Բաժիններ՝

Խոլեստերին. Բարեկա՞մ, թե՞ թշնամի

Ամասիացին շատ է գրել սև մաղձի և այն տարրալուծող բույսերի մասին։ Սև մաղձը կարող էր դառնալ լեղապարկում քարերի առաջացման պատճառ։ 1769թ. Պուլետյե դե լա Սալն առանձնացրել է լեղու մեջ առաջացող քարերից խիստ սպիտակ նյութ, որն ուներ ճարպերին բնորոշ հատկություններ։

Քսան տարի անց քիմիկոս Անտուան Ֆուրկրուան առանձնացրել է խոլեստերինը` որպես առանձին միացություն։ 1859թ. Մարսելեն Բերտլոն ապացուցել է, որ խոլեստերինը պատկանում է սպիրտների դասին, այդ բացահայտումից հետո ֆրանսիացիները նյութն անվանեցին «խոլեստերոլ»։ Գիտական գրականությունում կիրառվում են և խոլեստերին, և խոլեստերոլ անվանումները։
Խոլեստերինն օրգանական միացություն է, չի լուծվում ջրում` լուծվում է ճարպի և օրգանական լուծիչների մեջ, հալման և եռման ջերմաստիճանները հավասար են 148C և 360C։

Խոլեստերին կա գրեթե բոլոր բջիջների արտաքին թաղանթում։ Խոլեստերինի շնորհիվ պահպանվում է բջիջների կենսագործունեությունը ջերմաստիճանային փոփոխությունների դեպքում։ Խոլեստերինն անհրաժեշտ է մարդու օրգանիզմի բնականոն գործունեության համար։ Ապահովում է բջիջների արտաքին թաղանթի ամրությունը, առաձգականությունը և թափանցելիությունը բջիջներին անհրաժեշտ օգտակար նյութերի համար։

Անհրաժեշտ խոլեստերինի հիմնական մասը գոյանում է լյարդում (մոտ 80%), մնացածը` բարակ աղիում և այլ օրգաններում։ Իսկ մոտ 10 տոկոսը ներմուծվում է սննդամթերքի հետ։

Կարդացեք նաև

Խոլեստերինն առավել շատ է լյարդում, կա երիկամներում և մակերիկամներում, սեռական գեղձերում (հորմոններում)։ Մոտ 8% խոլեստերին է պարունակում ուղեղի խիտ նյութը։ Խոլեստերինն անհրաժեշտ է D շարքի վիտամինների գոյացման, հետևաբար` կալցիումի և ֆոսֆորի բնականոն փոխանակման համար։

Խոլեստերինի անմիջական մասնակցությամբ են մակերիկամներում գոյանում կորտիզոլ, կորտիզոն ալդոստերոն, իսկ սեռական գեղձերում` իգական (էստրոգեն, պրոգեստերոն) և արական (տեստոստերոն) հորմոնները։
Վերջերս հրապարակված հաղորդագրություններում կարծիք է հայտնվել, որ խոլեստերինը մեծապես նպաստում է մարդու ինտելեկտուալ զարգացմանը։

Արդյո՞ք գոյություն ունի «լավ» և «վատ» խոլեստերին
Մարդու օրգանիզմում պարունակվող խոլեստերինի 10 %-ը գտնվում է արյան հոսքի մեջ։ Հարց է առաջանում` ինչպե՞ս է դա կատարվում, եթե խոլեստերինը չի կարող լուծվել արյան մեջ։

Խոլեստերինի շրջանառությունը հնարավոր է դառնում հատուկ ճարպա-սպիտակուցային (ՃՍ) միացությունների միջոցով։ ՃՍ միացությունները լուծվում են արյան պլազմայի մեջ։ Գոյություն ունեն ՃՍ երեք հիմնական տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեսակարար կշռով. Բարձր խտություն ունեցող (ԲԽ ՃՍ), որոնց տրամագիծը 8-10 միլիմիկրոն է, իսկ խոլեստերինի պարունակությունը` մոտ 20%, ցածր խտություն (ԿԽ ՃՍ` 19 մմկն, 40-45%) և շատ ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցներ (21-70 մմկն, 40-45%)։

Ցածր և շատ ցածր ԽՃՍ-ն ապահովում են խոլեստերինի փոխադրումը լյարդից դեպի օրգանիզմի վերջույթների հյուսվածքները։ Եթե դրանց քանակը շատ է, ապա դրանք կարող են ամրապնդվել անոթների պատերի (հատկապես` բորբոքված հատվածների) վրա և խոչընդոտել արյան հոսքը։ ՇՑԽ ՃՍ-ն և ՑԽ ՃՍ-ն ընդունված է անվանել «վատ խոլեստերին», քանի որ դրանք տեսականորեն կարող են դառնալ թրոմբների առաջացման պատճառ։

ԲԽ ՃՍ-ն, ի տարբերություն ՑԽ ՃՍ-ի, չեն տրոհվում և չեն առաջացնում խոլեստերինի բյուրեղիկների նստվածք, դրանք նույնիսկ կարող են «մաքրել» անոթների պատերը։ ԲԽ ՃՍ-ում պարունակվող խոլեստերինն անվանում են «լավ խոլեստերին»։
Վերոգրյալից հասկանալի է, որ խոլեստերինը լինում է միայն մեկ տեսակի, իսկ օրգանիզմին անհրաժեշտ են և ԲԽ և ՑԽ, և ՇՑԽ` խոլեստերինը փոխադրող ՃՍ-ները։

ԲԽ և ՑԽ ճարպասպիտակուցների միջև անընդհատ տեղի է ունենում խոլեստերինի փոխանակում, ընդ որում, վերջինների հոսքը միշտ ուղղված է դեպի ԲԽ ՃՍ-ի կողմը։
Խոլեստերինի յուրացումը կատարվում է բջիջների վրա գոյություն ունեցող հատուկ «զգայարանների» միջոցով, իսկ ավելցուկը` ԲԽ ՃՍ-ի միջոցով արյան հոսքի հետ փոխադրվում է դեպի լյարդը, ուր փոխակերպվում է լեղու թթուների և հեռացվում օրգանիզմից։ Դա տեղի է ունենում առավոտյան 5-7-ը։ Խորհուրդ է տրվում այդ ժամերին ջուր խմել։

Եթե օրգանիզմում ավելանում է «վատ» խոլեստերինի քանակությունը կամ խախտվում է դրա փոխհարաբերակցությունը «լավ» խոլեստերինի նկատմամբ, ապա կարող է առաջանալ աթերոսկլերոզ և այլ հիվանդություններ։

Ինչպես են մաքրվում արյունատար անոթների պատերը
Մարդու օրգանիզմում անընդհատ տեղի է ունենում բջիջների բաժանում. հին` իրենց դարն ապրած բջիջները տրոհվում են, և առաջանում է նստվածք, որը պետք է ինչ-որ ձևով լուծվի և հեռացվի արյան հոսքի հետ։ Նստվածքում կան և խոլեստերինի բյուրեղիկներ, և այլ նյութեր։ «Լավ» խոլեստերինը դժվար թե կարողանա կատարել անոթների մաքրման ֆունկցիան։

Ինչպես արդեն նշեցինք, խոլեստերինը միշտ առկա է բջջի միջուկը շրջապատող թաղանթի մեջ, և հետևաբար` այն կա նաև արյունատար անոթների վրա, ինչը բնական երևույթ է։ Հայտնի է, որ ընդհանուր խոլեստերինի քանակն արյան մեջ պետք է լինի 150 մգ-240 մգ` մեկ դեցիլիտր արյան մեջ, սակայն որևիցե եղանակով հնարավոր չէ պարզել, թե որքան խոլեստերին կա հյուսվածքներում։

Խոլեստերինի լուծման համար անհրաժեշտ է թթվային միջավայր. Ցանկացած բուժքույր կբացատրի մեզ, որ արյան մեջ երբևիցե թթուներ չեն հայտնաբերվում, և դա ճիշտ է։ Այժմ վերհիշենք, թե ինչպես են օրգանիզմում թթուներ առաջանում։ Ենթաստամոքսային գեղձում գոյանում է «լիպազ» ֆերմենտը, որը տրոհում է ճարպերը։ Ճարպի տրոհման արդյունքում առաջանում են գլիցերին և ճարպաթթուներ։ Ճարպաթթուներն անցնում են արյան մեջ և կրկին տրոհվելով` փոխակերպվում են քացախի, իսկ անջատված էներգիան անհրաժեշտ է սրտի և այլ մկանների ամրացման համար (տեղի է ունենում բջիջների լիցքավորում)։ Լիպազան «աշխատում» է ոչ միայն 12-մատնյա աղիում, այլ նաև առկա է բերանում` թքի և արյան մեջ, հնարավոր է` նաև հյուսվածքներում։

Տարիքի հետ նվազում է լիպազայի գոյացումը և, բնականաբար, զարգանում է աթերոսկլերոզը։

Հանա Ադոլֆ Քրեբսին (Մեծ Բրիտանիա, 1900-1981 թթ.) 1953թ. շնորհվեց Նոբելյան մրցանակ։ Մեծ հաշվով, գիտնականը ցույց էր տվել, թե ինչ փոխակերպումների են ենթարկվում մեր օրգանիզմում սննդամթերքի հետ ներմուծված ածխաջրերը, ճարպերը, սպիտակուցները և այլ նյութերը։ Ըստ Քրեբսի` քացախաթթու է առաջանում ոչ միայն ճարպերի, այլ նաև սպիտակուցների և ածխաջրերի յուրացման ընթացքում։
Այն, որ, օրինակ, խնձորի քացախն իրոք մաքրում է արյունը, վաղուց ի վեր հայտնի է (տե՛ս, «168 Ժամ», «Խնձորի քացախը կանխարգելում է ծերացումը»), ընդ որում, նաև հայտնի է, որ այն լուծում է անոթներում կուտակված` իրենց դարն ապրած բջիջների մնացորդները, որոնց մեջ, անշուշտ, նաև խոլեստերինի բյուրեղիկներ կան։

Աղի և շաքարի ազդեցությունը խոլեստերինի մակարդակի վրա
Մարդու ստամոքսում յուրաքանչյուր օրվա ընթացքում գոյանում է մինչև 5 լ աղաթթու, որի փոքր մասը պետք է` սննդամթերքը մարսելու, իսկ մնացածն անհրաժեշտ է իրենց դարն ապրած` տրոհված բջիջների նստվածքը լուծելու համար։ Տարեց մարդկանց մոտ մի քանի անգամ նվազում է աղաթթվի գոյացումը, ինչի հետևանքով զարգանում է աթերոսկլերոզը։

Ինչպես և քացախաթթվի դեպքում, հարց է առաջանում. Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե արյան պլազմայում երբևիցե թթուներ չեն հայտնաբերվում։ Փորձենք վերհիշել, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում սպիտակուցները. Դրանք ամինաթթուներից բաղկացած միացություններ են, որոնց մեջ կան ազատ տարածություններ, և հնարավոր է, որ թթուները փոխադրվեն ճարպասպիտակուցների միջոցով։

Վերջերս հայտնաբերվել է, որ ՑԽ ՃՍ-ն ունեն հակաուռուցքային հատկություններ, դրանք մաքրում են արյունը մի շարք պաթոգեն բակտերիաներից և թույներից։ Վերհիշենք, որ փայծաղի կարևորագույն ֆունկցիաներից մեկը նույնպես արյունը մաքրելն է, իսկ փայծաղն ունի սպունգանման կառուցվածք։
Ա. Ամասիացին գրել է. «Շատ աղ ուտելու դեպքում արյունը կչորանա, սերմնարտադրությունը կնվազի։ Աղը վնաս է ուղեղի, աչքերի և թոքերի համար։ Ամենից լավը ուրցի հետ օգտագործելն է»։ Սերմնարտադրությունը կարող է նվազել նաև խոլեստերինի սակավության դեպքում, իսկ ուղեղի պինդ զանգվածում մոտ 8% խոլեստերին է պարունակվում։

Ուրց և աղ։ Այսօր արդեն հայտնի է, որ 100 գ չոր ուրցի մեջ պարունակվում է 6-7 անգամ շատ սալիցիլաթթու, քան մարդու օրգանիզմի մեկ օրվա պահանջարկն է, իսկ սալիցիլաթթուն կանխարգելում է թրոմբների առաջացումը։ Ուրեմն ի՞նչ կարող էր նկատի ունենալ Ամիրդովլաթ Ամասիացին, երբ խորհուրդ էր տալիս օգտագործել աղն ուրցի հետ։ Հայտնի է, որ երբ աղը (NaCl) լուծվում է ստամոքսում, առաջանում է աղաթթու (HCl)։ Խորհուրդ է տրվում օրը 5-6 անգամ, ուտելուց կես ժամ հետո լեզվի վրա դնել կեսական գրամ աղ և կուլ տալ, երբ լուծվի։

Շաքարը չարաշահելու դեպքում պատկերը տրամագծորեն այլ է։ Այն բավականին արագ է անցնում արյան մեջ, և, քանի որ առաջացնում է արտահայտված ալկալային բնույթ ունեցող լուծույթ, ապա չեզոքացնում է աղաթթուն, և այն չի հասնում անոթների պատերին։ Արդյունքում` առաջանում են չլուծված` հին տրոհված բջիջների նոր շերտեր, որոնք իրենց հերթին` ներքաշում են արյան հոսքի մեջ գտնվող տարբեր բնույթի վնասակար նյութեր։ Արդյունքում` զարգանում են սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ։

Ա. Ամասիացին խորհուրդ է տվել. «Շաքարի վնասակար ներգործությունը չեզոքացնում է թթու նուռը»։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս