարում են նաև Հայաստանի ազատության համար, ապա պետք է արձանագրել, որ նաև Հայաստանի մասով է հաղթանակն ապահովված: Հարաբերական իմաստով, իհարկե: Հասկանալի է, որ ուկրաինացիները Մայդանից չէին տեղափոխվելու Երևանի Ազատության հրապարակ ու շարունակեին պայքարը Հայաստանի իշխանության դեմ: Խոսքը, բնականաբար, այն պայմանների, աշխարհաքաղաքական նոր իրողությունների մասին է, որոնք ուկրաինացիների շնորհիվ նաև Հայաստանին հնարավորություն կտային ազատագրվել ռուսական պարտադրված լծից:

Սակայն, ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանում այդ հաղթանակին տեր կանգնող չեղավ, ու, ամենայն հավանականությամբ, չի էլ լինի: Տեր կանգնել ուկրաինական հաղթանակի «հայկական մասնաբաժնին»՝ կնշանակեր՝ օգտվել Մաքսային միության կայացման հեռանկարի թուլացումից, դրան գումարել նաև Հայաստանի համար ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին առաջացած բազմաթիվ խնդիրներն ու ժամանակ շահել՝ Հայաստանի անդամակցության գործընթացը  գոնե դանդաղեցնելու համար:

Ավելի պարզ ասած՝ հնարավոր էր  տեղայնացնել Մայդանը Երևանում, իհարկե, խուսափելով ուկրաինական զարգացումների անցանկալի դրսևորումներից: Այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքական համակարգն ընդհանրապես ունենար Մաքսային միությանն անդամակցության գործընթացից հետ կանգնելու ներքին մոտիվացիա և փոքր-ինչ քաղաքական կամք, մնացածը, ինչպես ասում են, կլիներ տեխնիկայի հարց:

Բայց որքան ավելի կասկածելի է դառնում Մաքսային միության կայացման հեռանկարը, այնքան ավելի բարձր ու խրոխտ են հնչում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Մաքսային միությանն անդամակցությունը «բխում է Հայաստանի ազգային շահերից»: Մեր պաշտոնյաներն այնքան են տարվել այդ անհեթեթ նախադասությունը կրկնելով, որ թերևս նույնը կշարունակեն ասել նաև այն ժամանակ, երբ անգամ Պուտինը կհայտարարի, որ Մաքսային միության նախագիծը տապալվել է:

Բայց սրանք նույն այն պաշտոնյաներն են, ովքեր սեպտեմբերի 3-ից հետո «պատերի տակ», եվրոպական կառույցների միջանցքներում ու աշխատասենյակներում զոհի կերպարանքով բողոքում էին, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ՀՀ իշխանությունը կայացրել է ռուսների ճնշման տակ, որ այլընտրանք չկար, և այլն, և այդպես շարունակ: Հիմա այլընտրանքը, ըստ էության, ստեղծվել է, ստեղծվել է ուկրաինացիների շնորհիվ, սակայն Հայաստանն այնքան է խորացել Մաքսայինին անդամակցության ճանապարհային քարտեզի մեջ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարող է հանգիստ խղճով զբաղվել քարտեզագրությամբ:

Ասվածը վերաբերում է նաև Հայաստանի ընդդիմությանը, որի ներկայացուցիչներն այս օրերին զբաղված են մանր վաճառականությամբ՝ փորձելով տպավորություն ստեղծել, կարծես ոչինչ էլ չի կատարվել: Խորհրդարանական տեսարանների միջոցով ընդդիմությունը կարծես փորձում է զբաղեցնել հասարակությանը, մինչև իշխանությունն ավարտի «ճանապարհային քարտեզով» նախատեսված բոլոր քայլերը, ու Հայաստանի անդամությունը Մաքսային միությանը դառնա անդառնալի:

Տեսանյութեր

Լրահոս